Գ ա ր ու ն ա, Ա ր ու ն չկայ. . .
ՎԱՐԴԱՆ ԴԱՒԹԵԱՆ
Ապրիլ է, գարուն, եւ կակաչագոյն ծաղկուն յոյզերի պոռթկումներով լեցուն սրտերն ահա պատրաստւում են հինգշաբթի եւ ուրբաթ օրերը իրենց պահանջատիրական տենչով ամրացւած բռունցքները երկինք սլացնել ու արդարութիւն պահանջեն:
Պարիսպ դարձած բռունցքներին ընկերակցում են նաեւ խեղդւելու եւ հատւելու անյաջող փորձն անցկացրած բազմահազար կոկորդներն ու լեզուները, որոնք իրենց աղաղակներով, աշխարհի երկնքներն ու խլացած ականջները ճեղքելով, արդարութեան իրականացումն են բացագանչելու:Նրանք դեռ աւելին են անելու:
Նրանք իրենց համախմբումներով ու միջոցառումներով փորձում են «Հայոց Ցեղասպանութիւն»ը ճանաչել տալով, քսաներորդ դարի ճակատն ու երեսը մաքրել այդ ահաւոր մուրից ու ամօթից: Նրանք պիտի փորձեն աշխարհին յիշեցնել, որ մարդ են..., ու չեն կարող անտարբեր մնալ «մարդու» կողմից մարդու դէմ գործւած ոճրագործութեան նկատմամբ: Ու յիշեցնել՝ որ 1915 թւականին թափւած կակաչագոյն արիւնը չի չորանայ մինչեւ այն ժամանակ, երբ համաշխարհային ատեանների սեղանների վրայ դեռ բաց է 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան դատական արխիւը:
...Ու դարձեալ յիշեցնել այն հանգամանքը, որ կակաչագոյն արիւնից բխած արմատը ծիլ է արձակել ու այսօր 94 տարի անց, կակաչագոյն բռունցք է դարձել ցեղասպանների դնչերի առջեւ...
+++
Ոչ մէկս աշխարհի աւելի մոխրագոյն կամ աւելի վարդագոյն ծայրերում, կամ աւելի լաւ ու աւելի վատ կլիմա ու քաղաքակրթութիւն ունեցող աշխարհներում չենք ծնւել: Ոչ էլ ուրիշ մոլորակներից ենք «շնորհ» բերել... Ամենքս էլ ծնւել ենք այս երկրի օրհնւած անկիւններից մէկում: Այնտեղ, ուր լաւն ու վատը, գեղեցիկն ու տգեղը՝ բաժանւում են հաւասարապէս...Բոլոր անկիւններում ծնւածներն էլ ունենում են իրենց իւրայատուկ վարք ու բարքն ու սովորութիւնները, ինչպէս նաեւ՝ յատուկ բարբառները, որոնք երբեմն անհասկանալի են միւսների համար...բայց միաժամանակ այդ բոլորին միասին՝ հայեր ենք անւանում:Մեզանից իւրաքանչիւրը հայերէն լեզւի բառերը, մեր սովորութեան ու բարբառի համաձայն ենք արտասանում: Ոմանք, երեքշաբթի-ին՝ իրեքշաՖթի, աշխատանքին՝ ախշատանք, գուլպա-ին՝ կուլպա, վզնոցին՝ բգլորթ, բաժակ-ին՝ թաս, պատշգամբին՝ բալաւեր են ասում, ու մենք էլ հաց-ին խաց ու արիւն-ին արուն ենք ասում... Իսկ այս բազմապիսի բարբառներով խօսող մեր նման մարդիկ, բոլորն էլ՝ արիւնին տեսնում են իրեն յատուկ կարմիր գոյնով ու արուն-ասոյթը չի փոխում դրա իւրայատկութիւնները... եւ ոչ էլ խաց-ն է խախտում ցորենի արեւաշող հատիկների սրբութիւնը: Արինն անրիւն է, իչպէս որ գրես, ինչպէս որ ասես...եւ այդ արունը՝ տէր ունի...
+++
Կարեւոր չի թէ ի՞նչ ու ո՞ր բարբառով կամ ոճով ենք արիւն կամ արուն ասում, կամ երեքշաբթի ենք ասում թէ իրեքշաՖթի... կարեւորն այն է, որ 1915 թւականի մայիսի այսինչ օրը երեքշաբթի էր..., այսօրւայ նման ոչ շատ տաք գարնանային կամ էլ ամառային մի օր, եւ որի երկնքից արուն թափեց..., արիւն...տաք ու արդար արիւն, որը թափւելուն պէս սառնամանիքի վերածեց հայոց ջերմ ու դալար աշխարհը... Եւ ահա Սեւակն է աղաղակում՝ գարունա ձունա արել... Գարուն էր չեկած ամառ...Փուլ եկաւ երկնակամար...ու այսպէս լեգենդներին ենք կանչում պատմելու համար ահաւոր արհաւիրքի գորշագոյն ծալքը, ի՜նչ ծալքը՝ խորքը..., խորշը՝ բացւած սրտին...երբ բոստանում ծիլ էր ծլում, երբ կակաչը գոյն էր տալիս ու ամաչում՝ արեան կարմրից, երբ ծիծեռնակը բոյն էր շինում ու արագիլը տուն էր դառնում..., ահա այն պահին՝ փորձեցին փլել երկնակամարը... նրանք՝ որոնք թիկունքն արած արեգակին դէպի խաւարն էին վազում արագ, աղւէսների գորշ խմբի պէս...
+++
Շուշիկն իրենց շեմի սաքու-ին թել էր մանում. դուստրը՝ Մանուշը շապիկ էր ուզում Համբարձման տօնին հագնելու համար: Մանուշի հայրը ոչխար էր ընտրում ներկելու համար: Յուսիկն այնպիսի ոգեւորութեամբ ու բծախնդրութեամբ էր քննում անասուններին, որ կարծես թէ որդու Արշակի հարսանիքի խաշլամայի պատրաստութիւնն է տեսնում... Փոքրիկ Արբակը տանիքի բաշին նստած հեռուներից եկող փերեզակի ճամբան էր դիտում. Արբակի համար ցեխէ սուլիչ պիտի բերէր քաղաքից: Հեռւում, գիւղի ժամի առջեւ ծնկաչոք աղօթում էր Ոսկան պապը, բայց ինչպէս միշտ ոչ ոք չգիտէր թէ ծերուկի ու Աստծոյ մենութեան միջեւ ինչեր էր դառնում երկար տարիներից առաջ... եւ հէնց այնպէս ոչ ոք էլ չիմացաւ... մինչեւ իր եղերական մահը, երբ տասնոցը ձեռքին դեռ չկրակած գետին գլորւեց... Մէկն իրենից շուտ էր կրակել...ճիշտ ժամի դիմաց:Գեղեցիկ օր էր, հէնց նոյն օրը, երեքշաբթի, եւ կամ կիրակի, գուցէ եւ ոչմի շաբթի... անանուն օր էր հակառակ նրան, որ այդ անանուն օրն էլ մնաց պատմութեան ամենագազանային ու միաժամանակ պատմական պահը՝ իբրեւ մարդկութեան մինչեւ դարդարոսի խորքերն ստորանալու մուգ մոխրագոյն օր, խո՜ր մինչեւ գորշ գայլերի իշխանութեան գահի արնոտ նստավայրը... որտեղ ոռնում են միայն չար ուրւականներն ու միմեանց մէջ վխտում են մարդակեր արնոտ որդերը՝ արնօտած դնչերով...Այդպիսի մի օր էր, որ Արբակից, Շուշիկից, Անուշից, Յուսիկից, Մանուշից ու Ոսկան պապից բացի, գիւղի միւս անկիւնում օր էին ապրում նաեւ Շարմաղը՝ տաշտը մաքրելով, հայրը՝ Յովսէփը՝ մանգաղը ձեռքին, մայրը՝ Կատարին՝ կովը կթելով ու Նազան տատը մարագի դռան՝ ձեռնոց գործելով, իսկ Մակար պապը՝ թոնրի կողքին փայտ էր սրում, սրում ու սրում, ու անվերջ սրում...Հեռւում դաշտի մէջ, մի այդպիսի օր եզն արածում ու կովը բոռում էր, հորթը արածում ու գառը մայում էր, իսկ արագիլը մեծ կաղնու ծայրին, ծիլը կտուցին՝ լալիս էր լալիս... Նա ամենամօտն էր գացող ամպերի, մռայլ ամպերի, նա տեսնում էր արհաւիրքը, որ գալիս էր գլխին տալէն...
+++
...Եւ պատահեց՝ անասանելին... անկատարելին... առանց ասելու, առաց հարցնելու..., առանց խորհելու......Ու դաշտը ներկւեց սրբացւած կակաչագոյն արեան լճով...
