«Ադրբեջանը փորձում
է մոլորութեան մէջ գցել
միջազգային հանրութեանը»
«Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում Հայ վարպետների
կողմից նրբօրէն փորագրւած 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը,
նշելով, որ այդ ոճրագործութեան ակներև արտայայտութիւնն է»
«Որևէ մէկը չի կարող կանգնեցնել պատմութեան առաջընթացը. հակառակ
դէպքում այս կազմակերպութիւնում չէին լինի 192 անդամ երկրներ
հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարէն»
«Չնայած վերջին տասնամեակների բոլոր զարգացումներին, իրավիճակն այն տարածաշրջանում, որտեղ Հայաստանն է, ինձ մղում է կրկին անդրադառնալ այն հեռաւոր, բայց նաև՝ մօտ 1946-ի Յունւարի 10-ին արտայայտւած նպատակներին, որոնք առաւել քան օրակարգային են մնում մեր գործողութիւններում», - ասել է Նիւ-Եորքում գտնւող Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը` ելոյթ ունենալով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընդհանուր դեբատների շրջանակներում: Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատւութեան վարչութիւնից:
ՀՀ ԱԳ նախարարը հարցադրել է, թէ ինչպէ՞ս կարելի է պահպանել խաղաղութիւնն, անվտանգութիւնն ու կայունութիւնը, երբ տասնեակ անգամ բազմապատկւում են ռազմական ծախսերը, երբ պարբերաբար հնչում են ուժի կիրառման և պատերազմի սանձազերծման սպառնալիքներ:
«Ինչպէ՞ս կարելի է ապահովել ժողովուրդների միջև խաղաղ ու բարեկամական յարաբերութիւններ, երբ քարոզւում է անհանդուրժողականութիւն և ատելութիւն, երբ պարտադրւում են փակ սահմաններ և շրջափակում:
Ինչպէ՞ս կարելի է ապահովել ժողովուրդների իրաւահաւասարութիւնն ու սեփական ճակատագիրը տնօրինելու նրանց իրաւունքը, երբ մերժւում է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքը` ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը», - հարցադրել է Է.Նալբանդեանը:
Դիմելով նստաշրջանը նախագահողին` Էդւարդ Նալբանդեանը ցանկութիւն է արտայայտել անդրադառնալ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկայ հակամարտութեանը:
«Երկու տասնամեակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրաւունքը: Նրանք պայքարել են ազատութեան իրենց իրաւունքի համար` դիմակայելով Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմին: 70 տարի շարունակ նրանց հալածում էին, ձգտում բնաջնջել իրենց իսկ պատմական հայրենիքից: Այդ նպատակով Ադրբեջանն անգամ դիմել է միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնութեանը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպւած էր պայքարելու յանուն իր ինքնորոշման իրաւունքի իրացման, քանի որ մերժում էին անգամ իր գոյութիւն ունենալու իրաւունքը», - յայտարարել է Է.Նալբանդեանը:
ԱԳ նախարարը յիշեցրել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը Միաւորւած ազգերի կազմակերպութեան Կանոնադրութեան մէջ ամրագրւած հիմնարար և անքակտելի իրաւունք է:
«Յուլիսին Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից ընդունւած խորհրդատւական որոշումը վերահաստատեց այս կազմակերպութեան հիմնադիրների իմաստնութիւնը, առ այն, որ աշխարհում խաղաղութեան և կայունութեան ապահովման հիմնարար սկզբունքներից մէկը` ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, որևէ կերպ չի կարող ստորադասւել միջազգային իրաւունքի այլ սկզբունքներին», - արձանագրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
Նա կոչ է արել ներկաներին իրատես լինենք` շեշտելով, որ որևէ մէկը չի կարող մէկընդմիշտ ասել, որ սա ինքնորոշման իրականացման վերջին դէպքն է:
«Որևէ մէկը չի կարող կանգնեցնել պատմութեան առաջընթացը. հակառակ դէպքում այս կազմակերպութիւնում չէին լինի 192 անդամ երկրներ հիմնադրման ժամանակ եղած 51-ի փոխարէն», - ասել է Էդւարդ Նլաբանդեանը:
«Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային գործընթացն առաջ է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` միջազգային մանդատ ունեցող միջնորդութեամբ, որոնք շարունակում են հետևողական ջանքեր գործադրել հակամարտութեան խաղաղ կարգաւորման նպատակով` հիմնւած միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների վրայ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրաւահաւասարութիւն և ինքնորոշում, տարածքային ամբողջականութիւն: Յուլիսի 17-ին Ալմաթիում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտօնական հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հանդէս են եկել յայտարարութեամբ, որտեղ նրանք վերահաստատել են, որ առաջարկւած սկզբունքները և դրոյթները մշակւել են որպէս մէկ ամբողջութիւն, և որևէ մէկին միւսների հանդէպ գերակայութիւն տալու ցանկացած փորձ անհնար կդարձնի հաւասարակշռւած լուծման հասնելը», - ասել է Է.Նալբանդեանը և շեշտել, որ Հայաստանը լիովին համամիտ է այս տեսակէտին` շարունակելու բանակցութիւնները դրա հիման վրայ` փնտրելով Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորում:
ՀՀ ԱԳ նախարարը ցաւով արձանագրել է, որ Ադրբեջանը մերժում է նշւած երեք սկզբունքներից երկուսը և ձգտում գլխիվայր շուռ տալ ոչ միայն բանակցային գործընթացի էութիւնը, այլ նաև խեղաթիւրել հակամարտութեան բնոյթը տարբեր միջազգային հարթակներում, ներառեալ` ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան, ինչպէս այստեղ նորից տեղի ունեցաւ մօտ երկու շաբաթ, նաև երկու օր առաջ:
«Այդ երկիրը փորձում է մոլորութեան մէջ գցել միջազգային հանրութեանը` հակամարտութեան հետևանքները ներկայացնելով որպէս դրա պատճառներ:
Ադրբեջանի կողմից չդադարող ռազմատենչ հռետորաբանութիւնը, հրադադարի ռեժիմի յաճախակի դարձած խախտումները և Ադրբեջանի ռազմական բիւջէի աննախադէպ աճը միայն սրում են իրավիճակը` մեծացնելով տարածաշրջանում արդէն իսկ փխրուն կայունութեան շուրջ մտահոգութիւնները: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերեալ համաձայնութեան գալու և հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկները: Նման դիրքորոշմամբ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանային խաղաղութեանը և անվտանգութեանը:
Նաւթային եկամուտներից ստացւող գումարները ուղղւում են ռազմական նոր ավանատիւրաների ֆինանսաւորմանը: Մենք բոլորս էլ գիտենք նման արկածախնդրութեան հետևանքները», - ներկաներին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Էդւարդ Նալբանդեանը նշել է, որ Ադրբեջանը պէտք է զերծ մնայ կարգաւորման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափից ու շրջանակներից այլ ձևաչափեր տեղափոխելու շարունակական փորձերից և սադրիչ ու ռազմատենչ յայտարարութիւններից ու գործողութիւններից, որպէսզի բանակցային գործընթացը կարողանայ առաջ ընթանալ առաւել կառուցողական և արդիւնաւէտ ուղիով:
«Այսօր, երբ մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու խրախուսումը համարւում է քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հայեցակարգը, այլ քաղաքակրթական արժէքների հանդէպ անհանդուրժողականութիւնը, մշակութային կամ կրօնական ժառանգութեան միտումնաւոր, շարունակական վնասումը կամ ոչնչացումը պէտք է դատապարտւի նոյն հաստատակամութեամբ, ինչպէս ժողովրդի դէմ բռնութիւնը», - ասել է Է.Նալբանդեանը:
Հայաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարը յիշեցրել է Ադրբեջանի կողմից 1998-2005թթ. Նախիջևանում Հայ վարպետների կողմից նրբօրէն փորագրւած 9-16-րդ դարերի խաչքարերի ոչնչացումը, նշելով, որ այդ ոճրագործութեան ակներև արտայայտութիւնն է:
«Միջնադարեան հազարաւոր նմանատիպ հսկայ քանդակներ են հողին հաւասարեցւել Ադրբեջանի կառավարութեան ամենատես աչքի հսկողութեան ներքոյ, և այդ տարածքը կառավարութեան արտօնած ծրագրով վերածւել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչութեամբ Յուշարձանների պահպանութեան 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխաւոր Ասամբլեան յայտարարել է. «այս ժառանգութիւնը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգութեան մէջ, այսօր այլևս չի կարող փոխանցւել ապագայ սերունդներին», - ասել է Էդւարդ Նալբանդեանը:
ԱՅՍՕՐ, 09:33
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment