Ադրբեջանում ընտրութիւններին
իրականում մասնակցել է
ընտրողների 35 տոկոսը
12:36 • 08.11.10
Արդէն իսկ տեղեկութիւն կայ, որ Ադրբեջանում ընտրութիւնների արդիւնքում խորհրդարան են անցել երկրի իշխող կուսակացութեան մօտ 70 անդամ, այդ թւում նաև նախագահ Իլհամ Ալիևի կինը: Այս մասին այսօրւայ ասուլիսի ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրէն Գագիկ Յարութիւնեանը:
«Արդիւնքները բոլորի համար, կարծես թէ, սպասելի էին: Սակայն կայ մի նրբութիւն. նախորդ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցեցին ընտրողների մօտ 65%, այս անգամ, նախնական տւեալներով, գրանցւել է ոչ աւելի, քան 50% մասնակցութիւն»,- ասաց Յարութիւնեանը` նշելով, որ նկատւել է 15% անկում:
Հաշւի առնելով Ադրբեջանում ընտրական գործընթացի ժամանակ կիրառւող տեխնոլոգիաները՝ Յարութիւնեանը համոզմունք յայտնեց, որ ընտրողների իրական թիւը 30-35%-ից չի անցնում:
«Ադրբեջանական հանրութիւնում որոշակի անտարբերութիւն է սկսւում նման ընտրութիւնների նկատմամբ»,- նշեց նա:
Փորձագէտը նաև նկատեց, որ եթէ նախկինում ընդդիմութիւնը բաւականին ակտիւ էր իրեն դրսևորում, փորձում էր միտինգներ, երթեր կազմակերպել, ապա այս անգամ ընդդիմութիւնը «ապատիկ վիճակում է»:
«Ի վերջոյ, կարող ենք փաստագրել, որ Ադրբեջանում բոլորը կարծես թէ հաշտւել են եղած իրադրութեան հետ», - ասաց փորձագէտը:
Ադրբեջանական հանրութեան անտարբերութիւնը և պասիւութիւնը նա կապում է ապագայում նաւթի պաշարների նւազեցման հետ: «Իրենք զգում են, որ ապագայում զարգացման հարցում որևէ հեռանկար չի նկատւում», - պարզաբանեց նա:
Յարութիւնեանի կարծիքով` մեծամասնական ընտրակարգը դժւարեցնում է ասել, թէ ովքեր են զուտ «պրոիշխանական» և ովքեր են, այսպէս կոչւած, ընդդիմադիրները:
Նա նաև անդրադարձաւ միջազգային դիտորդների գնահատականներին: ԵԽ ներկայացուցիչը դրական է գնահատել Ադրբեջանի ընտրութիւնների ընթացքը: «Սա նոյնպէս որոշակի անտարբերութեան մասին է վկայում, որովհետև նախկինում նրանք աւելի ակտիւ էին, իսկ հիմա նրանք ուղղակի գնացել և իրենց պարտքն են կատարել, չնայած, որ միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները բազմաթիւ տւեալներ ունեն այն մասին, որ ընտրողներին վախեցրել են»,- եզրափակեց նա:

Tert.am

0 Պատգամ: