Արա Պապեան.–
Մեր հասարակութեան տեսած վերջին ադրբեջանական
ֆիլմը Մանւէլ Սարիբէկեանի մասնակցութեամբ էր
«Հայ հասարակութեան հանդուրժողականութեան մակարդակը մի քանի գլուխ
բարձր է ադրբեջանական հասարակութեան հանդուրժողականութիւնից»

«Այսօր փոխւել է շատ կարևոր բան: Ոտնահարւել է
արդարութիւնը, այսինքն` խախտւել է փոխադարձութեան
սկզբունքը»
10:40 • 13.11.10
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապեանը հանդէս է եկել ազգային հանդուրժողականութեան և ադրբեջանական ֆիլմերի մասին յօդւածով։
«Ես մէկն եմ այն մարդկանցից, որ Facebook-ի վրայ միացել է ադրբեջանական ֆիլմերի ցուցադրութեանն ընդդիմացող նախաձեռնութեանը: Արդեօ՞ք, այնքան նեղմիտ ազգայնական եմ, որ դէմ եմ մշակութային շփումներին: Բնաւ` ոչ: Դեռևս երկու-երեք տարի առաջ, երբ Հայ քաղաքական և հասարակական գործիչների շրջանում, ինչպէս միշտ օտարերկրեայ ֆինանսաւորմամբ, հարցախոյզ էր անցկացւում Հայ-թրքական և Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների ապագայի շուրջ, ես ինքս եմ առաջարկել նախաձեռնել, ապաև ընդլայնել փոխադարձ մշակութային կապերը:
Հիմա ի՞նչ է փոխւել, որ դէմ եմ: Փոխւել է շատ կարևոր բան: Ոտնահարւել է արդարութիւնը, այսինքն` խախտւել է փոխադարձութեան սկզբունքը: Եթէ Երևանում, կարծես այս անգամ ԱՄՆ-ի ֆինանսաւորմամբ, նպատակ կայ անցկացնել ադրբեջանական ֆիլմերի դիտում, ապա Բաքւում էլ պիտի կազմակերպւի համարժէք միջոցառում, այսինքն` պիտի կազմակերպւի հայկական ֆիլմերի ցուցադրութիւն: Եթէ սա չի արւում, ապա ամբողջ աշխարհին սխալ ուղերձ է յղւում` մարդիկ մտածում են, որ միայն հայերի մէջ հանդուրժողականութիւն սերմանելու կարիք կայ:
Ես չեմ կարող պնդել, որ մենք արևմտեան չափանիշներով հանդուրժող հասարակութիւն ենք: Անտարակոյս մենք հանդուրժողականութեան պակաս ունենք մեր իսկ հասարակութեան որոշ փոքրամասնութիւնների նկատմամբ: Այս առումով մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու: Սակայն Հայ հասարակութեան հանդուրժողականութեան մակարդակը մի քանի գլուխ բարձր է ադրբեջանական հասարակութեան հանդուրժողականութիւնից: Եւ սա վերաբերում է ոչ միայն ազգամիջեան յարաբերութիւններին:
Փոխադարձութեան սկզբունքը կարևորագոյն սկզբունք է միջպետական յարաբերութիւններում: Այն անշեղօրէն պէտք է պահպանել: Միջպետական յարաբերութիւններում որևէ չարդարացւած զիջում մեր տարածաշրջանում ընկալւում է որպէս թուլութեան նշան և յղի է խիստ վտանգաւոր հետևանքներով:
Պէտք չէ մոռանալ, որ մեր հասարակութեան տեսած վերջին ադրբեջանական ֆիլմը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի Մանւէլ Սարիբէկեանի մասնակցութեամբ էր»:

Tert.am

0 Պատգամ: