Աշխարհի առաջնութիւն 1/8.

Գերմանիա – Անգլիա` 4:1










Յունիս 27, 2010 20:55
27 Յունիսի, Բլումֆոնտէյն, Ֆրի Սթէյթ ստադիոն
Մրցավար` Խորխէ Լարիոնդա (Ուրուգվայ)
Կլոզէ, 20 (1:0), Պոդոլսկի, 32 (2:0), Ափսոն, 37 (2:1), Միւլլեր, 67, 70 (3:1, 4:1)
Վերջապէս, աշխարհի առաջնութիւնում կայացաւ լիարժէք, այս կարգի մրցաշարին արժանի հանդիպում: Եւ, այդ խաղում անհաւանական ձախողմամբ պարտութիւն կրեց Անգլիայի հաւաքականը: Գերմանիան յաղթեց 4:1 հաշւով: Այդ յաղթանակում մասնակցութիւն ունեցաւ նաեւ մրցավարի օգնականը, որը չհաշւեց Լեմպարդի գօլը: Սակայն առանց այդ սկանդալային միջամտութեանն էլ գերմանացիներն այսօր աւելի նախընտրելի խաղ ցուցադրեցին եւ յաղթեցին մեծ առաւելութեամբ:
Արդէն առաջին խաղակէսում Կլոզէն ու Պոդոլսկին ոչ մի շանս չտւեցին անգլիական պաշտպանութեանը եւ հաշիւը դարձրին 2:0: Մինչեւ ընդմիջում անգլիացիները կրճատեցին հաշւի տարբերութիւնը. Ափսոնը գրաւեց գրեթէ դատարկ դարպասը: Անմիջապէս դրանից յետոյ Լեմպարդը գրաւեց դարպասը, գնդակը հորիզոնական դարպասաձողից յայտնւեց դարպասային գծի հետեւում, սակայն մրցավարը դա չնկատեց:
Իսկ արդէն երկրորդ խաղակէսում դուբլի հեղինակ դարձաւ Թոմաս Միւլլերը: Գերմանիայի հաւաքականը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ եւ սպասում է Արգենտինա – Մեքզիկա զոյգի յաղթողին:






Լուրեր Հայաստանից - NEWS.am

Մարտահրաւէր iPhone4-ին.
Motorola-ն վերադառնում է
10:12 • 26.06.10
Apple-ի և Google-ի մրցակցութիւնը սմարթֆոնների շուկայում սրւել է ընկերութիւնների կողմից նոր մոդելների թողարկմամբ:
Յունիսի 24-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում սկսւել է Apple-ի նոր` iPhone4 սմարթֆոնների վաճառքը, իսկ սեպտեմբերի վերջին արդէն այն հասանելի կլինի աշխարհի շուրջ 88 երկրում: Միաժամանակ, յունիսի 23-ին Google-ն իր գործընկերներ Motorola-ի և Verizon Wireless-ի հետ համատեղ Android հարթակի հիման վրայ ներկայացրել է Droid սմարթֆոնը:
Droid-ի նախնական տարբերակը iPhone-ին նկատելի մրցակցութիւն էր ապահովել` հիմնականում Verizon օպերատորի ագրեսիւ մարկետինգային արշաւի շնորհիւ: Նոր մոդելն առանձնանում է կատարելագործւած ստեղնաշարով և աւելի հզօր պրոցէսորով: Motorola-ն, իր հերթին, Android-ի ոլորտում զարգացնում է համագործակցութիւնը բջջային հեռախօսների խոշոր արտադրող թայվանական HTC ընկերութեան հետ: Motorola-ն ծրագրում է թողարկել Droid X սմարթֆոն, որը յիշեցնում է HTC Evo-ի յայտնի մոդելը:
Երեք տարի առաջ Motorola-ն բջջային հեռախօսների արտադրութեան ոլորտում 2-րդ առաջատարն էր, մինչդեռ ամերիկեան iSuppli խորհրդատւական ընկերութեան փորձագէտների կարծիքով` այժմ մրցակիցներն ընկերութեանը 8-րդ տեղ են մղել: 2010թ. I եռամսեակում Motorola-ի մատակարարումներն անցեալ տարւայ համեմատ կրճատւել են 41%-ով` մինչև 8,5 միլիոն: Սակայն սմարթֆոնների արտադրութիւնը Motorola-ին հնարաւորութիւն կտայ այս տարի մօտ 13 մլն հեռախօս մատակարարել:
Verizon-ը նպատակ ունի Motorola-ի և HTC-ի հետ համագործակցութեան շնորհիւ դիմակայել AT&T-ի մրցակցութեանը: Ներկայում AT&T-ն ԱՄՆ-ում Apple-ի հետ ունի iPhone-ին աջակցելու բացառիկ պայմանագիր: iPhone4-ի նախնական պատւէրների ընդունման օրւանից մինչ օրս շուրջ 600 հազար հայտ է ստացւել, որի արդիւնքում հայտերի ընդունման համակարգչային ծրագիրը խափանւել է:
Բջջային հեռախօսների համար Android հարթակն ի սկզբանէ մշակւել է համանուն ընկերութեան կողմից և 2005թ. ձեռք բերւել Google-ի կողմից: Այժմ այն համագործակցում է Open Handset Alliance-ի հետ, որի անդամ է նաև Google-ը: 2010 տարեսկզբին Google-ն Android հարթակի վրայ թողարկել է սեփական Nexus One սմարթֆոնը, որը հասանելի է մի շարք օպերատորների ցանցերում, այդ թւում` AT&T-ի և T- Mobile-ի:

Tert.am

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐՒԵԼ

Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐ


Երեւան (Երկիր) - Յունիսի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լէյլի Մոշիրին ստորագրել են «Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Միաւորւած ազգերի կազմակերպութեան մանկական հիմնադրամի միջեւ 2010-2015 թթ. Հայաստանում իրականացւող գործողութիւնների ծրագիրը»:
Գործողութիւնների ծրագիրը նախանշում է ՀՀ կառավարութեան եւ ԵՈՒՆԻՍԵՖ-ի` գալիք վեց տարիների համագործակցութեան ուղղութիւնները, որոնք ուղղւած են Հայաստանում երեխաների եւ կանանց իրավիճակի բարելաւմանը, երեխաների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Փաստաթղթով նախատեսւում է բարեփոխումների իրականացում երեխաների սոցիալական ապահովութեան, նրանց իրաւունքների պաշտպանութեան, յատուկ կրթութեան որակի բարձրացման, անապահով ընտանիքներին եւ երեխաներին առաւել արդիւնաւէտ սոցիալական ծառայութիւնների մատուցման եւ մի շարք այլ ոլորտներում. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատւութեան վարչութիւնը:

Նալբանդեան.–

Հայաստանը բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների յայտարարութիւնը


Յունիս 27, 2010 17:51
Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների ցանկութիւնը եւ հետեւողական ջանքերը աջակցելու Ղարաբաղեան հակամարտութեան կողմերին` մօտեցնելու դիրքորոշումները եւ առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ: Այդ մասին յայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդւարդ Նալբանդեանը՝ մեկնաբանելով նախօրէին Կանադայում՝ «Մեծ Ութնեակի» գագաթաժողովի շրջանակներում Միացեալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների տարածած յայտարարութիւնը:
«Կարեւոր է, որ Կանադայում «Մեծ Ութնեակի» գագաթաժողովի շրջանակներում արւած յայտարարութիւնը, յղում կատարելով 2009 թ. յուլիսի 10 ի Լ'Աքւիլայի յայտարարութեանը կից դրոյթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս յայտարարել էր` որպէս հիմնախնդրի կարգաւորման հիմնարար սկզբունքներ: Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշւի իրաւական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտայայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման ճանաչում, անխափան ցամաքային կապ պէտք է լինի Հայաստանի եւ Արցախի միջեւ եւ պէտք է ապահովւեն անվտանգութեան միջազգային երաշխիքներ»,- նշել է Նալբանդեանը:
Ըստ նախարարի՝ յայտարարութեան մէջ յիշատակւած մադրիդեան առաջարկութիւնների տարրերը եւս մէկ անգամ յիշեցնում են Լ'Աքւիլայի յայտարարութեանը կից մադրիդեան փաստաթղթի հրապարակւած դրոյթները: «Իսկ Հայաստանը դեռ երկու տարի առաջ յայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդեան փաստաթուղթը որպէս բանակցութիւնների հիմք:
Համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդեան առաջարկութիւնների հիման վրայ ընթացող բանակցութիւններում կարեւոր քայլ, եւս մէկ հանգրւան է գրանցւել, յատկապէս ուղիղ10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդիւնքում եւ պայմանաւորւեցին շարունակել բանակցութիւնները հէնց դրա հիման վրայ»,- է Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ու յաւելել. «Գալիք օրերը ցոյց կտան, թէ արդեօք Ադրբեջանը պատրաստ է շարժւել այդ ուղիով, թէ շարունակելու է իր ռազմատենչ կեցւածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»:
Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կոչ էին արել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին արագացնել աշխատանքը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման Հիմնարար սկզբունքների վրայ՝ ձեռնամուխ լինելու Խաղաղ համաձայնագրի կնքմանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ա. Սեկարև.–
Լաւագույն նիւթերի 5 հեղինակ կը մեկնի

Լատվիա և Էստոնիա

Այսօր «Արևելեան գործընկերութիւն. ի՞նչ է այն իրականում նշանակում» թեմայով սեմինարի շրջանակներում, որը լրագրողների համար կազմակերպել են AEPLAC-ը, Կովկասի ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատւիրակութիւնն ու ԵՄ խորհրդատւական խումբը, տեղի ունեցաւ երկրորդ հանդիպումը: AEPLAC-ի ղեկավար Սլեքսէյ Սեկարևը ներկայացրեց յունիսի 5-6-ը կայացած հանդիպման արդիւնքները և այսօրւայ ծրագիրը:
Սեմինարի նպատակն է զարգացնել հայաստանեան լրագրողների կարողութիւնները ԵՄ և Հայաստանի եւրաինտեգրման գործընթացի, յատկապէս Արևելեան գործընկերութեան վերաբերեալ նիւթերի պատրաստման հեռանկարով:
«Լաւագույն նիւթերի առաւելագոյնը 5 հեղինակ կը մեկնի Լատվիա և Էստոնիա ուսումնական այցելութեան: Դա հաւանաբար կը լինի դեկտեմբերի 1-7-ը»,- յայտնեց Ա. Սեկարևը:
Յաւելենք, որ ծրագիրը ներառում է 2 կարողութիւնների` քաղաքական և տնտեսական, զարգացման սեմինար, այցելութիւն համապատասխան հայաստանեան կառոյցներ, ուսումնական այցելութիւն ԵՄ որևէ երկիր, ինչպէս նաև ցանցային համագործակցութիւն:



26.06.2010, 11:54
Aysor.am

Առնէտները սկսել են տներից դուրս մղել Մալաթիա-Սեբաստիայի բնակիչներին


Յունիս 26, 2010 17:39
«Գիշերը քնած էի, ոտքիս վրայ ինչ-որ բան էր շարժւում, խփեցի եւ դմփոց լսեցի գորգի վրայ: Յետոյ պատշգամբում լսեցի վազելու ձայն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում իր գիշերային սարսափը պատմեց Հարաւ-արևմտեան զանգւածի Բ-2 թաղամասի 44 ա շէնքի 34-ամեայ բնակչուհի Աննան, եւ աւելացրեց. «Տանը երեխայ չունենք, կատու, շուն չկայ, մտածեցի ի՞նչը պիտի վազի։ Լոյսը վառեցի, որ դուրս գամ պատշգամբ, պատշգամբի պահարանի վրայ, որտեղ դրւած էին ծաղիկներ, տեսայ առնէտ՝ թմբլիկ, երկար պոչով: Հազիւ հասցրեցի բղաւել եւ դուռը փակեցի»:
Առնէտի հետ անմիջական հանդիպումը շատ էր ցնցել Աննային, նոյնիսկ այնքան, որ բարձր ջերմութեան ազդեցութեան տակ մտածել էր, թէ դա իրեն թւում է: Սակայն, երբ հասկացել էր, որ այդպէս չէ, փորձել էր բռնել: «Առնէտը մնաց պատշգամբում, ոչ մի կերպ չկարողացանք բռնել իրեն, ու ինքը բացարձակ չէր էլ վախենում: Զանգեցի «Ախտահանման կենտրոն»։ Ասացին, որ դնենք տապակած ու մանրացւած հաւ կամ ձուկ, քանի որ առնէտները դրա հոտի վրայ գալիս են: Երբ դրեցինք, այդ «արհեստավարժ» առնէտը գալիս հանգիստ ուտում էր ու գնում: Նոր թակարդ էլ առանք, դա էլ չօգնեց: Երկու հատ թռչուն էր ընկել թակարդի մէջ, եւ դա մեր վրայ ազդեց: Որոշեցինք թակարդը հանել»,- շարունակեց նա: Աննայի խօսքով, առնէտի հախից հնարաւոր եղաւ գալ ուժեղ թոյն դնելուց յետոյ միայն: «Թոյնը ձկան մէջ տեղադրեցի եւ դրեցի պատշգամբում։ Հազիւ էր առնէտը կերել «խորտիկը», սկսեց ուժեղ ցնցւել։ Ցնցւում էր, ջարդում պատշգամբի ծաղիկները եւ միանգամից ձայնը կտրւեց: Ներքեւի հարեւանը եկաւ եւ ասաց, որ մեր առնէտն իջել է իրենց տուն: 8-րդ յարկից պատշգամբով առնէտը իջել էր 7-րդ յարկ ու այնտեղ էլ սատկել: Հարեւանները նրան տոպրակով վերցրել էին ու շպրտել: Հազիւ պրծանք այդ առնէտից»,-շարունակեց մեր զրուցակիցը:
Աննան, սակայն, Հարաւ-արեւմտեան զանգւածում բնակւող միակ մարդը չէ, ով ստիպւած էր անցնել առնէտների ոդիսականով: Բ-2 թաղամասի Րաֆֆու 93 հասցէի բնակիչ տիկին Գեղեցիկը եւս դժգոհում է շէնքում եղած առնէտներից:
«Նստած բուրդ էի ծեծում, դուռս մի քիչ կիսաբաց էր, վայ, ասացի, հիմա առնէտները կգան, արագ-արագ դուռը փակեցի, մէկ էլ բացեցի նայեցի, մի մեծ առնետ եկաւ, աստիճաններով իջաւ գնաց, ու էնքա՜ն էլ հանգիստ: Ո՛չ վախենում են, ո՛չ էլ..., մի խօսքով՝ մարդկանց բանի տեղ չեն դնում»,- պատմեց տիկին Գեղեցիկը՝ ցոյց տալով կոյուղու խողովակը եւ յաւելելով, որ այդտեղ շատ առնէտներն են լինում եւ դրա վրայով բարձրանում են վերեւ ու իջնում: Նրանք նոյնիսկ կրծել էին խողովակի վրայի մէկուսիչ շերտը:
«Գիշերն իրենց համար հանգիստ ման են գալիս, էս տարածքն ամբողջութեամբ իրենցն է, ու կատուները մի կողմ կանգնած նայում են: Նախկինում կատուներից վախենում էին, հիմա իսկի պէտքներն էլ չի»,- շարունակում է բնակելի շէնքի 2-րդ յարկի բնակչուհին: Զրոյցին միացած տիկին Գեղեցիկի դուստրն էլ՝ Աստղիկը, դժգոհեց, որ շէնքում չաղ եւ յամառ առնէտներ են շրջում: Իսկ հարեւանուհին՝ տիկին Խանումն էլ դժգոհեց, որ առնէտների պատճառով չեն կարողանում տան դռները բաց թողնել՝ բնակարանը օդափոխելու համար:
Առնէտների ներկայութիւնը բնակելի շէնքերում բարդացնում է նաեւ Հարաւ Արեւմտեան Ա-2 թաղամասի բնակիչների կեանքը: Անդրանիկի 10/ 2 շէնքում ապրող Սաթինեն ասաց, որ երբեմն վերելակի մօտ հանդիպում է առնէտների: Սակայն նաեւ նշեց, որ առնէտները շէնքում այդքան էլ շատ չեն, ինչպէս մէկ տարի առաջ էր:
Հետաքրքրական է, որ բնակիչների մի մասը շէնքում առնէտների գոյութիւնը պայմանաւորում է աղբի կուտակմամբ: Միւս մասն էլ պնդում է, որ աղբը յաճախ են տեղափոխում, եւ դժւար թէ դրանով պայմանաւորւած լինի:
Իսկ Առողջապահութեան նախարարութեան՝ առնէտների ոչնչացմամբ զբաղւող «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ տնօրէն Մելս Պօղոսեանը NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում առնէտների բազմաքանակութիւնը բնակելի շէնքերում պայմանաւորեց ոչ միայն աղբի կուտակմամբ: «Շքամուտքերը պէտք է փակ լինեն, նկուղային յարկերի պատուհանները պէտք է ցանկապատւած լինեն: Սննդի մնացորդներ պէտք է չլինեն, որովհետեւ դրանք առնէտների համար սնունդ են»,- ասաց նա՝ յաւելելով, որ առնէտները բնութեան եւ կենդանական աշխարհի անբաժանելի մասնիկն են եւ ամենուրէք կան, իսկ դրանց շատ ու քիչ լինելը պայմանաւորւած է շէնքի սանիտարական վիճակով: Առնէտներին ամբողջութեամբ վերացնել հնարաւոր չէ, այլ նրանց քանակը կարելի է նւազեցնել:
Մելս Պօղոսեանն ասաց, որ ընկերութիւնը շէնքերում կրծողասպան միջոցառումներ իրականացնում է համատիրութիւնների հետ պայմանագիր կնքելու միջոցով: Հարաւ-Արեւմտեան Բ-2 թաղամասի 40 շէնքի եւ Ա-1 թաղամասի 4 շէնքերի վիճակով զբաղւող «Լիլի» համատիրութեան նախագահ Մանուկ Մանուկեանը մեր հետ զրոյցում ասաց, որ նրանք պայմանագիր ունեն «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի հետ, եւ ամիսը 3 անգամ բոլոր շէնքերում դեռատիզացիոն աշխատանքեր են իրականացւում:
«Ամէն անգամ փոխւում է դեղանիւթի դոզան, որպէսզի առնէտների իմունիտետը չսովորի դրան: Եթէ դոզան անընդհատ չփոխւի, մի որոշ ժամանակ յետոյ սովորում են եւ իրենց համար դեղերը չաղանալու միջոց են դառնում»,-նշեց Մանուկ Մանուկեանը: Նրա խօսքով, թէեւ դեռատիզացիոն աշխատանքներ իրականացւում են ողջ տարւայ ընթացքում, սակայն եթէ բողոքներ լինում են, համատիրութիւնը ահազանգում է «Ախտահանման կենտրոն», եւ նորից լրացուցիչ աշխատանքեր են կատարւում:
Չնայած այդ ամէնին, շէնքերում առնէտները շարունակում են վխտալ: Համատիրութեան նախագահի համոզմամբ, դա պայմանաւորւած է բնակիչների անտարբերութեամբ:
«Չես կարողանում մարդկանց հասկացնել, որ աղբը պէտք է գցել աղբախցիկ։ Իրենք բերում, դրսում են դնում կամ պատուհաններից են գցում: Դա պէտք է վերացւի, քանի որ կրծողները որտեղ ինչ պատահի ուտում են».-ասաց Մանուկեանը:
Իսկ «Արփի» համատիրութեան նախագահը հետեւեալ կերպ բացատրեց առնէտների «խրախճանքը» շէնքերում. «Միգուցէ առնէտների ոչնչացման համար օգտագործւող դեղերը թո՞յլ են, կամ էլ ժամանա՞կ կայ, որ առնէտները բազմանում են, շատանում են եւ դա էլ նշանակութիւն ունի: Իսկ եթէ դեղերը չդնենք էլ, առնէտները մեզ կուտեն»,- ասաց Սպարտակ Կարապետեանը:
Նշենք, որ առնէտները յատուկ,վտանգաւոր վարակների տարածողներ են: Այս կրծողները փչացնում են սննդամթերքը, շէնքի մալուխները եւ նոյնիսկ կարող են քանդել շէնքի հիմքերը:
Յ.Գ. Թէեւ մենք անդրադարձանք միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հարաւ Արեւմտեան թաղամասին, սակայն կարելի է ասել, որ առնէտների խնդիրը առկայ է բոլոր համայնքերում: Վերջերս մեր խմբագրութիւնը բողոքներ ստացաւ նաեւ Կենտրոն համայնքի բնակիչներից:

Նւարդ Յովհաննիսեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Տաթևի ճոպանուղու նստելավարձը
եւրոպականից էժան կը լինի


15:58 • 26.06.10
Որոտանի կիրճում կառուցւող՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղու (երկարութիւնը 5,7 կմ) պաշտօնական բացումը նախատեսւած է այս տարւայ հոկտեմբերի կէսին։
Այս մասին այսօր Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստից յետոյ լրագրողներին ասաց խորհրդի յարակից անդամ Արտաշես Կազախեցեանը։ Ըստ նրա, այս ճոպանուղու միջոցով Տաթևի վանքի համալիր հնարաւոր կլինի հասնել 10 րոպէում, այնինչ աւտոմեքենայով կպահանջւի 45 րոպէ։ Նա նշեց, որ ճոպանուղին ի սկզբանէ չի դիտարկւել որպէս բիզնես նախագիծ, և դրա ապացոյցն այն է որ կատարւած ներդրումների վերադարձելիութիւնը 75-80 տարի է։ «Հասկանալի է որ այս ներդրումները երբէք չեն վերադարձւի»,-ասաց նա՝ յաւելելով որ ճոպանուղին թէև իր երկարութեամբ եզակի է աշխարհում, այն աւելի շատ նախատեսւած է զբօսաշրջիկներին Տաթևի վանք տեղափոխելու համար։
Ի դէպ, ճոպանուղին լինելու է վճարովի։ Արտաշես Կազախեցեանը չկարողացաւ յստակ ասել, թէ որքան կլինի ճոպանուղու նստելավարձը՝ նշելով, որ դրա մասին կը յայտարարւի աշնանը։ Միևնոյն ժամանակ, նա ասաց, որ ճոպանուղու նստելավարձը կլինի աւելի քիչ, քան Եւրոպայի նմանատիպ ճոպանուղիներում։ Ըստ նրա՝ Եւրոպայում ճոպանուղու նստելավարձը սկսում է 20 եւրոյից։Ազգային մրցունակութեան հիմնադրամի տնօրէն Բեկոր Փափազեան էլ նշեց, որ ճոպանուղու կառուցման համար կատարւելու են ընդհանուր առմամբ 13 մլն դոլարի ներդրումներ։ Ըստ նրա, նախատեսւում է ճոպանուղու շահագործման հետ մէկտեղ աարտել Տաթևի վանքի համալիրի տարածքում առկայ ձիթարանի վերանորոգումը, որտեղ նախկինում արտադրւում էր կտավատի ձէթ։ Փափազեանը նշեց, որ նախատեսւում է վերականգնել ձէթի արտադրութեան աւանդական տեխնոլոգիական շղթան և զբօսաշրջիկներին ցուցադրել թէ ինչպէս է նախկինում արտադրւել կտավատի ձէթը։
Ճոպանուղին կառուցւում է «Տաթևի վանք. վերածնունդ և զարգացում» ծրագրի $20 մլն արժողութեամբ առաջին փուլի շրջանակում, որի հիմնական նպատակներից է նաև Տաթևի վանքի վերականգնումը: Այս ծրագիրն իրականացւում է Ռուբէն և Վերոնիկա Վարդանեանների ընկերների հիմնադրամի միջոցներով։ Վանքի վերանորոգման համար նախատեսւած է առաջին փուլում ծախսել 6 մլն դոլար։ Բացի վերոնշեալ $20 մլն գումարից, անհրաժեշտ է ևս 20-25 մլն դոլար ներգրաւել, որպէսզի մի շարք այլ ծրագրեր նոյնպես կեանքի կոչւեն, մասնաւորապէս, բարեկարգւի և պատշաճ տեսքի բերւի «Սատանի կամուրջ» բնական յուշարձանը, «Մեծ անապատ» մենաստանը և այլն:

Tert.am

Մեդվեդեւը, Օբաման եւ Սարկոզին կոչով դիմել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին


Յունիս 26, 2010 23:43
Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները, հանդիպելով Կանադայում Յունիսի 26-ին՝ «Մեծ ութնեակի» գագաթնաժողովի շրջանակներում, համատեղ յայտարարութիւն են ընդունել Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ:
Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին արագացնել աշխատանքը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման Հիմնարար սկզբունքների վրայ՝ ձեռնամուխ լինելու Խաղաղ համաձայնագրի կնքմանը:
«Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին անհրաժեշտ է եւս մէկ քայլ կատարել եւ աւարտել աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրայ՝ ձեռնամուխ լինելու Խաղաղ համաձայնագրի կնքմանը»,- ասւած է յայտարարութեան մէջ:
Երեք նախագահները յանձնարարել են նախարարներին եւ միջնորդներին «շարունակել ակտիւ աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին Ալմաթայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտօնական հանդիպումից առաջ տարաձայնութիւնների յաղթահարման համար»: Ինչպէս հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հաստատել են իրենց պարտաւորութիւնը՝ աջակցութիւն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին նրանց կողմից կարգաւորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման համար:
Յայտարարութեան մէջ նշւում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «որպէս կարեւոր քայլ են դիտարկում երկու կողմերից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգաւորումը պէտք է հիմնւած լինի մի շարք սկզբունքների վրայ, մասնաւորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձման, Լեռնային Ղարաբաղի համար միջանկեալ կարգավիճակի, անվտանգութեան եւ ինքնավարութեան երաշխիքների ապահովման, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն իրար կապող միջանցքի սկզբունքների վրայ»:
Այդ սկզբունքների շարքում նշւած են նաեւ Լեռնային Ղարաբաղի ապագայ վերջնական իրաւական կարգավիճակի յստակեցումը «նրա բնակչութեան՝ իրաւական ուժ ունեցող կամ արտայայտման միջոցով, բոլոր փախստականների՝ իրենց տները վերադառնալու իրաւունքը, անվտանգութեան միջազգային երաշխիքները՝ ներառեալ խաղաղարար առաքելութիւնը»:
Նշենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Ժամանակակից աշուղները` համերգային ծրագրով


Ժամանակակից աշուղների արւեստին երաժշտասէրները կարող են ունկնդիր դառնալ Յուլիսի 1-ին Արամ Խաչատրեանի անւան համերգասրահում:
Ինչպէս լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց համերգի կազմակերպիչ, «Սայեաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարւեստական ղեկավար, երգիչ Թովմաս Պօղոսեանը` համերգը կրում է «Մեր ժամանակի աշուղները» խորագիրը:
Տեղեկացնենք, որ համերգն իրականացւում է ՀՀ մշակոյթի նախարարութեան և «Սայեաթ-Նովա» մշակութային միութեան կողմից: Ժամանակակից Հայ աշուղների մասնակցութեամբ տեղի ունեցող համերգի գործիքային մասի ղեկավարն է ՀՀ վաստակաւոր արտիստ, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը:
«Եթէ դուք գաք համերգասրահ, կհամոզւէք, թէ ինչ մղումներով են մարդիկ գալիս, դահլիճները լեցո՞ւն են, թե՞ դատարկ»,- հակադարձեց Թ. Պօղոսեանը` ի պատասխան այն հարցին, թէ արդեօ՞ք հասարակութեան մէջ մեծ է պահանջը աշուղական արւեստի նկատմամբ:
Թ. Պօղոսեանը համոզւած է, որ Հայ հասարակութիւնը կարիք ունի աշուղական արւեստի, սակայն համերգներ կազմակերպելու և աշուղական արւեստը լայն շրջանակներին հասու դարձնելու համար անհրաժեշտ է պետական ու մշակութային քաղաքականութիւն:
«19-րդ դարի վերջերին արդէն խօսում էին այն մասին, որ Ջիվանին վերջին Հայ աշուղն է, 20-րդ դարասկզբին ասում էին` Շերամով փակւում է Հայ աշուղական արւեստի գիրքը, սակայն 20-րդ դարասկզբին մենք ունեցանք 3 հսկաներ` Հաւասի, Աշոտ, Շահէն և բազմաթիւ այլ տաղանդաւոր աշուղներ, չնայած նորից յայտնւեցին մարդիկ, ովքեր կարծում էին, որ աշուղական արւեստն իր դարն ապրեց և աւարտւում է Հաւասիով, Աշոտով ու Շահէնով»,- խօսելով աշուղական արւեստի հետագայ զարգացմն հնարաւորութիւնների մասին` պատմեց Թ. Պօղոսեանն ու յաւելեց.
«Ինչպէս մեր ժողովուրդը տեղեակ է, այսօր էլ ունենք աշուղներ, որոնց երգերը սիրւած ու ճանաչւած են և ունենք երիտասարդ սերնդի աշուղներ, որոնք հայ աշուղական արւեստի վաղւայ օրն են»:
Այս առիթով երգիչը նշեց նաև, որ, օրինակ, Ջիվանու անւան աշուղական դպրոցում սովորում է 200 հոգի:


ԱՅՍՕՐ, 15:37
Aysor.am

Հայաստանը շարժւում է այլ ուղղութեամբ,


աշխարհն՝ այլ




Յունիս 26, 2010 16:22
Միջազգային շուկայում Հայաստանի համար ձեւաւորւած է բացառիկ բարենպաստ գնային միջավայր։ Արտահանման նշանակութււն ունեցող հումքային ապրանքների գները բարձր մակարդակի վրայ են, իսկ հիմնական ներմուծւող ապրանքների առումով միջազգային շուկայում նկատւում է կամ գնի նւազում, կամ կայունացում։
Այսպէս՝ պղնձի 1 տոննայի գինը կայուն բարձր է 6000 դոլարից, այն միայն մայիսի կէսերին իջաւ 7000 դոլարից։ Մի քանի ամսում մօտ 10 անգամ թանկացել է մոլիբդենը՝ գերազանցելով նոյնիսկ նախաճգնաժամային մակարդակը։ Գաղտնիք չէ, որ այս հումքատեսակները Հայաաստանի արտաքին առեւտրի հաշւէկշռում ունեն բացառիկ դերակատարում՝ ապահովելով մեր արտահանման մօտ 40 տոկոսը։
Փոխարէնը միջազգային շուկայում նւազում են մի շարք կարեւորագոյն պարէնային ապրանքատեսակների գները։ Ցորէնի գինը հասել է 2006 թ. յետոյ իր նւազագոյն նիշին՝ տատանւելով 1 բուշելի համար 4-5 դոլարի սահմաններում։ Զգալի նւազել են եգիպտացորէնի, բրնձի եւ սոյայի գները։ Շաքարաւազի գինը նոյնպէս ռեկորդային ցածր մակարդակի վրայ է՝ 2009 թ. դոկտեմբերի համեմատ, գրանցելով գնի մօտ 50 տոկոս անկում։ Այս գնանկումների շնորհիւ խոշոր ներմուծողները կը կարողանան տնտեսել մօտ 100 միլիոն դոլար։ Սակայն սպառողներին դա չի վերաբերում՝ միջազգային շուկայում գնային այդ անկումները Հայաստանի ներքին գնային միջավայրի վրայ համարեա չեն զգացւում։ Ալիւրի եւ հացի գնի նւազում համարեա չկայ, իսկ շաքարաւազի մօտ 8 տոկոս գնանկումը բնաւ համարժէք չէ միջազգային շուկայի զարգացումներին։
Սակայն նոյնիսկ այս բարենպաստ ֆոնի ներքոյ Հայաստանի արտաքին առեւտրի հաշւէկշիռը շարունակում է վատանալ։ 2010 թ. Յունւար-մայիսին, նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ, արտահանումը աւելացել է 144 մլն դոլարով, իսկ ներմուծումը՝ 320 մլն դոլարով։ Արտաքին առեւտրի բացասական հաշւէկշիռը գերազանցում է ՀՆԱ-ի 40 տոկոսը, որով մենք կարող ենք յաւակնել տեղ զբաղեցնելու Գինեսի ռեկորդների գրքում։
Տեսականօրէն, արտաքին առեւտրի հաշւէկշռի նման վատթարացման հետեւանքով հայկական դրամը պէտք է արժեզրկւէր, որպէսզի ներքին շուկայի համար պաշտպանւածութեան ինչ-որ մեխանիզմներ առաջանային։ Բայց, ընդհակառակը, այն շարունակում է արժեւորւել, եւ եթէ Կենտրոնական բանկի ջանքերը չլինէին, դոլարի փոխարժէքը հիմա կիջներ 350 դրամից ցածր։ Սակայն ԿԲ-ն սկսել է շուկայից հաւաքել աւելորդ դոլարները՝ փոխարժէքը մի կերպ ֆիքսելով 369-ի վրայ։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայկական շուկայում զարգացումները չեն համապատասխանում տնտեսագիտութեան դասագրքային տրամաբանութեանը։ Պատճառները բազմաթիւ են, պէտք է հաշւի առնել նաեւ շուկայի կառավարելիութեան բարձր մակարդակը։ Այսօր բանկային համակարգը դոլարային հսկայական աւելցուկ ունի, որն առաջացել է անցեալ տարի՝ երբ փոխարժէքը ֆիքսւած պահելու համար ԿԲ-ն մօտ 600 մլն դոլար նետեց շուկայ։ Հիմա արտարժոյթի այդ վիթխարի զանգւածը ճնշում է առաջացրել ֆինանսական շուկայի վրայ, որն իր փոքր չափերի պատճառով ունակ չէ կարճաժամկէտ կտրւածքով մարսել մեծ ծաւալներ։ Այդ պատճառով էլ բանկերի ընթացիկ քաղաքականութիւնն այսօր աւելի մեծ ազդեցութիւն ունի փոխարժէքի վրայ, քան վճարային հաշւէկշռի փոփոխութիւնը, այնինչ պէտք է հակառակը լիներ։ Իսկ քանի դեռ նման անոմալիաները պահպանւում են, հազիւ թէ կարելի է ակնկալել տնտեսական իրավիճակի որակական բարելաւում։

Սամւէլ Աւագեան


Լուրեր Հայաստանից - NEWS.am