«Մայր Թերեզայի քոյրեր»ը Հրաժարւել են հիւանդ

երեխաներից

Հայաստանում մանսաւոր 3 մանկատներում խնամւում է մօտ 240 երեխայ, որոնցից շուրջ յիսունը` «Մայր Թերեզայի քոյրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության կողմից: Կազմակերպութիւնը, որն իր գործունէութիւնը Հայաստանում սկսել է 1988-ի Սպիտակի երկրաշարժից յետոյ, 2006 թւականին մանկատուն է բացել նաև Երևանում:
Aysor-ի թղթակցի հետ զրոյցում երևանեան կենտրոնի ղեկավար քոյր Էլիզաբեթը յայտնեց, որ այստեղ խնամւում են 29 ծանր հիւանդ երեխայ, որոնցից հրաժարւել են ծնողները:
«Երեխաներն ունեն մշտական խիստ հսկողութեան կարիք, քանի որ հիւանդ են այնպիսի ծանր հիւանդութիւններով, ինչպիսին են հիդրոկեֆալիան, միկրոկեֆալիան, դաունիզմը»,- ասաց քոյր Էլիզաբեթը` վստահեցնելով, որ այստեղ ստեղծւած են բոլոր պայմանները նրանց խնամքի համար: Մանուկներին խնամում են քոյրերն ու նրանց կամաւոր օգնականները, ընդ որում, ըստ միսիոների, վերջիններիս ընտրութեան հարցը շատ խիստ է դրւած:
«Երեխաներին խնամել ցանկացող կամաւորներին մենք ընտրում ենք, նոյնիսկ փորձաշրջան ենք սահմանում` մինչև 3 ամիս: Քոյրերը միշտ այստեղ են և չեն թողնում կամաւորներին միայնակ մնալ երեխաների հետ: Եղել են դէպքեր, երբ կամաւորները չեն կարողացել աշխատել նման ծանր առողջական վիճակում գտնւող մանուկների հետ»,- ասաց քոյր Էլիզաբեթը` վստահեցնելով, որ չորս տարւայ ընթացքում չի եղել որևէ դէպք, որ կամաւորները նոյնիսկ հոգեպէս նեղացնեն մանուկներին:
«Եթէ մենք զգում ենք, որ օգնականները չեն կարողանում նման ծանր վիճակում գտնւող մանուկների հետ աշխատել, մենք նրանց խնդրում ենք հեռանալ այստեղից»,- ասաց նա:
Կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց, որ երեխաների դաստիարակները մասնակցում են նաև պետութեան կողմից անցկացւող վերապատրաստման դասընթացներին և սեմինարներին: Մանուկների առողջական վիճակով զբաղւում են նաև յատուկ մասնագէտներ, լոգոպեդներ, լոգոռիթմիկայի մասնագէտներ: Քոյր Էլիզաբետը նշեց, որ երեխաների հետ խօսում են բացառապէս հայերէն: Նա նաև տեղեկացրեց, որ մանկատան բոլոր սաները մկրտւած են:
«Եթէ երեխան, մինչ մեզ մօտ գալը, մկրտւած չի եղել, մենք անյապաղ մկրտում ենք` հայ կաթոլիկ եկեղեցու ծիսակարգով»,- յայտնեց նա: Թղթակցի այն հարցին, թէ ինչո՞ւ մկրտութիւնը չի իրականացւում Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգով, կաթոլիկ միսիոներուհին ասաց.
«Հայ Առաքելական Եկեղեցու հետնորդ իրենց ծնողները հրաժարւել են իրենցից, իսկ ես նրանց խնամակալն եմ: Բացի այդ` ես չեմ տեսնում տարբերութիւն առաքելական և կաթոլիկ մկրտութեան միջև: Դա արհեստական տարանջատում է, քանի որ մկրտութիւնը միակն է քրիստոնեայ եկեղեցու համար: Իսկ ապագայում երեխաները կարող են իրենք ընտրել, թէ քրիստոնէական որ եկեղեցուն են պատկանում»:
«Շատ յաճախ այստեղ այնպիսի ծանր վիճակում գտնւող երեխաներ են բերում, որ մենք նոյնիսկ չգիտենք, թէ քանի օր նրանք կապրեն: Եղել են դէպքեր, երբ մանուկներին բերել են մեզ մօտ, մենք մկրտել ենք, բայց նրանք մի քանի օրից մահացել են»,- յաւելեց նա: Քոյր Էլիզաբեթը նաև ասաց, որ մանկատանը Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւոր տրամադրելու առաջարկով բազմիցս դիմել են սբ. Էջմիածին, այս հարցը Վեհափառի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է նաև Վատիկանի անունից Կլաուդիօ Գուչերոտտին:
«Մենք խնդրել ենք, որ, եթէ կայ հնարաւորութիւն, մեզ տրամադրւի Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւոր»,- ասաց քոյր Էլիզաբեթը:
24.07.2010, 15:27
Aysor.am

0 Պատգամ: