Անթալիայից Երևան
վերադարձան Հայ ծանրորդները.
Նրանց դիմաւորեցին
մեծ ոգևորութեամբ
Անթալիայում աւարտւած ծանրամարտի առաջնութիւնից երէկ յուլիսի 27–ի երեկոյեան Հայաստան վերադարձան Հայ ծանրորդները։ «Զւարթնօց» օդանաւակայանում նրանց դիմաւորելու էին եկել մեծ թւով մարդիկ՝ ծանրորդների հարազատները, ընկերները, երկրպագուները, ՀԱՕԿ նախագահը, պատգամաւորներ, արւեստի գործիչներ։
Մարդկանց ոգևորութիւնը շատ մեծ էր։ Մարզիկներին նրանք դիմաւորեցին ջերմ ծափահարութիւններով։
Ողջունելով ծանրորդներին՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկեանն ասաց, որ գոհ է նրանց մրցելոյթներից, յատկապէս Տիգրան Գէորգի Մարտիրոսեանից, որը 77կգ քաշային կարգում անկախ Հայաստան բերեց առաջին ոսկէ մեդալը ծանրամարտի տղամարդկանց աշխարհի առաջնութիւնից՝ երկամարտի արդիւնքում բարձրացնելով 373 կգ։
Նա նաև յուսադրող խօսքեր ասաց Արա Խաչատրեանի մասին, որը յիշեցնենք, 85 կգ քաշային կարգում պոկում վարժութիւնում 175 կգ բարձրացրեց, փոքր ոսկի նւաճեց, սակայն հրում վարժութեան առաջին մօտեցման ժամանակ արմունկի ծանր վնասւածք ստացաւ և դուրս մնաց մրցապայքարից։ ՀԱՕԿ նախագահը «չեմպիոնին վայել» անւանեց նրա ելոյթը։
Արայի ծնողների հետ զրոյցում նա յոյս յայտնեց, որ նա արագ կապաքինւի ու կրկին կսկսի յաջող ելոյթ ունենալ, նաև խոստացաւ անհրաժեշտ օգնութիւն տրամադրել նրա բուժման համար։
Ծանրորդներն այնուհետև մօտեցան իրենց դիմաւորելու եկած երկրպագուներին, ողջունեցին նրանց և բաց տանիքով մեքենայով ուղևորւեցին Երևանի Հանրապետութեան հրապարակ, որտեղ նրանց սպասում էին մեծ թւով երկրպագուներ։
Tert.am

Շախմատային Օլիմպիադա.
Այսօր`
Հայաստան – Ադրբեջան
Սեպտեմբեր 28, 2010
Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրից յետոյ տղամարդկանց Հայաստանի հաւաքականը թէեւ ոչ ոքի խաղաց վրացիների հետ, սակայն դարձեալ երեք առաջատարներից մէկն է: Առաջին տեղ բարձրացաւ Ուկրաինան, որը յաղթեց Հունգարիային: Հայաստանը երկրորդն է, եռեակում մնաց նաեւ Վրաստանը:
Վաղը, սեպտեմբերի 28-ին 7-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է Ադրբեջանը: Ուկրաինան կըմրցի Վրաստանի հետ:

6-րդ տուր

Վրաստան – Հայաստան` 2:2
Ուկրաինա – Հունգարիա` 3:1
Ռուսաստան-2 – Հոլանդիա` 3:1
Ռուսաստան-1 – Չեխիա` 2,5:1,5
Ադրբեջան – Հնդկաստան`3:1
Վիէտնամ – ԱՄՆ` 1,5:2,5
Լեհաստան – Էստոնիա` 3:1

6 տուրից յետոյ

1.Ուկրաինա – 11
2.Հայաստան – 11
3.Վրաստան – 11
4.Ռուսաստան-1 – 10
5.Ռուսաստան-2 – 10
6.Լեհաստան – 10
7.ԱՄՆ – 10
8.Ադրբեջան – 10
9.Հունգարիա – 10

7-րդ տուր

Ուկրաինա – Վրաստան
Հայաստան – Ադրբեջան
Ռուսաստան-2 – Ռուսաստան-1
ԱՄՆ – Լեհաստան
Բրազիլիա - Հունգարիա

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Տիգրան Թորոսեան.–
«Խնդիրը երկու յայտնի
դպրոցների բացումն է...»
«Հանրապետութիւնում օտար լեզւին հիասքանչ տիրապետող շատ
երիտասարդներ կան, և հիմնական խնդիրը որպէս մասնագէտ պահանջւած
չլինելն է»
«Ինչպէ՞ս կարելի է գաղափար առաջարկել՝ առանց իմանալու դրա
սահմանումը։ Սա որևէ տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում»
ՀՀ ԱԺ-ում կազմակերպւած՝ «Հանրակրթութեան մասին» օրէնքում փոփոխութիւններ կատարելու վերաբերեալ լսումների ժամանակ ՀՀ ԱԺ պատգամաւոր Տիգրան Թորոսեանն ասել է, որ մի շարք հարցեր շատ աւելի արդիւնաւէտ ընթացք կունենային, եթէ սեղանին նախագիծ լիներ, որովհետև պարզապէս անհասկանալի է քննարկել նախագիծն առանց նախագծի։
-Ինչպէ՞ս կարելի է գաղափար առաջարկել՝ առանց իմանալու դրա սահմանումը։ Սա որևէ տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում,-ընդգծել է Տ. Թորոսեանը և նշել, որ լսումների հետ կապւած, այնուամենայնիւ, դրական բան կայ՝ դա փաթեթից «Լեզւի մասին» օրէնքը հանելն է։ Սակայն այդ դէպքում, նրա կարծիքով, հարց է առաջանում՝ արդեօք այդ այլընտրանքային, միջազգային, հեղինակային, փորձարարական դպրոցները հանրակրթակա՞ն հաստատութիւններ են լինելու։
-Եթէ դրանք լինելու են հանրակրթական հաստատութիւններ, և «Լեզւի մասին» օրէնքում փոփոխութիւն չի արւելու, ապա այնտեղ անպայման դասաւանդման լեզուն հայերէնն է լինելու։ Այսինքն, այստեղ չեմ ուզում պարոն Աշոտեանի նման ասեմ՝ «ֆոկուս» է արւում, բայց ինչ-որ մի բան արւում է։ Մի բան առաջարկւում է, բայց դրա հետևանքները այայտ են և անհասկանալի,-ասել է Տիգրան Թորոսեանը։
Մէջբերելով Ա. Աշոտեանի խօսքերը, թէ օտար լեզուների տիրապետման բարելաւման համար պէտք է մտածելակերպ փոխել, Տ. Թորոսեանն ասել է, որ իր կարծիքով՝ օտար լեզուների տիրապետման մակարդակը գրեթէ նոյնն է, ինչ միւս առարկաներինը, և այդտեղ բոլորովին այլ բանի մասին պէտք է խօսւի։ Սակայն, եթէ խօսւում է մտածելակերպի մասին, ապա պէտք է խօսել այն մարդկանց մտածելակերպի փոփոխութեան մասին, ովքեր որոշում են կրթութեան և գիտութեան նկատմամբ պետութեան վերաբերմունքը։ Որպէս օրինակ Տ. Թորոսեանը նշել է, որ ՀՀ ԳԱԱ համակարգում գոյութիւն ունեցող գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչը ստանում է 50 հազ. դրամ աշխատավարձ, իսկ ԱԺ-ում, նախագահականում կամ կառավարութիւնում վարորդը 70 հազ. դրամից աւելի է ստանում։
Տիգրան Թորոսեանը, սակայն, ընդգծել է, որ իր կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը երկու յայտնի դպրոցների բացումն է, որոնց խոստացւել է, որ պէտք է բացւեն, և հէնց դրանով են պայմանաւորւած սահմանափակումները և այլ պահանջներն իրագործելու պատրաստակամութիւնը։
-Ցաւօք, դա է իրողութիւնը, որ երկու դպրոցներ կան, որոնցից մէկը հիմնադրւել է «Լեզւի մասին» ՀՀ օրէնքի կոպիտ խախտումով, միւսն էլ հիմնադրելու ցանկութիւն կայ։ Մարդկանց խօսք է տրւել, և սրա մասին եղել է նաև ՀՀ կառավարութեան ղեկավարի յայտնի խօսքերը։ Հետևաբար, եթէ համաձայն էք, որ դա արւի, կարծում եմ, պատրաստակամութիւն կլինի նաև միւս նախագծի մէջ փոփոխութիւններ անելու։ Որովհետև նպատակը դա է, ոչ թէ կրթութիւնը բարելաւելը,-ասել է Տիգրան Թորոսեանը և ընդգծել, որ հանրապետութիւնում օտար լեզւին հիասքանչ տիրապետող շատ երիտասարդներ կան, և հիմնական խնդիրը որպէս մասնագէտ պահանջւած չլինելն է։
Նա նշել է նաև, որ, ցաւօք, Հայաստանում մասնագէտները լուծումներ եթէ առաջարկում էլ են, քաղաքականութիւն իրականացնողները կամ որոշումներ ընդունողները դրանք թողնում են մի կողմ, պարզապէս որոշում են՝ որն է լաւ լուծումը և դա են անում։
-Կարծում եմ՝ այս հարցի իրական լուծումը պէտք է լինէր ընդհանրապէս փաթեթը շրջանառութիւնից հանելը և հանրակրթութեան հարցերով զբաղւելը,-ամփոփել է Տիգրան Թորոսեանը։

7or.am

Ադրբեջանը սաստւել է
ԼՂՀ ճանաչման
սպառնալիքով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պէտք է այցելեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի յարակից տարածքներ, այլև Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ յայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այւազեանը: Յիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 4-ից 14-ն ընկած ժամանակահատւածում նախատեսում են դաշտային գնահատման առաքելութիւնն իրականացնել Լեռնային Ղարաբաղի յարակից տարածքներում:
«Շատ վատ ենք տրամադրւած, որ առաքելութիւնը գնում է միայն Ղարաբաղ, նրանց առաջարկում եմ մի անգամ էլ լինել Ադրբեջանի հայաբնակ շրջաններում: Թող գնան Շահումեան, Գետաշէն, Նախիջևան: Մենք այս հարցը շարունակ բարձրացնելու ենք` մինչև արդիւնքի հասնենք: Ի վերջոյ, յայտնի ճշմարտութիւն կայ՝ 100 անգամ կրկնւած սուտը կարող է ճշմարտութեան տեղը գրաւել: Ու քանի դեռ մենք ճշմարտութեան մասին լռում ենք, ադրբեջանցիների սուտն ու կեղծիքը գրաւում է արդարի տեղը»,- ասաց բանախօսը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից փախստականների վերադարձի մասին բանաձևի նախագծի կասեցմանը` Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը կարծիք յայտնեց, որ այդ քայլին Բաքուն ստիպւած էր գնալ` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչման սպառնալիքի ներքոյ, բայց յարմար պահին կարող է նորից առաջադրել այդ փաստաթուղթը:
«Ադրբեջանն այդ հարցը ուզում է յօգուտ իրեն լուծել` հիմնւելով այն հանգամանքի վրայ, որ Ասամբլեայում մահմեդական ներկայացուցչութիւնը շատ մեծ է: Եթէ անգամ հարցը դրւէր քւէարկութեան, ապա վատ չէր անդրադառնայ հայկական կողմի վրայ: Կարծում եմ` հէնց Լեռնային Ղարաբաղի անկախութեան` Հայաստանի կողմից ճանաչման սպառնալիքն Ադրբեջանին դրդեց յետ կանչել այդ անհեթեթ յայտարարութիւնը: Ամէն դէպքում, այս գաղափարից նրանք յաւերժ չեն հրաժարւել, և իրենց համար ցանկացած յարմար պահի հարցը նորից կբարձրացնեն: Վստահ կարող եմ նաև ասել, որ ադրբեջանական կողմին պատերազմական գործողութիւների վերսկսումից յետ է պահում ոչ թէ միջազգային հանրութեան ճնշումը, այլ ռազմական ուժերի բալանսը, որն այս պահի դրութեամբ յօգուտ նրանց չէ: Եթէ իր յաղթանակում նա կասկած չունենար, ոչինչ նրան չէր կանգնեցնի»,- ասաց բանախօսը:
ԱՅՍՕՐ, 17:08
Aysor.am

Պատգամաւորին պատկանող
խաղատան վրայ նռնակ
նետած երիտասարդի
ինքնութիւնը պարզւել է
Սեպտեմբեր 27, 2010 11:42
Ոստիկանութիւնը միջոցառումներ է ձեռնարկում՝ «Սիցիլիա» խաղատան վրայ նռնակ նետած երիտասարդին յայտնաբերելու ուղղութեամբ: Այս մասին NEWS.am-ին յայտնեցին ոստիկանութեան լրատւական ծառայութիւնից: Ոստիկանութեան կայքէջից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 12.10-ին, թիւ 1 համալսարանական հիւանդանոցից ոստիկանութեան Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացւել, որ բուժօգնութեան է դիմել 25-ամեայ Սմբատ Մ.-ն:
Պարզւել էր, որ նոյն օրը, ժամը 06.00-ին, Չարենցաւան քաղաքի գիշերային ակումբներից մէկի մօտ, անյայտ անձը չպարզւած առարկայով հարւածել է Սմբատ Մ.-ին: Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողն ի վիճակի չի եղել յայտարարութիւն տալու:
Նախապատրաստւած նիւթերն ուղարկւել են Չարենցաւանի բաժին:
Ձեռնարկւած միջոցառումների շնորհիւ պարզւել է, որ Սմբատ Մ.-ն վնասւածքը ստացել է սեպտեմբերի 25-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 35-րդ կիլոմետրին գործող «Սիցիլիա» խաղատան բակում տեղի ունեցած վիճաբանութեան ժամանակ`28-ամեայ Լեւոն Հ.-ի նետած նռնակի պայթիւնից արձակւած բեկորից:
Ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, տուժողը Նոր-Նորքի 5-րդ զանգւածի Գալշոեան փողոցի 53 շէնքի 80 բնակարանի բնակիչ, 25-ամեայ Սմբատ Սամւէլի Մարտիրոսեանն է: Վերջինս յայտնել է, որ աշխատում է խաղատանը որպէս թիկնապահ: Խաղատան ղեկավարութիւնը ոստիկանութիւնում յայտարարել է, թէ իբր վիրաւորւածը իրենց աշխատակիցը չէ:
Նշենք, որ Սմբատ Մարտիրոսեանը վնասւածք է ստացել ձախ բազկի միջին երրորդական հատւածում: Նա այժմ թիւ 1 հիւանդանոցի միկրովիրաբուժութեան բաժանմունքում է: Նրան բուժող բժիշկ Արտիւոմ Նավոյեանը քիչ առաջ NEWS.am-ին յայտնեց, որ Մարտիրոսեանը միկրովիրաբուրժական վիրահատութեան է ենթարկւել, բազկի շրջանում ստացւած վնասւածքները վերականգնւել են ու այժմ հիւանդը պալատում է: Մի քանի օրից նա դուրս կգրւի եւ ամբուլատոր բուժումը կշարունակի տանը:
Նշենք նաեւ, որ «Սիցիլիա» խաղատունը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամաւոր Ռոբերտ Թովմասեանին: Խաղատունն աշխատացնում է նրա եղբայրը` Աբոն:
Դէպքի առթիւ Կոտայքի մարզային վարչութիւնում յարուցւել է քրէական գործ, որը քննում է մարզային ոստիկանութեան քննչական բաժինը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

«Ադրբեջանը փորձում
է մոլորութեան մէջ գցել
միջազգային հանրութեանը»

«Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում Հայ վարպետների
կողմից նրբօրէն փորագրւած 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը,
նշելով, որ այդ ոճրագործութեան ակներև արտայայտութիւնն է»

«Որևէ մէկը չի կարող կանգնեցնել պատմութեան առաջընթացը. հակառակ
դէպքում այս կազմակերպութիւնում չէին լինի 192 անդամ երկրներ
հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարէն»

«Չնայած վերջին տասնամեակների բոլոր զարգացումներին, իրավիճակն այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է, ինձ մղում է կրկին անդրադառնալ այն հեռաւոր, բայց նաև՝ մօտ 1946-ի Յունւարի 10-ին արտայայտւած նպատակներին, որոնք առաւել քան օրակարգային են մնում մեր գործողութիւններում», - ասել է Նիւ-Եորքում գտնւող Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը` ելոյթ ունենալով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում: Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատւութեան վարչութիւնից:
ՀՀ ԱԳ նախարարը հարցադրել է, թէ ինչպէ՞ս կարելի է պահպանել խաղաղութիւնն, անվտանգութիւնն ու կայունութիւնը, երբ տասնեակ անգամ բազմապատկւում են ռազմական ծախսերը, երբ պարբերաբար հնչում են ուժի կիրառման և պատերազմի սանձազերծման սպառնալիքներ:
«Ինչպէ՞ս կարելի է ապահովել ժողովուրդների միջև խաղաղ ու բարեկամական յարաբերութիւններ, երբ քարոզւում է անհանդուրժողականութիւն և ատելութիւն, երբ պարտադրւում են փակ սահմաններ և շրջափակում:
Ինչպէ՞ս կարելի է ապահովել ժողովուրդների իրաւահաւասարութիւնն ու սեփական ճակատագիրը տնօրինելու նրանց իրաւունքը, երբ մերժւում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքը` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը», - հարցադրել է Է.Նալբանդեանը:
Դիմելով նստաշրջանը նախագահողին` Էդւարդ Նալբանդեանը ցանկութիւն է արտայայտել անդրադառնալ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկայ հակամարտութեանը:
«Երկու տասնամեակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրաւունքը: Նրանք պայքարել են ազատութեան իրենց իրաւունքի համար` դիմակայելով Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմին: 70 տարի շարունակ նրանց հալածում էին, ձգտում բնաջնջել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այդ նպատակով Ադրբեջանն անգամ դիմել է միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնութեանը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպւած էր պայքարելու յանուն իր ինքնորոշման իրաւունքի իրացման, քանի որ մերժում էին անգամ իր գոյութիւն ունենալու իրաւունքը», - յայտարարել է Է.Նալբանդեանը:
ԱԳ նախարարը յիշեցրել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը Միաւորւած ազգերի կազմակերպութեան Կանոնադրութեան մէջ ամրագրւած հիմնարար և անքակտելի իրաւունք է:
«Յուլիսին Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից ընդունւած խորհրդատւական որոշումը վերահաստատեց այս կազմակերպութեան հիմնադիրների իմաստնութիւնը, առ այն, որ աշխարհում խաղաղութեան և կայունութեան ապահովման հիմնարար սկզբունքներից մէկը` ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, որևէ կերպ չի կարող ստորադասւել միջազգային իրաւունքի այլ սկզբունքներին», - արձանագրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նա կոչ է արել ներկաներին իրատես լինենք` շեշտելով, որ որևէ մէկը չի կարող մէկընդմիշտ ասել, որ սա ինքնորոշման իրականացման վերջին դէպքն է:
«Որևէ մէկը չի կարող կանգնեցնել պատմութեան առաջընթացը. հակառակ դէպքում այս կազմակերպութիւնում չէին լինի 192 անդամ երկրներ հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարէն», - ասել է Էդւարդ Նլաբանդեանը:
«Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` միջազգային մանդատ ունեցող միջնորդութեամբ, որոնք շարունակում են հետևողական ջանքեր գործադրել հակամարտութեան խաղաղ կարգաւորման նպատակով` հիմնւած միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների վրայ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրաւահաւասարութիւն և ինքնորոշում, տարածքային ամբողջականութիւն: Յուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտօնական հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հանդէս են եկել յայտարարութեամբ, որտեղ նրանք վերահաստատել են, որ առաջարկւած սկզբունքները և դրոյթները մշակւել են որպէս մէկ ամբողջութիւն, և որևէ մէկին միւսների հանդէպ գերակայութիւն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հաւասարակշռւած լուծման հասնելը», - ասել է Է.Նալբանդեանը և շեշտել, որ Հայաստանը լիովին համամիտ է այս տեսակէտին` շարունակելու բանակցութիւնները դրա հիման վրայ` փնտրելով Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորում:
ՀՀ ԱԳ նախարարը ցաւով արձանագրել է, որ Ադրբեջանը մերժում է նշւած երեք սկզբունքներից երկուսը և ձգտում գլխիվայր շուռ տալ ոչ միայն բանակցային գործընթացի էութիւնը, այլ նաև խեղաթիւրել հակամարտութեան բնոյթը տարբեր միջազգային հարթակներում, ներառեալ` ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան, ինչպէս այստեղ նորից տեղի ունեցաւ մօտ երկու շաբաթ, նաև երկու օր առաջ:
«Այդ երկիրը փորձում է մոլորութեան մէջ գցել միջազգային հանրութեանը` հակամարտութեան հետևանքները ներկայացնելով որպէս դրա պատճառներ:
Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հռետորաբանութիւնը, հրադադարի ռեժիմի յաճախակի դարձած խախտումները և Ադրբեջանի ռազմական բիւջէի աննախադէպ աճը միայն սրում են իրավիճակը` մեծացնելով տարածաշրջանում արդէն իսկ փխրուն կայունութեան շուրջ մտահոգութիւնները: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերեալ համաձայնութեան գալու և հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները: Նման դիրքորոշմամբ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային խաղաղութեանը և անվտանգութեանը:
Նաւթային եկամուտներից ստացւող գումարները ուղղւում են ռազմական նոր ավանատիւրաների ֆինանսաւորմանը: Մենք բոլորս էլ գիտենք նման արկածախնդրութեան հետևանքները», - ներկաներին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Էդւարդ Նալբանդեանը նշել է, որ Ադրբեջանը պէտք է զերծ մնայ կարգաւորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից ու շրջանակներից այլ ձևաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից և սադրիչ ու ռազմատենչ յայտարարութիւններից ու գործողութիւններից, որպէսզի բանակցային գործընթացը կարողանայ առաջ ընթանալ առաւել կառուցողական և արդիւնաւէտ ուղիով:
«Այսօր, երբ մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու խրախուսումը համարւում է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հայեցակարգը, այլ քաղաքակրթական արժէքների հանդէպ անհանդուրժողականութիւնը, մշակութային կամ կրօնական ժառանգութեան միտումնաւոր, շարունակական վնասումը կամ ոչնչացումը պէտք է դատապարտւի նոյն հաստատակամութեամբ, ինչպէս ժողովրդի դէմ բռնութիւնը», - ասել է Է.Նալբանդեանը:
Հայաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարը յիշեցրել է Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում Հայ վարպետների կողմից նրբօրէն փորագրւած 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը, նշելով, որ այդ ոճրագործութեան ակներև արտայայտութիւնն է:
«Միջնադարեան հազարաւոր նմանատիպ հսկայ քանդակներ են հողին հաւասարեցւել Ադրբեջանի կառավարութեան ամենատես աչքի հսկողութեան ներքոյ, և այդ տարածքը կառավարութեան արտօնած ծրագրով վերածւել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչութեամբ Յուշարձանների պահպանութեան 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխաւոր Ասամբլեան յայտարարել է. «այս ժառանգութիւնը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգութեան մէջ, այսօր այլևս չի կարող փոխանցւել ապագայ սերունդներին», - ասել է Էդւարդ Նալբանդեանը:

ԱՅՍՕՐ, 09:33
Aysor.am

Արմէն Ամիրեանը
կվերադառնայ հին պաշտօնին
17:57 • 25.09.10
Արմէն Ամիրեանը կվերադառնայ իր նախկին պաշտօնին՝ աշխատելով Հանրային ռադիոյի տնօրէն։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութեան խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանը։ Յիշեցնենք, որ Ամիրեանն այս տարւայ մայիսից Հանրային հեռուստա–ընկերութեան գործադիր տնօրէնի պաշտօնակատարն էր։
Ալեքսան Յարութիւնեանը լրագրողների խնդրանքով անդրադարձաւ նաև հեռուստա–ընկերութիւնում մեծ փողերի իւրացման վերաբերեալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ հէնց այդ պատճառով էլ Ամիրեանը հրաժարւել է հեռուստաընկերութեան գործադիր տնօրէնի պաշտօնից։
«Ես չեմ ուզում այդ բառերը կրկնել, որովհետև ես մի անգամ արդէն ասել եմ՝ ինչ-որ մի յօրինւածք գտնում են ու սկսում են դրա մասին խօսել։ Ես այդ մասին չեմ ուզում խօսել, դրանք անհեթեթութիւններ ու բամբասանքներ են։ Յօրինւածքները մեկնաբանելու ցանկութիւն այլևս չունեմ»,- նշեց Ալեքսանեանը։

Tert.am

Բան Կի-մունը
սատարում է
շփման գծից
դիպուկահարների
յետքաշմանը

Սեպտեմբեր 26, 2010 18:51
Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը Նիւ Եորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի-մունի հետ:
Արտգործնախարարութեան մամուլի եւ տեղեկատւութեան վարչութեան փոխանցմամբ` Բան Կի-մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարութիւնը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում եւ մասնակցութիւնը Հազարամեակի զարգացման նպատակների գագաթաժողովին:
ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Ղարաբաղեան գործընթացի վերջին զարգացումները: Բան Կի-մունը նշել է, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների յետքաշմանը, ինչը զգալիօրէն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդւարդ Նալբանդեանը ասել է, որ կիսում է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի տեսակէտը, եւ յոյս է յայտնել, որ Ադրբեջանը եւս կընդունի այս կապակցութեամբ բազմիցս արւած առաջարկութիւնը:
Ներկայացնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդեանը շնորհակալութիւն է յայտնել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին Հայ - թրքական կարգաւորման գործընթացին անվերապահ աջակցութեան համար:
Աւարտելով այցելութիւնը Նիւ Եորք` Էդւարդ Նալբանդեանը մեկնել է Բոստոն, ուր նախատեսւած է նրա ելոյթը Ֆլեթչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցում եւ հանդիպումը Հայ համայնքի հետ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ԵԱՀԿ Դաշտային
առաքելութիւնը
Ղարաբաղ
կը մեկնի
հոկտեմբերի 4–ին
15:00 • 26.09.10
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյէն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկէն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպէս նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպշիկը Նիւ Եորքում ՄԱԿ–ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում սեպտեմբերի 23–ին առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի հետ։ Այդ մասին ասւում է ԵԱՀԿ պաշտօնական կայքում հրապարակած ԵԱՀԿ Մինսկի խմբի յայտարարութիւնից։
Համանախագահները երկու նախարարներին տեղեկացրել են առաջիկայ Դաշտային փաստահաւաք առաքելութեան նախապատրաստման մասին, որը կանցկացւի հոկտեմբերի 4–14–ը ԼՂ յարակից տարածքներում։
Յայտարարութեան մէջ ասւում է, որ համանախագահները, հիմնւելով Ժնևում և Նիւ Եորքում ՄԱԿ–ի ներկայացուցիչների հետ իրենց նախնական շփումների վրայ, պաշտօնապէս դիմել են ՄԱԿ–ի զարգացման ծրագրի, ինչպէս նաև Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի գրասենեակի փորձագէտներին՝ առաքելութեանը մասնակցելու խնդրանքով։
Բացի այդ, համանախագահները նախարարներին ծանօթացրել են յետագայ ամիսների իրենց աշխատանքային պլանին, այդ թւում՝ Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։

Tert.am

Ամենայն Հայոց Կաթողիկոս
Գարեգին Բ–ն
դիմե՞լ է
ՀՀ նախագահ
Սերժ Սարգսեանին
Ադրբեջանական «ANS TV» լրատւամիջոցը հաղորդել է, թէ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին՝ յուլիսի 18-ի, լոյս 19-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գիւղի դիրքերի վրայ յարձակւած գաղտագողի խմբի անդամ Մուբարիզ Իբրահիմովի դիակը ադրբեջանական կողմին վերադարձնելու խնդրանքով։
«Մենք մէկ անգամ չէ, որ դիմել են Ամենայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլին՝ խնդրանքնով, որ նա խօսի Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ այս հարցի կապակցութեամբ։ Վերջերս պատրիարքը զանգահարեց և հաղորդեց, որ Մ. Իբրահիմովի հարցով խօսել է Հայոց Կաթողիկոսի հետ և աւելացրել, որ Գարեգին Բ-ն էլ իր հերթին դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին։ Առայժմ պատասխան չկայ, սպասում ենք»,-տեղեկացրել է Կովկասի մահմեդականների հոգևոր վարչութեան նախագահ շէյխ օլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշազադէն։
«Այս հրապարակումը համապատասխանո՞ւմ է իրականութեանը» հարցով «7օր»-ը դիմել է Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի մամլոյ դիւանին, որտեղից մեզ խոստացան, որ օրւայ ընթացքում հարցի պատասխանը կտան։

7or.am