Գագիկ Մինասեանը Թուրքիայում
բարձրացրել է Ջուղայի խաչքարերի
ոչնչացման հարցը
«1000-ից աւելի խաչքարեր ոչնչացւել են, ինչը չի տեղաւորւում միջքաղաքակրթական և միջմշակութային երկխօսութեան դաշտում»
«Հայաստանի շրջափակումը ևս քաղաքակրթական դրսևորում չէ և յարիր չէ 21-րդ դարին»
17:06 • 10.11.10
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում նախորդ շաբաթ անցկացւած Սևծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի 36-րդ նիստին մասնակցել է նաև հայկական պատւիրակութիւնը։ Ինչպէս այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հայկական պատւիրակութեան անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բիւջէտային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանը, վեհաժողովի ընթացքում քննարկւել են միջմշակութային և միջքաղաքակրթական երկխոսութեանն ու այդ հարցերում խորհրդարանների դերին վերաբերող հարցեր։ Թուրքիայում Գագիկ Մինասեանն անդրադարձել է այդ բանագաւառներում ՀՀ կողմից վարւող ներքին և արտաքին քաղաքականութեանը։
Իր ելոյթում Գագիկ Մինասեանը բարձրացրել է նաև Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման հարցը։ Նշւել է, որ 1000-ից աւելի խաչքարեր ոչնչացւել են, ինչը չի տեղաւորւում միջքաղաքակրթական և միջմշակութային երկխօսութեան դաշտում։ Գագիկ Մինասեանն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը՝ նշելով, որ դա ևս քաղաքակրթական դրսևորում չէ և յարիր չէ 21-րդ դարին։ «Իմ դիտարկումներին թրքական պատւիրակութեան անդամները չհակադարձեցին»,- նշեց Մինասեանը՝ յաւելելով, որ իր ելոյթը լսել են Թուրքիայի խորհրդարանի նախագահը, երկրի փոխվարչապետը, և բարձրաստիճան այլ պաշտօնեաներ։
Հայ և թուրք պատւիրակների անցկացրած քննարկման ժամանակ թուրքերն ասել են, որ իրենց իշխանութիւնները մեծ ջանքեր են գործադրում Հայաստանի և Թուրքիայի միջև դիւանագիտական յարաբերութիւնների վերականգնման ուղղութեամբ։ «Սակայն նրանք նշում էին, որ այս հարցում երկրի ղեկավարութիւնը խնդիրներ է ունենում ընդդիմութեան և Ադրբեջանի հետ։ Իրենց տեսակէտը հետևեալն է՝ լուռ բանակցութիւն չկայ և չի լինելու։ Իրենք ասացին, որ կամ պէտք է վաւերացւեն արձանագրութիւնները, կամ պէտք է գործընթացը դադարեցւի»,- պատմեց Մինասեանը։
Պատգամաւորի խօսքով՝ թուրքերն ասել են նաև, որ սահմանի բացման դէպքում կշահեն ինչպէս հայերը, այնպէս էլ թուրքերը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment