Հայաստանը շարժւում է այլ ուղղութեամբ,


աշխարհն՝ այլ




Յունիս 26, 2010 16:22
Միջազգային շուկայում Հայաստանի համար ձեւաւորւած է բացառիկ բարենպաստ գնային միջավայր։ Արտահանման նշանակութււն ունեցող հումքային ապրանքների գները բարձր մակարդակի վրայ են, իսկ հիմնական ներմուծւող ապրանքների առումով միջազգային շուկայում նկատւում է կամ գնի նւազում, կամ կայունացում։
Այսպէս՝ պղնձի 1 տոննայի գինը կայուն բարձր է 6000 դոլարից, այն միայն մայիսի կէսերին իջաւ 7000 դոլարից։ Մի քանի ամսում մօտ 10 անգամ թանկացել է մոլիբդենը՝ գերազանցելով նոյնիսկ նախաճգնաժամային մակարդակը։ Գաղտնիք չէ, որ այս հումքատեսակները Հայաաստանի արտաքին առեւտրի հաշւէկշռում ունեն բացառիկ դերակատարում՝ ապահովելով մեր արտահանման մօտ 40 տոկոսը։
Փոխարէնը միջազգային շուկայում նւազում են մի շարք կարեւորագոյն պարէնային ապրանքատեսակների գները։ Ցորէնի գինը հասել է 2006 թ. յետոյ իր նւազագոյն նիշին՝ տատանւելով 1 բուշելի համար 4-5 դոլարի սահմաններում։ Զգալի նւազել են եգիպտացորէնի, բրնձի եւ սոյայի գները։ Շաքարաւազի գինը նոյնպէս ռեկորդային ցածր մակարդակի վրայ է՝ 2009 թ. դոկտեմբերի համեմատ, գրանցելով գնի մօտ 50 տոկոս անկում։ Այս գնանկումների շնորհիւ խոշոր ներմուծողները կը կարողանան տնտեսել մօտ 100 միլիոն դոլար։ Սակայն սպառողներին դա չի վերաբերում՝ միջազգային շուկայում գնային այդ անկումները Հայաստանի ներքին գնային միջավայրի վրայ համարեա չեն զգացւում։ Ալիւրի եւ հացի գնի նւազում համարեա չկայ, իսկ շաքարաւազի մօտ 8 տոկոս գնանկումը բնաւ համարժէք չէ միջազգային շուկայի զարգացումներին։
Սակայն նոյնիսկ այս բարենպաստ ֆոնի ներքոյ Հայաստանի արտաքին առեւտրի հաշւէկշիռը շարունակում է վատանալ։ 2010 թ. Յունւար-մայիսին, նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատ, արտահանումը աւելացել է 144 մլն դոլարով, իսկ ներմուծումը՝ 320 մլն դոլարով։ Արտաքին առեւտրի բացասական հաշւէկշիռը գերազանցում է ՀՆԱ-ի 40 տոկոսը, որով մենք կարող ենք յաւակնել տեղ զբաղեցնելու Գինեսի ռեկորդների գրքում։
Տեսականօրէն, արտաքին առեւտրի հաշւէկշռի նման վատթարացման հետեւանքով հայկական դրամը պէտք է արժեզրկւէր, որպէսզի ներքին շուկայի համար պաշտպանւածութեան ինչ-որ մեխանիզմներ առաջանային։ Բայց, ընդհակառակը, այն շարունակում է արժեւորւել, եւ եթէ Կենտրոնական բանկի ջանքերը չլինէին, դոլարի փոխարժէքը հիմա կիջներ 350 դրամից ցածր։ Սակայն ԿԲ-ն սկսել է շուկայից հաւաքել աւելորդ դոլարները՝ փոխարժէքը մի կերպ ֆիքսելով 369-ի վրայ։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայկական շուկայում զարգացումները չեն համապատասխանում տնտեսագիտութեան դասագրքային տրամաբանութեանը։ Պատճառները բազմաթիւ են, պէտք է հաշւի առնել նաեւ շուկայի կառավարելիութեան բարձր մակարդակը։ Այսօր բանկային համակարգը դոլարային հսկայական աւելցուկ ունի, որն առաջացել է անցեալ տարի՝ երբ փոխարժէքը ֆիքսւած պահելու համար ԿԲ-ն մօտ 600 մլն դոլար նետեց շուկայ։ Հիմա արտարժոյթի այդ վիթխարի զանգւածը ճնշում է առաջացրել ֆինանսական շուկայի վրայ, որն իր փոքր չափերի պատճառով ունակ չէ կարճաժամկէտ կտրւածքով մարսել մեծ ծաւալներ։ Այդ պատճառով էլ բանկերի ընթացիկ քաղաքականութիւնն այսօր աւելի մեծ ազդեցութիւն ունի փոխարժէքի վրայ, քան վճարային հաշւէկշռի փոփոխութիւնը, այնինչ պէտք է հակառակը լիներ։ Իսկ քանի դեռ նման անոմալիաները պահպանւում են, հազիւ թէ կարելի է ակնկալել տնտեսական իրավիճակի որակական բարելաւում։

Սամւէլ Աւագեան


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: