Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի
նախարարութեան յայտարարութիւնը
Արդարադատութեան Միջազգային դատարանը ս. թ. յուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրաւաբանօրէն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրաւունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրաւունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թւում' տարածքային ամբողջականութեան սկզբունքը:
Այդ որոշումն ունի չափազանց կարևոր իրաւական, քաղաքական ու բարոյական, ինչպէս նաև համընդհանուր նախադէպային նշանակութիւն և իր տարածմամբ չի կարող սահմանափակւել լոկ Կոսովոյի օրինակով:
Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետութիւն ստեղծելու իր իրաւունքը, ստիպւած է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպւած ռազմական ագրեսիային, որի հետևանքով հազարաւոր մարդիկ զոհւեցին, տասնեակ հազարաւորը տեղահանւեցին և դարձան փախստականներ: Այդ գործողութիւնները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրութեան կողմից:
Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետութիւն՝ այն դարձնելով Հարաւային Կովկասում տարածաշրջանային անվտանգութեան համակարգի բաղկացուցիչ մասը:
Արցախի ժողովրդի՝ իր սեփական պետութիւնն ունենալու և կառուցելու, ինչպէս նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքն, անկասկած, կճանաչւի միջազգային հանրութեան կողմից, քանի որ այն լիովին իրականացւել է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան և հանդիսանում է արդար ու տառապեալ նւաճում:

ԼՂՀ-ն չի նահանջի ներկայ սահմաններից
Յուլիս 24, 2010 08:45
Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են ընկալում ԼՂ խնդրի «փոխզիջումային լուծումը»: Այս մասին Ստեփանակերտում Յուլիսի 23-ին կայացած ասուլիսում յայտարարել է ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը: Նա ընդգծել է, որ Ստեփանակերտը կներկայացնի իր դիրքորոշումը «փոխզիջումային լուծման» վերաբերեալ այն բանից յետոյ, երբ կդառնայ բանակցային գործընթացի լիիրաւ կողմ:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թէ որն է համարում ԼՂՀ սահմաններ՝ ներկայ փաստացի՞, թէ՞ նախկին ԼՂԻՄ-ի սահմանները, Բակօ Սահակեանը պատասխանել է, որ ասելով ԼՂՀ, ինքը նկատի ունի հանրապետութեան ներկայ փաստացի սահմանները:
«Մենք չենք դիտարկում ԼՂՀ վերջնական կարգավիճակը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում»,- յայտարարել է նա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

«Մայր Թերեզայի քոյրեր»ը Հրաժարւել են հիւանդ

երեխաներից

Հայաստանում մանսաւոր 3 մանկատներում խնամւում է մօտ 240 երեխայ, որոնցից շուրջ յիսունը` «Մայր Թերեզայի քոյրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության կողմից: Կազմակերպութիւնը, որն իր գործունէութիւնը Հայաստանում սկսել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից յետոյ, 2006 թւականին մանկատուն է բացել նաև Երևանում:
Aysor-ի թղթակցի հետ զրոյցում երևանեան կենտրոնի ղեկավար քոյր Էլիզաբեթը յայտնեց, որ այստեղ խնամւում են 29 ծանր հիւանդ երեխայ, որոնցից հրաժարւել են ծնողները:
«Երեխաներն ունեն մշտական խիստ հսկողութեան կարիք, քանի որ հիւանդ են այնպիսի ծանր հիւանդութիւններով, ինչպիսին են հիդրոկեֆալիան, միկրոկեֆալիան, դաունիզմը»,- ասաց քոյր Էլիզաբեթը` վստահեցնելով, որ այստեղ ստեղծւած են բոլոր պայմանները նրանց խնամքի համար: Մանուկներին խնամում են քոյրերն ու նրանց կամաւոր օգնականները, ընդ որում, ըստ միսիոների, վերջիններիս ընտրութեան հարցը շատ խիստ է դրւած:
«Երեխաներին խնամել ցանկացող կամաւորներին մենք ընտրում ենք, նոյնիսկ փորձաշրջան ենք սահմանում` մինչև 3 ամիս: Քոյրերը միշտ այստեղ են և չեն թողնում կամաւորներին միայնակ մնալ երեխաների հետ: Եղել են դէպքեր, երբ կամաւորները չեն կարողացել աշխատել նման ծանր առողջական վիճակում գտնւող մանուկների հետ»,- ասաց քոյր Էլիզաբեթը` վստահեցնելով, որ չորս տարւայ ընթացքում չի եղել որևէ դէպք, որ կամաւորները նոյնիսկ հոգեպէս նեղացնեն մանուկներին:
«Եթէ մենք զգում ենք, որ օգնականները չեն կարողանում նման ծանր վիճակում գտնւող մանուկների հետ աշխատել, մենք նրանց խնդրում ենք հեռանալ այստեղից»,- ասաց նա:
Կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց, որ երեխաների դաստիարակները մասնակցում են նաև պետութեան կողմից անցկացւող վերապատրաստման դասընթացներին և սեմինարներին: Մանուկների առողջական վիճակով զբաղւում են նաև յատուկ մասնագէտներ, լոգոպեդներ, լոգոռիթմիկայի մասնագէտներ: Քոյր Էլիզաբետը նշեց, որ երեխաների հետ խօսում են բացառապէս հայերէն: Նա նաև տեղեկացրեց, որ մանկատան բոլոր սաները մկրտւած են:
«Եթէ երեխան, մինչ մեզ մօտ գալը, մկրտւած չի եղել, մենք անյապաղ մկրտում ենք` հայ կաթոլիկ եկեղեցու ծիսակարգով»,- յայտնեց նա: Թղթակցի այն հարցին, թէ ինչո՞ւ մկրտութիւնը չի իրականացւում Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգով, կաթոլիկ միսիոներուհին ասաց.
«Հայ Առաքելական Եկեղեցու հետնորդ իրենց ծնողները հրաժարւել են իրենցից, իսկ ես նրանց խնամակալն եմ: Բացի այդ` ես չեմ տեսնում տարբերութիւն առաքելական և կաթոլիկ մկրտութեան միջև: Դա արհեստական տարանջատում է, քանի որ մկրտութիւնը միակն է քրիստոնեայ եկեղեցու համար: Իսկ ապագայում երեխաները կարող են իրենք ընտրել, թէ քրիստոնէական որ եկեղեցուն են պատկանում»:
«Շատ յաճախ այստեղ այնպիսի ծանր վիճակում գտնւող երեխաներ են բերում, որ մենք նոյնիսկ չգիտենք, թէ քանի օր նրանք կապրեն: Եղել են դէպքեր, երբ մանուկներին բերել են մեզ մօտ, մենք մկրտել ենք, բայց նրանք մի քանի օրից մահացել են»,- յաւելեց նա: Քոյր Էլիզաբեթը նաև ասաց, որ մանկատանը Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւոր տրամադրելու առաջարկով բազմիցս դիմել են սբ. Էջմիածին, այս հարցը Վեհափառի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է նաև Վատիկանի անունից Կլաուդիօ Գուչերոտտին:
«Մենք խնդրել ենք, որ, եթէ կայ հնարաւորութիւն, մեզ տրամադրւի Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւոր»,- ասաց քոյր Էլիզաբեթը:
24.07.2010, 15:27
Aysor.am

Դաւանանքի ազատութիւնն ու խնամակալութիւնը
ՀՀ Սահմանադրութեան համաձայն` իւրաքանչիւր ոք ազատ է դաւանանքի ընտրութեան հարցում: Երևանի «Մայր Թերեզայի քոյրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպութիւնում գտնւող շուրջ 50 հայ մանուկները մկրտւած են կաթոլիկ ծիսակարգով: Երեխաների համար պատասխանատուները` կենտրոնի քոյրերը, գտնում են, սակայն, որ «որևէ տարբերութիւն չկայ, և ապագայում երեխաները կարող են իրենք ընտրել, թէ քրիստոնէական որ եկեղեցուն են պատկանում»:
«Եթէ մանուկը մկրտւած է որևէ եկեղեցում, որևէ մէկը չի կարող նրան պարտադրել այլ վարդապետութիւն: Գիտակից, հասուն տարիքում է, որ անձը ցանկութեան պարագայում կարող է այլ ընտրութիւն կատարել: Մինչ այդ` նա ունի պատասխանատուներ` ի դէմս իր ծնողների և կնքահօր` իբրև հոգևոր դաստիարակ, ովքեր և փոքրիկի փոխարէն կատարել են ընտրութիւն»,- այս առիթով Aysor-ին յայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլոյ դիւանի պատասխանատու Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը:
Միևնոյն ժամանակ հաւատափոխութեան կամ դաւանափոխութեան առումով Տէր Վահրամ քահանան յայտնեց, որ «հոգեորսութիւնն արգելւում և դատապարտւում է, այսինքն` չի կարող լինել պարտադրանք»:
Երևանի «Մայր Թերեզայի քոյրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպութիւնից վստահեցնում են, որ մկրտւում են այն երեխաները, ովքեր նախքան մանկատուն գալը մկրտւած չեն եղել: Նշենք, որ թէ' Հայ Առաքելական և թէ' Կաթոլիկ եկեղեցիների դաւանանքի համաձայն` կրկնամկրտութիւնն արգելւում է:
Տէր Վահրամ քահանայի խօսքերով` Կաթոլիկ համայնքի կողմից իրականացւած կրկնամկրտութեան դէպքերի մասին Հայ Առաքելական Եկեղեցին որևէ տեղեկատւութիւն չունի, իսկ ընդհանրապէս` կրկնամկրտութեան երևոյթն «ընդունելի չէ ընդհանրական Եկեղեցու համար»:
«Եթէ անձը մկրտւել է որևէ քրիստոնէական եկեղեցու կողմից Սուրբ Երրորդութեան անունով, ապա որևէ այլ քրիստոնէական Եկեղեցի իրաւունք չունի կատարելու կրկնամկրտութիւն: Այն կատարւում է Եկեղեցու կողմից, եթէ մկրտութիւնը լիարժէք չի եղել` համաձայն նշւած պայմանի»,- մանրամասնեց Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը:
Հարկ է նշել, որ Երևանի «Մայր Թերեզայի քոյրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպութիւնից Aysor-ին յայտնեցին, որ իրենք բազմաթիւ անգամ դիմել են Հայ Առաքելական Եկեղեցուն` իրենց հոգևոր սպասաւոր տրամադրելու` համապատասխան ծէսերն իրականացնելու համար, մինչդեռ Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը հաւաստիացնում է, որ իրենք նման առաջարկութիւն չեն ստացել:
«Մի՞գուցէ նրանք դիմել են որևէ համայնքի հոգևոր առաջնորդի: Ամէն դէպքում, մենք նման առաջարկութիւն չենք ստացել»,- մանրամասնեց Տէր Վահրամ քահանան:
Քահանան յայտնեց նաև, որ, օրինակ, Գիւմրիում գործող մանկատան սաների մկրտութիւնները կատարւում են Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասաւորների կողմից, իսկ մանկատան աշխատակիցներն իրենց վրայ են վերցրել կազմակերպչական միջոցառումները:
24.07.2010, 15:41
Aysor.am

The Rolling Stones–ը
հեռանում է. նրանք արդէն շատ ծեր են
19:16 • 24.07.10
The Rolling Stones խումբը մտադիր է մեծամասշտաբ շրջագայութիւն իրականացնել, որը կը դառնայ վերջինը այս լեգենդար խմբի պատմութեան մէջ։ Այս մասին գրում է The Sun–ը՝ վկայակոչելով խմբին մօտ գտնւող իր աղբիւրը։
Ըստ աղբիւրի, բեմից հեռանալու որոշման պատճառը խմբի անդամների տարիքն է. նրանք բոլորն արդէն 60 անց են։ 2011թ. այս խմբի բոլոր անդամների տարիքը միասին կը կազմի 268 տարեկան։ Վոկալիստ Միկ Ջագերն ու կիթառահար Քիթ Ռիչարդզն այժմ 66 տարեկան են, հարւածային գործիքներ նւագող Չառլի Ուոթսը՝ 69 տարեկան, իսկ ամէնաերիտասարդը կիթառահար Ռոննի Վուդն է՝ 63 տարեկան։
Tert.am

վարչապետ.–
Ձւի խնդիրը Հայաստանում լուծւած է
14:34 • 24.07.10
Այս տարի Հայաստանում կտրուկ աւելացել է ձւի արտադրութիւնը, և շուկայում ստեղծւած աժիոտաժային իրավիճակը պայմանաւորւած է հէնց այդ հանգամանքով։ Ինչպէս հայաստանեան հեռուստա–ընկերութիւններին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, բնականաբար, մրցակցութիւնն այդ դաշտում կտրուկ մեծացել է։ «Բոլորս արձանագրեցինք գների կտրուկ նւազում, գների տատանողականութիւն այդ շուկայում, ինչը վկայում է, որ մրցակցութիւնը սրւել է, և դրանից էլ բխում է այն հանգամանքը, որ նաև խօսակցութիւններ կան, թէ լինելո՞ւ են կլանումներ, թէ՞ ոչ»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ այսօրւայ միտումները վկայում են այն մասին, որ այդ ոլորտում կատարւել են լուրջ ներդրումներ, որի արդիւնքում էլ արտադրողականութիւնը բարձրացել և արձանագրւել է ծաւալների 30% աճ։ Դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ ձւի խնդիրը Հայաստանում լուծւած է, ձւի արտադրութեան խնդիրը լուծւած է։
«Հիմա պէտք է հետևենք, որպէսզի լինի արդար և ազնիւ մրցակցութիւն, որպէսզի չլինեն գերշահոյթներ, իսկ դա արդէն Տնտեսական մրցակցութեան յանձնաժողովի անմիջական աշխատանքն է»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ոլորտը գտնւում է յանձնաժողովի ուշադրութեան կենտրոնում։
Tert.am

Ամուսնութիւնն ազդում է կանանց
հոգեկան առողջութեան վրայ
Ամուսնութիւնը բարելաւում է տղամարդկանց հոգեկան վիճակը, սակայն հակառակ ազդեցութիւն է ունենում կանանց հոգեկանն վիճակի վրայ: Ինչպէս տեղեկանում ենք «7d.org»-ից` այս մասին վստահեցնում են բրիտանացի մասնագէտները:
Այսպիսի եզրակացութեան մասնագէտները յանգել են աւելի քան 2000 ընտանիքներում կատարած ուսումնասիրութիւնների արդիւնքում: Կանանց հոգեկանի վրայ ազդում են նոր պարտականութիւնները, որոնք գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ստանձնում են ամուսնութեանը զուգահեռ:
Նոր պարտականութիւններն ի յայտ են բերում խորը ընկճախտ և նպաստում են պարբերաբար տրամադրութեան անկմանը:
24.07.2010, 14:58
Aysor.am

Վահան Յովհաննիսեան.–
«Հայաստանը մնում է Արցախի
անկախութեան երաշխաւորը»

-Կոսովոյի անկախութեան ճանաչման վերաբերեալ Հաագայի դատարանի որոշումը ապացոյց է, որ այդ հարցում մենք չպէտք է քաղաքական քննարկումների ճանապարհով գնայինք, այլ աւելի ճիշտ էր իրաւական ճանապարհը։ Դատարանի վճիռը յստակ ասում է, որ ինքնուրոյնութիւն, անկախութիւն հռչակելը միջազգային օրէնքներին և կանոններին չի հակասում, այսինքն այդ իրաւունքը Ղարաբաղը ունէր և դա արել է։ Հիմա փաստօրէն այդ իրաւունքը դրւում կասկածի տակ, իսկ մնացած բոլոր մանր-մունր խօսակցութիւնները՝ այստեղ մի կտոր տարածք, այնտեղ էսքան փախստական, այդ ամէնը բացարձակապէս ոչ մի նշանակութիւն չունի ինքնորոշման սկզբունքի առջև,-«7օր»-ի հետ զրոյցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը։
Նա նշել է, որ իրենք այդ որոշումը ոչ միայն դրական են գնահատում, այլև համարում են, որ այն այսույետև ուղեցույց է ՀՀ արտաքին յարաբերութիւնների պատասխանատուների համար։
Վ. Յովհաննիսեանի խօսքերով' քանի որ բանակցութիւններն ընթանում էին այն ձևաչափով, որով ընթանում էին, Հայաստանը չէր ճանաչում ԼՂՀ անկախութիւնը, որպէսզի գործըթացի համար խոչընդոտներ չստեղծէր, սակայն եթէ գործընթացը փակուղի է մտած, Հայաստանն այլևս նման վերաբերմունքի որևէ պատճառ չունի։
-Կարծում եմ, այստեղ մեզ համար աւելի կարևորը ոչ այնքան ճանաչումն է, որքան ռազմական փոխօգնութեան պայմանագիր կնքելը, այսինքն՝ եթէ Հայաստանը չի կարող Ղարաբաղին ամբողջութեամբ փոխարինել բանացութիւնների մէջ, բայց Հայաստանը, այնուամենայնիւ, մնում է նրա անկախութեան և անվտանգութեան երաշխաւորը, և այդ երաշխաւոր լինելու հանգամանքը պէտք է ամրագրւի համապատասխան պայմանգրում,-ասել է Վահան Յովհաննսեանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը նախ և առաջ պէտք է լուրջ աղմուկ բարձրացնի այս հարցով։ Խօսքը, սակայն, ցուցադրական գործողութիւնների մասին չէ, ուղղակի այսույետև ԵԱՀԿ ՄԽ-ի հետ որևէ հանդիպում պէտք է սկսի այդ թեմայի քննարկումից։
7or.am

Բակօ Սահակեան.–
Վստահ ենք, որ վաղ, թէ` ուշ Հայաստանը կը ճանաչի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան
Յուլիս 24, 2010 08:36
ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառոյցն է, որն ստացել է ԵԱՀԿ մանդատը ԼՂ խնդրի կարգաւորման հարցում, եւ այդ ձեւաչափի փոփոխութիւնը չի նպաստի խնդրի լուծմանը: Այս մասին յուլիսի 23-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում յայտարարել է ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը:«Հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի ենթակայութեան ներքոյ չի ապահովի արդիւնաւէտութիւն: ԵԱՀԿ Մինսկի խմբի յաջող գործունէութեան համար խոչընդոտ է հանդիսանում Ղարաբաղի բացակայութիւնը խաղաղ կարգաւորման բանակցութիւններին եւ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայութիւնը»,- ընդգծել է Բակօ Սահակեանն ու յաւելել. «Միջազգային հանրութեան կողմից Ղարաբաղեան կողմի անտեսումը չի կարող յաւերժ շարունակւել: Միւս կողմից ԼՂՀ-ն խաղացող է տարածաշրջանում, ինչը շատ բան է նշանակում»:
Նա նաեւ կարծիք է յայտնել, որ ԼՂ բանակցային գործընթացում Հայաստանի կատարած աշխատանքը մօտեցնում է ԼՂՀ մասնակցութիւնը բանակցային գործընթացին եւ նաեւ ԼՂՀ միջազգային ճանաչումը: «Ներկայումս համատեղ ջանքերով մենք կատարել ենք հիմնական խնդիրը` ԼՂՀ անվտանգութեան ապահովումը: Գործադրւում են բոլոր ջանքերը ԼՂ բնակչութեան խաղաղ գոյութիւնն ապահովելու համար»,- ասել է ԼՂՀ նախագահը:
Այնուհետեւ անդրադառնալով Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչմանը՝ Բակօ Սահակեանն ասել է. «Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը շահարկման թեմայ է դարձել, սակայն մենք բազմիցս յայտարարել ենք, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը չպէտք է ինքնանպատակ լինի: Մենք չենք պահանջում, որպէսզի այդ հարցը դառնայ առաջնային, քանի որ Հայաստանը պատասխանատւութիւն է կրում միջազգային հանրութեան առջեւ: Մենք դժգոհութիւն չենք յայտնում այդ հարցում եւ վստահ ենք, որ վաղ, թէ ուշ՝ այդ պահը կգայ, երբ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հ. Յ. Դաշնակցութիւն.–

Արցախն այսօր ունի համայն հայութեան
աջակցութեան կարիքը

«Այսօր արդէն պէտք է սկսել ԼՂՀ արտաքին քաղաքականութեան
հայեցակարգի ձեւաւորումը»
Յուլիս 24, 2010թ. 16:20
Արցախի Հանրապետութեան խորհրդարանի «Հ. Յ. Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանը կարծիք յայտնելով Հաագայի դատարանի կողմից Կոսովոյի անկախութիւնը ճանաչելու որոշման առնչութեամբ ասել է.«Որոշման դրական կողմն այն է, որ միջազգային ծիրի մէջ մի որոշում եւս ընդունւեց` յօգուտ անկախութեան»:
Խօսելով Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացի մասին նա մէկ անգամ եւս հրապարակեց Հ. Յ. Դաշնակցութեան այն կարծիքը, որ Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորմանն իր մասնակցութիւնը պէտք է ունենան ոչ միայն Ղարաբաղն ու Հայաստանը, այլեւ` ողջ հայութիւնը, քանի որ դա համահայկական հարց է:
«Ղարաբաղը պէտք է լինի բանակցային կողմ, իսկ Հայաստանը պէտք բանակցութիւններին մասնակցի յստակ ընդունւած իր իրաւունքների շրջանակում` որպէս Ղարաբաղի անկախութեան եւ անվտանգութեան երաշխաւոր»,-շեշտել է Ա. Սարգսեանը:
Հ. Յ. Դաշնակցութեան անդամ Արմէն Սարգսեանը նոյնպէս այն կարծիքին է, որ պէտք է սկսել ԼՂՀ ճանաչման գործընթացը, բայց չի ակնկալում, որ միջազգային դատարանի վերոնշեալ որոշման հրապարակմանը կը յաջորդի որոշ երկրների կողմից Ղարաբաղի անկախութեան ճանաչումը, քանի որ գտնում է, որ դրա համար լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ:
«Ղարաբաղը չի կարող հանգիստ նստել ու ակնկալել, որ իր անկախութիւնը կը ճանաչեն: Նման բան չի լինում»,-այս միտքն արտայայտեց ՀՅԴ անդամը, աւելացնելով, որ այսօր արդէն պէտք է սկսել ԼՂՀ արտաքին քաղաքականութեան հայեցակարգի ձեւաւորումը, որի հիմնական ծանրաբեռնւածութիւնը լինելու է հէնց ԱԺ քաղաքական ուժերի վրայ:
ArmAr.am