Ադրբեջանը սաստւել է
ԼՂՀ ճանաչման
սպառնալիքով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պէտք է այցելեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի յարակից տարածքներ, այլև Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող տարածքներ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ յայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այւազեանը: Յիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 4-ից 14-ն ընկած ժամանակահատւածում նախատեսում են դաշտային գնահատման առաքելութիւնն իրականացնել Լեռնային Ղարաբաղի յարակից տարածքներում:
«Շատ վատ ենք տրամադրւած, որ առաքելութիւնը գնում է միայն Ղարաբաղ, նրանց առաջարկում եմ մի անգամ էլ լինել Ադրբեջանի հայաբնակ շրջաններում: Թող գնան Շահումեան, Գետաշէն, Նախիջևան: Մենք այս հարցը շարունակ բարձրացնելու ենք` մինչև արդիւնքի հասնենք: Ի վերջոյ, յայտնի ճշմարտութիւն կայ՝ 100 անգամ կրկնւած սուտը կարող է ճշմարտութեան տեղը գրաւել: Ու քանի դեռ մենք ճշմարտութեան մասին լռում ենք, ադրբեջանցիների սուտն ու կեղծիքը գրաւում է արդարի տեղը»,- ասաց բանախօսը:
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից փախստականների վերադարձի մասին բանաձևի նախագծի կասեցմանը` Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը կարծիք յայտնեց, որ այդ քայլին Բաքուն ստիպւած էր գնալ` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախութեան ճանաչման սպառնալիքի ներքոյ, բայց յարմար պահին կարող է նորից առաջադրել այդ փաստաթուղթը:
«Ադրբեջանն այդ հարցը ուզում է յօգուտ իրեն լուծել` հիմնւելով այն հանգամանքի վրայ, որ Ասամբլեայում մահմեդական ներկայացուցչութիւնը շատ մեծ է: Եթէ անգամ հարցը դրւէր քւէարկութեան, ապա վատ չէր անդրադառնայ հայկական կողմի վրայ: Կարծում եմ` հէնց Լեռնային Ղարաբաղի անկախութեան` Հայաստանի կողմից ճանաչման սպառնալիքն Ադրբեջանին դրդեց յետ կանչել այդ անհեթեթ յայտարարութիւնը: Ամէն դէպքում, այս գաղափարից նրանք յաւերժ չեն հրաժարւել, և իրենց համար ցանկացած յարմար պահի հարցը նորից կբարձրացնեն: Վստահ կարող եմ նաև ասել, որ ադրբեջանական կողմին պատերազմական գործողութիւների վերսկսումից յետ է պահում ոչ թէ միջազգային հանրութեան ճնշումը, այլ ռազմական ուժերի բալանսը, որն այս պահի դրութեամբ յօգուտ նրանց չէ: Եթէ իր յաղթանակում նա կասկած չունենար, ոչինչ նրան չէր կանգնեցնի»,- ասաց բանախօսը:
ԱՅՍՕՐ, 17:08
Aysor.am

0 Պատգամ: