Ադրբեջանը դուրս է գալիս Մինսկի խմբի
բանկացութիւնների ձեւաչափի դէմ

«Ադրբեջանի ներկայացուցիչը հէնց այս դահլիճում յայտարարում է, որ հիմնարար
սկզբունքները կորցրել են իրենց կարեւորութիւնը, եւ ժամանակի եւ էներգիայի վատնում է դրանց քննարկումը: Ինչպէ՞ս կարող է դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի Նախագահը յանձնարարել է իր նախարարին բանակցել»

«Ադրբեջանն այս դիրքորոշմամբ, փաստօրէն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցութեամբ ընթացող բանկացութիւնների ձեւաչափի դէմ»
Նոյեմբեր 13, 2010թ. 10:56
ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը ելոյթ է ունեցել Մինսկի խմբի համանախագահների զեկոյցի կապակցութեամբ
Նոյեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Յովակիմեանը, ի պատասխան Մինսկի խմբի հանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկոյցի, հանդէս է եկել ելոյթով, որտեղ մասնաւորապէս նշել է.
«Ինչպէս նշւել էր Աստրախանի եռակողմ հանդիպմանը յաջորդած՝ նախագահ Մեդվեդեւի մամուլի ասուլիսի ընթացքում, նախագահները յանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցութիւնները` հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնութեան հասնելու նպատակով:
Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում` հէնց այս դահլիճում յայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել են իրենց կարեւորութիւնը, եւ ժամանակի եւ էներգիայի վատնում է դրանց քննարկումը: Ինչպէ՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի Նախագահը յանձնարարել է իր նախարարին բանակցել:»
Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն այս դիրքորոշմամբ, փաստօրէն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցութեամբ ընթացող բանկացութիւնների ձեւաչափի դէմ:
Եզրափակելով ելոյթը՝ Աշոտ Յովակիմեանն ասել է. «Մէկ այլ հարց, որ ես կցանկանայի բարձրացնել, վերաբերւում է վստահութեան ամրապնդմանն ուղղւած ջանքերին: Ռազմական ոլորտում վստահութեան եւ անվտանգութեան ամրապնդման միջոցների ներկայացումը ԼՂ հիմնախնդրի կարգաւորմանն ուղղւած բազմաթիւ փաստաթղթերի անբաժան մասն է, որը, սակայն, շարունակաբար մերժւել է Ադրբեջանի կողմից: Աստրախանում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների համաձայն՝ այդ ուղղութեամբ կատարւած առաջին քայլին պէտք է յաջորդեն վստահութեան ամրապնդման այլ միջոցներ: Ադրբեջանը, սակայն, վստահութեան ամրապնդման ուղղւած առաջին քայլն անգամ օգտագործեց նեղ քարոզչական նպատակներով, ինչը ոչ թէ վստահութիւնը, այլ անվստահութիւնն է խորացնում: Մթնոլորտը սրում են նաեւ Ադրբեջանի բարձր ղեկավարութեան պատերազմաշունչ յայտարարութիւնները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցութիւնները:»

ArmAr.am

0 Պատգամ: