«Ղարաբաղի հարցում, իրօք, մտահոգիչ իրավիճակ է ստեղծւել: Բայց այդ իրավիճակը ստեղծւել է ոչ թէ կոնկրետ ինչ-որ հանդիպման ժամանակ, կամ այդ հանդիպման բացակայութեան պատճառով, այլ Թուրքիայի նկատմամբ մեր կողմից վարւող անխոհեմ քաղաքականութեան արդիւնքում: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հիմնական նախապայմաններից մէկը հէնց Ղարաբաղում հայկական շահերն ադրբեջանական շահերին ենթարկեցնելն է ու զիջելը»,- ասուլիսում նման տեսակէտ յայտնեց Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը: Ըստ նրա, նախագահը, արտաքին գործերի նախարարը, ԱՄՆ փոխնախագահը վստահեցնում են, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համար որևէ նախապայման չկայ: «Ես մեր բարձրաստիճան պաշտօնեաների հայրենասիրութեան վրայ կասկածելու պատճառ չունեմ, բայց ես տեսնում եմ, որ նրանք սխալմունքի մէջ են»,- ասաց նա ու իր միտքը բացատրելու համար նշեց. «Հարց է առաջանում, եթէ նախապայման չկա և եթե բոլորն ընդունում են, որ ճանապարհ բացելն ու դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելը միջազգային օրէնքի համաձայն Թուրքիայի պարտավորութիւնն է, ապա ինչո՞ւ չի բացում: Որովհետև նախապայմանները կան` քողարկւած են, միգուցէ կոշտ և յստակ չեն հրապարակւում: Սակայն այդ նախապայմանները եթէ ոչ դռնից, ապա պատուհանից փորձ են անելու մեր վզին փաթաթել»: Հէնց այս փաստն է ՀՅԴ-ականի մօտ մտահոգութիւններ առաջացնում: Ըստ նրա, հայ-թուրքական յարաբերութիւնները պէտք է կարգաւորւեն 3 փուլով` յարաբերութիւնների նորմալացում (երբ ամէն մէկն իր շահերի մասին է մտածում, նախապայմաններ չկան, դիւանագիտական յարաբերութիւններ են հաստատւում, ճանապարհը բացում է նա, ով փակել է), այնուհետև մերձեցում ու բարիդրացիական յարաբերութիւններ: Ինչպէս նշեց Վահան Յովհաննիսյանը, հէնց այս վերջին երկու փուլում պէտք է խօսեն սահմանի, տարածքների, Ցեղասպանութեան մասին:
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Պատգամ:
Post a Comment