+++
Հեռւում դաշտի մէջ, մի այսպիսի օր, էլ ոչինչ չկար... եւ գիւղում միայն՝ աւեր ու ծուխ էր..., փոշի ու լաց, մանկան մղկտոց, կալն արնոտած ու հանդը վառւած..., եւ մահւան սեւ ստւեր,... ու էլ ոչինչ...Գիւղում ու դաշտում, եւ թէ հանդի մէջ ոչինչ իր տեղը չէր: Չամը գլորւած, քարը փշրւած, դարմանը քամուն, հատիկը ցրւած, բահը խորտակւած՝ Յովսէփի դոշին, իլիկը պառկած՝ Շուշիկի փէշին, Ոսկան պապի մօտ՝ տասնոցը՝ ձեռքին, Շարմաղի կողքին՝ փշրւած տաշտը, Արբակը կախւել էր բաշից՝ ժամի զանգի պէս, Մանուշն ընկած ներկած ճիւղի հետ, բոստանը ցամաքած, թզենին չոր էր, կաթը տաշտի մէջ Շողեր էր կանչում, ու...կակաչը, այս կակաչը... գլուխը կախ՝ մարդ էր որոնում իրեն ասելու թէ՝ ինքն է կարմիր թէ այն արիւնը..., արունը, արուն...: Վառ ալ արունը, որ թափւել երէկ կիրակի, կամ իրեքշաՖթի...հանդից քիչ այն կողմ, կակաչի կողքին, կակաչից կարմիր... եւ սիրահարւած գուցէ Սարոյին եւ կամ Մարոյին... նայած թէ ով է՝ Շողեր թէ Շահիկ...Այսպէս ահա կարծես ոչինչ իր տեղում չէր, ու բացակայ էր՝ նոյնիսկ Աստւածը...
+++
Հեռւում դաշտի մէջ արուն է հոսում: Արեան հոտը գայլեր է կանչում...եւ բու-երին, չղչիկներին, բորենիներին ու գիշակներին երեկոյթի է հրաւիրում: Ու պար են բռնում բոլորը մէկտեղ... կալերի տեղը, չամերի կողքին ու խորտակւած լծերից այնկողմ՝ այնտեղ ուր իրար կողքի են շարւած Արբակն ու Շողերը, Յուսիկն ու Շուշիկը, Շարմաղն ու Աչիկը... եւ նոյնիսկ փերեզակ Յակոբը՝ տիկնիկներ գրկին ու ցեխէ սուլիչը գօտիկի տակ... Բոլորն էլ անշունչ, բայց ոչ առանց յուշ եւ կամ յիշատակ: Սաւառնող արծիւները, նրանց պատգամն ու կտակը, տարին շաղ տւին տիեզերքն ամբողջ ժամանակների ու աշխարհների, որ – Մենք տաշւեցինք, բայց չմաշւեցինք...
+++
Անցան սերունդներ... երկու կամ երեք: Անցան Դեր Զօրից, անապատներից, ու երկրներից, հասան ինչ որ տեղ՝ անունը սփիւռք: Եւ մնացին ոչ շատ երկար քան մի սերունդ: Չտաշւեցին, հանգիստ առան, բայց յոգնեցին եւ հեռացան ու մաշւեցին...
+++
ԻրեխշաՖթի է կամ էրկուշաբթի, գուցէ եւ խինշաՖթի...ամբողջ աշխարհի ու մեր քաղաքի փողոցների մէջ գարուն է ծաղկել ու կոկոն բացւել...Ահա մեր առջեւ փողոցների մէջ քայլում են, աղաղակում են՝ Արբակն ու Շաղիկը, եւ ուրիշները... իրենց սեփական ոտքերով, առնական կոկորդներով եւ պարսպւած բռունցքներով...Նրանց ոչ ոք չի քայլեցնում, չի խոսցնում, եւ ոչ էլ տաշում՝ առանց մաշւելու... Եւ կարեւոր չի թէ ո՞ւր եմ ծնւել, կարեւոր է թէ՝ ինչպէս կը մեռնեմ...
+++
Արուն էր, գ ա ր ու ն ա... մենք տաշւեցինք ու յղկւեցինք, բայց երբե՜ք երբե՜ք չմաշւեցինք... Ահա մենք ենք՝ փողոցներում... լաւ նայեցէք...ու կուրացէք... եւ զարմացէք ... եթէ կուզէք...Գարուն-ա, արուն չկայ... կակաչ կայ, յոյս կայ, կամք կայ, եւ ժողովուրդ, որ մարդավայել ապրել է տենչում...Հինգշաբթի եւ ուրբաթ, մեր կամքն արտայայտենք, եթէ ունենք... vartandav@yahoo.com
1 Պատգամ:
yergar jamanag er vor chei garoghacel aicelel ais gaikeje. ansahman hajooikov yev hedakrkrootiamb hedevoom em zer hodvacnerin togh vor zer griche ansbar lini yev zez ganach janabarhem maghtoom.
Post a Comment