Թուրքական իշխանութիւնները
վաճառքի են հանել Եղիշէ Չարենցի՝
Կարսում գտնւող տունը
Նոյեմբեր 04, 2010 02:33
Թրքական իշխանութիւնները վաճառքի են հանել հայ մեծանուն բանաստեղծ Եղիշէ Չարենցի՝ Կարսում գտնւող տունը։ Շրջանառւող լուրերի համաձայն, դեռ անցած տարի տունը գնելու ցանկութիւն է յայտնել մի պոլսահայ մեծահարուստ, սակայն անյայտ պատճառներով գործարքն այդպէս էլ չի կայացել։
Ճշտելու համար, թէ պոէտի՝ Երեւանում գտնւող տուն-թանգարանում տեղեա՞կ են այս մասին, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Եղիշէ Չարենցի տուն-թանգարանի տնօրէն Լիլիթ Յակոբեանի հետ։
Վերջինս նշեց, որ թէպետ հարիւր տոկոսով չի կարող հաստատել լուրը, սակայն յատկանշական է, որ իրեն էլ նման խօսակցութիւններ հասել են։ «Թէ որքանով է դա ճիշտ, չեմ կարող ասել։ Միայն մի բան գիտեմ, որ թուրքերն այդ տունը հաստատ չեն գնի։ Կարսի հայկական տները աւերւած են, դրանցում բացառապէս քրդեր են ապրում։ Թուրքերը երբէք չեն ուզի հայի տանն ապրել։ Միաժամանակ ըստ իրենց օրէնքի՝ տունը կարող են գրել միայն Թուրքիայի քաղաքացի հանդիսացող անձինք»,- նշեց Լիլիթ Յակոբեանը։
Հարցին, թէ բանաստեղծի տունը գնելու խնդրանքով ինքը փորձե՞լ է, արդեօ՞ք, դիմել պոլսահայ համայնքի ներկայացուցիչներին, թանգարանի տնօրէնն ասաց. «Նման փորձ չենք արել, որովհետեւ դա պէտք է անէր Թուրքիայի Հայ համայնքը, համայնքն առաջինը պէտք է արձագանքէր նորութեանը»։
Լիլիթ Յակոբեանը նաեւ տեղեկացրեց, որ 2005-ին, երբ ինքը Թուրքիայում էր, հանդիպել է Կարսի այն ժամանակւայ՝ ազգութեամբ քուրդ քաղաքապետի հետ, առաջարկել վերականգնել Չարենցի տունը՝ այն վերածելով մշակութային կենտրոնի։ «Առաջարկեցինք նաեւ տանը կից փոքրիկ հիւրանոցային համալիր կառուցել, որտեղ կանգ կառնեն աշխարհի տարբեր ծայրերից այդտեղ այցելող բոլոր Հայ մտաւորականները։ Կարսի նախկին քաղաքապետն այդ միտքը բաւականին ջերմօրէն ընդունեց։ Այս հարցով դիմեցի նաեւ Հայաստանի ԱԳՆ։ Հարցը պետական մակարդակով քննարկւում էր, սակայն գործընթացը կանգ առաւ ճիշտ Հրանտ Դինքի սպանութեան օրը։ Այդ օրը ԱԳՆ-ն պէտք է պատասխաներ ինձ՝ նամակով դիմե՞մ, թէ` չդիմեմ թրքական կողմին։ Եթէ անգամ նամակ գրելու լինեի, պէտք է ԱԳՆ-ն թելադրէր նամակի տեքստը, բայց ամէն ինչ այդպէս էլ կիսատ մնաց»,- ամփոփեց Լիլիթ Յակոբեանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment