Տիգրան Թորոսեան.–
«Խնդիրը երկու յայտնի
դպրոցների բացումն է...»
«Հանրապետութիւնում օտար լեզւին հիասքանչ տիրապետող շատ
երիտասարդներ կան, և հիմնական խնդիրը որպէս մասնագէտ պահանջւած
չլինելն է»
«Ինչպէ՞ս կարելի է գաղափար առաջարկել՝ առանց իմանալու դրա
սահմանումը։ Սա որևէ տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում»
ՀՀ ԱԺ-ում կազմակերպւած՝ «Հանրակրթութեան մասին» օրէնքում փոփոխութիւններ կատարելու վերաբերեալ լսումների ժամանակ ՀՀ ԱԺ պատգամաւոր Տիգրան Թորոսեանն ասել է, որ մի շարք հարցեր շատ աւելի արդիւնաւէտ ընթացք կունենային, եթէ սեղանին նախագիծ լիներ, որովհետև պարզապէս անհասկանալի է քննարկել նախագիծն առանց նախագծի։
-Ինչպէ՞ս կարելի է գաղափար առաջարկել՝ առանց իմանալու դրա սահմանումը։ Սա որևէ տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում,-ընդգծել է Տ. Թորոսեանը և նշել, որ լսումների հետ կապւած, այնուամենայնիւ, դրական բան կայ՝ դա փաթեթից «Լեզւի մասին» օրէնքը հանելն է։ Սակայն այդ դէպքում, նրա կարծիքով, հարց է առաջանում՝ արդեօք այդ այլընտրանքային, միջազգային, հեղինակային, փորձարարական դպրոցները հանրակրթակա՞ն հաստատութիւններ են լինելու։
-Եթէ դրանք լինելու են հանրակրթական հաստատութիւններ, և «Լեզւի մասին» օրէնքում փոփոխութիւն չի արւելու, ապա այնտեղ անպայման դասաւանդման լեզուն հայերէնն է լինելու։ Այսինքն, այստեղ չեմ ուզում պարոն Աշոտեանի նման ասեմ՝ «ֆոկուս» է արւում, բայց ինչ-որ մի բան արւում է։ Մի բան առաջարկւում է, բայց դրա հետևանքները այայտ են և անհասկանալի,-ասել է Տիգրան Թորոսեանը։
Մէջբերելով Ա. Աշոտեանի խօսքերը, թէ օտար լեզուների տիրապետման բարելաւման համար պէտք է մտածելակերպ փոխել, Տ. Թորոսեանն ասել է, որ իր կարծիքով՝ օտար լեզուների տիրապետման մակարդակը գրեթէ նոյնն է, ինչ միւս առարկաներինը, և այդտեղ բոլորովին այլ բանի մասին պէտք է խօսւի։ Սակայն, եթէ խօսւում է մտածելակերպի մասին, ապա պէտք է խօսել այն մարդկանց մտածելակերպի փոփոխութեան մասին, ովքեր որոշում են կրթութեան և գիտութեան նկատմամբ պետութեան վերաբերմունքը։ Որպէս օրինակ Տ. Թորոսեանը նշել է, որ ՀՀ ԳԱԱ համակարգում գոյութիւն ունեցող գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչը ստանում է 50 հազ. դրամ աշխատավարձ, իսկ ԱԺ-ում, նախագահականում կամ կառավարութիւնում վարորդը 70 հազ. դրամից աւելի է ստանում։
Տիգրան Թորոսեանը, սակայն, ընդգծել է, որ իր կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը երկու յայտնի դպրոցների բացումն է, որոնց խոստացւել է, որ պէտք է բացւեն, և հէնց դրանով են պայմանաւորւած սահմանափակումները և այլ պահանջներն իրագործելու պատրաստակամութիւնը։
-Ցաւօք, դա է իրողութիւնը, որ երկու դպրոցներ կան, որոնցից մէկը հիմնադրւել է «Լեզւի մասին» ՀՀ օրէնքի կոպիտ խախտումով, միւսն էլ հիմնադրելու ցանկութիւն կայ։ Մարդկանց խօսք է տրւել, և սրա մասին եղել է նաև ՀՀ կառավարութեան ղեկավարի յայտնի խօսքերը։ Հետևաբար, եթէ համաձայն էք, որ դա արւի, կարծում եմ, պատրաստակամութիւն կլինի նաև միւս նախագծի մէջ փոփոխութիւններ անելու։ Որովհետև նպատակը դա է, ոչ թէ կրթութիւնը բարելաւելը,-ասել է Տիգրան Թորոսեանը և ընդգծել, որ հանրապետութիւնում օտար լեզւին հիասքանչ տիրապետող շատ երիտասարդներ կան, և հիմնական խնդիրը որպէս մասնագէտ պահանջւած չլինելն է։
Նա նշել է նաև, որ, ցաւօք, Հայաստանում մասնագէտները լուծումներ եթէ առաջարկում էլ են, քաղաքականութիւն իրականացնողները կամ որոշումներ ընդունողները դրանք թողնում են մի կողմ, պարզապէս որոշում են՝ որն է լաւ լուծումը և դա են անում։
-Կարծում եմ՝ այս հարցի իրական լուծումը պէտք է լինէր ընդհանրապէս փաթեթը շրջանառութիւնից հանելը և հանրակրթութեան հարցերով զբաղւելը,-ամփոփել է Տիգրան Թորոսեանը։

7or.am

0 Պատգամ: