Դաւանանքի ազատութիւնն ու խնամակալութիւնը
ՀՀ Սահմանադրութեան համաձայն` իւրաքանչիւր ոք ազատ է դաւանանքի ընտրութեան հարցում: Երևանի «Մայր Թերեզայի քոյրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպութիւնում գտնւող շուրջ 50 հայ մանուկները մկրտւած են կաթոլիկ ծիսակարգով: Երեխաների համար պատասխանատուները` կենտրոնի քոյրերը, գտնում են, սակայն, որ «որևէ տարբերութիւն չկայ, և ապագայում երեխաները կարող են իրենք ընտրել, թէ քրիստոնէական որ եկեղեցուն են պատկանում»:
«Եթէ մանուկը մկրտւած է որևէ եկեղեցում, որևէ մէկը չի կարող նրան պարտադրել այլ վարդապետութիւն: Գիտակից, հասուն տարիքում է, որ անձը ցանկութեան պարագայում կարող է այլ ընտրութիւն կատարել: Մինչ այդ` նա ունի պատասխանատուներ` ի դէմս իր ծնողների և կնքահօր` իբրև հոգևոր դաստիարակ, ովքեր և փոքրիկի փոխարէն կատարել են ընտրութիւն»,- այս առիթով Aysor-ին յայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլոյ դիւանի պատասխանատու Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը:
Միևնոյն ժամանակ հաւատափոխութեան կամ դաւանափոխութեան առումով Տէր Վահրամ քահանան յայտնեց, որ «հոգեորսութիւնն արգելւում և դատապարտւում է, այսինքն` չի կարող լինել պարտադրանք»:
Երևանի «Մայր Թերեզայի քոյրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպութիւնից վստահեցնում են, որ մկրտւում են այն երեխաները, ովքեր նախքան մանկատուն գալը մկրտւած չեն եղել: Նշենք, որ թէ' Հայ Առաքելական և թէ' Կաթոլիկ եկեղեցիների դաւանանքի համաձայն` կրկնամկրտութիւնն արգելւում է:
Տէր Վահրամ քահանայի խօսքերով` Կաթոլիկ համայնքի կողմից իրականացւած կրկնամկրտութեան դէպքերի մասին Հայ Առաքելական Եկեղեցին որևէ տեղեկատւութիւն չունի, իսկ ընդհանրապէս` կրկնամկրտութեան երևոյթն «ընդունելի չէ ընդհանրական Եկեղեցու համար»:
«Եթէ անձը մկրտւել է որևէ քրիստոնէական եկեղեցու կողմից Սուրբ Երրորդութեան անունով, ապա որևէ այլ քրիստոնէական Եկեղեցի իրաւունք չունի կատարելու կրկնամկրտութիւն: Այն կատարւում է Եկեղեցու կողմից, եթէ մկրտութիւնը լիարժէք չի եղել` համաձայն նշւած պայմանի»,- մանրամասնեց Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը:
Հարկ է նշել, որ Երևանի «Մայր Թերեզայի քոյրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպութիւնից Aysor-ին յայտնեցին, որ իրենք բազմաթիւ անգամ դիմել են Հայ Առաքելական Եկեղեցուն` իրենց հոգևոր սպասաւոր տրամադրելու` համապատասխան ծէսերն իրականացնելու համար, մինչդեռ Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը հաւաստիացնում է, որ իրենք նման առաջարկութիւն չեն ստացել:
«Մի՞գուցէ նրանք դիմել են որևէ համայնքի հոգևոր առաջնորդի: Ամէն դէպքում, մենք նման առաջարկութիւն չենք ստացել»,- մանրամասնեց Տէր Վահրամ քահանան:
Քահանան յայտնեց նաև, որ, օրինակ, Գիւմրիում գործող մանկատան սաների մկրտութիւնները կատարւում են Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասաւորների կողմից, իսկ մանկատան աշխատակիցներն իրենց վրայ են վերցրել կազմակերպչական միջոցառումները:
24.07.2010, 15:41
Aysor.am

0 Պատգամ: