ԼՂ հարցի լուծման լաւագոյն տարբերակը
ազատագրւած տարածքների բնակեցումն է

13:05 • 04.11.10
Առաջիկայ մեր անելիքը և թիւ մէկ խնդիրը ԼՂ-ն բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն է: Այսօրւայ ասուլիսի ժամանակ յայտարարեց ԱԺ «ՀՀԿ» խմբակցութեան պատգամաւոր Արտակ Դաւթեանը:
Անդրադառնալով ազատագրւած տարածքները որպէս փոխզիջում վերադարձնելու մասին խօսակցութիւններին՝ Արտակ Դաւթեանը նշեց, որ Հայաստանն արդէն մի շարք զիջումներ արել է՝ մինչև այսօր չի ճանաչել Արցախի անկախութիւնը, բանակցում է նրա անունից:
«Տարիների հեռւից նորից ԼՂ-ն բանակցային սեղան վերադարձնելու գերխնդի՞ր էք դրել: Էն ժամանակ, որ Ռոբերտ Քոչարեանը դաշտային հրամանատարի կեցւածքով նստեց բանակցութիւնների, բայ ո՞ւր էին միւսները, չբացատրեցի՞ն, որ ի վերջոյ Ղարաբաղը պէտք է լուծի իր խնդիրը»,- Արտակ Դաւթեանի յայտարարութեանն արձագանքեց բանավէճի միւս մասնակից, «Հանրապետութիւն» կուսակցութեան անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրէն Աբրահամեանը: Նա նշեց, որ Ղարաբաղեան պատերազմում հնարաւոր է եղել յաղթանակի հասնել, որովետև եղել է մի կարևոր հանգամանք՝ Ղարաբաղցին կառչած է եղել իր հողին, ապրել է այնտեղ:
Ըստ Սուրէն Աբրահամեանի՝ ԼՂ հարցը մի օր անպայման լուծւելու է, բայց լուծման լաւագոյն տարբերակը ազատագրւած տարածքների բնակեցումն է, ԼՂ զարգացումը՝ իր թիկունքին զգալով հզօր Հայաստանի աջակցութիւնը:
Սուրէն Աբրահամեանը յայտարարեց, որ Ղարաբաղից Երևան եկած բոլոր պաշտօնեաները պէտք է վերադառնան Ղարաբաղ: «Ղարաբաղցին Երևանում գերեզման չպէտք է ունենայ»,- ասաց նա:
Արտակ Դաւթեանը համաձայնեց, որ պէտք է բնակեցնել Լեռնային Ղարաբաղը՝ միաժամանակ նշելով, որ «այնտեղ ապրելը պէտք է լինի նաև շահութաբեր», ինչի համար հարկաւոր է զարգացնել թէ Հայաստանը, թէ Լեռնային Ղարաբաղը: Սուրէն Աբահամեանն էլ արձագանքեց, թէ ինքն այդքան միամիտ չէ, որ չհասկանայ, թէ բնակեցման համար ինչ պայմաններ է հարկաւոր ստեղծել: «Ես կոնկրէտ մարդկանց մասին եմ ասում, որոնք հեղինակութիւն են»,- ասաց նա՝ յաւելելով, որ եթէ այդ հեղինակաւոր մարդիկ ապրեն Ղարաբաղում, ոչ ոք չի կարող յայտարարել, թէ տարածքները յանձնելու են:
«Հէնց պաշտօնից զրկւում են, գալիս են Հայաստան»,- ասաց Աբրահամեանը։ Դաւթեանը արձագանքեց, թէ Աստւած մի արասցէ, եթէ պատերազմ վերսկսվի, նոյն անձինք կվերադառնան Ղարաբաղ:

Tert.am

0 Պատգամ: