Ժամանակակից աշուղները` համերգային ծրագրով


Ժամանակակից աշուղների արւեստին երաժշտասէրները կարող են ունկնդիր դառնալ Յուլիսի 1-ին Արամ Խաչատրեանի անւան համերգասրահում:
Ինչպէս լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնեց համերգի կազմակերպիչ, «Սայեաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարւեստական ղեկավար, երգիչ Թովմաս Պօղոսեանը` համերգը կրում է «Մեր ժամանակի աշուղները» խորագիրը:
Տեղեկացնենք, որ համերգն իրականացւում է ՀՀ մշակոյթի նախարարութեան և «Սայեաթ-Նովա» մշակութային միութեան կողմից: Ժամանակակից Հայ աշուղների մասնակցութեամբ տեղի ունեցող համերգի գործիքային մասի ղեկավարն է ՀՀ վաստակաւոր արտիստ, կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրը:
«Եթէ դուք գաք համերգասրահ, կհամոզւէք, թէ ինչ մղումներով են մարդիկ գալիս, դահլիճները լեցո՞ւն են, թե՞ դատարկ»,- հակադարձեց Թ. Պօղոսեանը` ի պատասխան այն հարցին, թէ արդեօ՞ք հասարակութեան մէջ մեծ է պահանջը աշուղական արւեստի նկատմամբ:
Թ. Պօղոսեանը համոզւած է, որ Հայ հասարակութիւնը կարիք ունի աշուղական արւեստի, սակայն համերգներ կազմակերպելու և աշուղական արւեստը լայն շրջանակներին հասու դարձնելու համար անհրաժեշտ է պետական ու մշակութային քաղաքականութիւն:
«19-րդ դարի վերջերին արդէն խօսում էին այն մասին, որ Ջիվանին վերջին Հայ աշուղն է, 20-րդ դարասկզբին ասում էին` Շերամով փակւում է Հայ աշուղական արւեստի գիրքը, սակայն 20-րդ դարասկզբին մենք ունեցանք 3 հսկաներ` Հաւասի, Աշոտ, Շահէն և բազմաթիւ այլ տաղանդաւոր աշուղներ, չնայած նորից յայտնւեցին մարդիկ, ովքեր կարծում էին, որ աշուղական արւեստն իր դարն ապրեց և աւարտւում է Հաւասիով, Աշոտով ու Շահէնով»,- խօսելով աշուղական արւեստի հետագայ զարգացմն հնարաւորութիւնների մասին` պատմեց Թ. Պօղոսեանն ու յաւելեց.
«Ինչպէս մեր ժողովուրդը տեղեակ է, այսօր էլ ունենք աշուղներ, որոնց երգերը սիրւած ու ճանաչւած են և ունենք երիտասարդ սերնդի աշուղներ, որոնք հայ աշուղական արւեստի վաղւայ օրն են»:
Այս առիթով երգիչը նշեց նաև, որ, օրինակ, Ջիվանու անւան աշուղական դպրոցում սովորում է 200 հոգի:


ԱՅՍՕՐ, 15:37
Aysor.am

0 Պատգամ: