Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութիւն.–
Ադրբեջանում գտնւող Հայ ռազմագերիները
Հայաստանում հետապնդման չեն ենթարկւելու
«Ադրբեջանի ռազմագերիները վերադառնալուց յետոյ ենթարկւում են
քրէական պատասխանատւութեան»

Նոյեմբեր 10, 2010 19:13
Ադրբեջանում գտնւող Հայ ռազմագերիները Հայաստան վերադառնալուց յետոյ որեւէ հետապնդման չեն ենթարկւելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամուլի քարտուղար Դաւիթ Կարապետեանը՝ մեկնաբանելով ադրբեջանական պետական կառոյցների տարածած տեղեկութիւնները, թէ Հայ ռազմագերիները չեն ցանկանում վերադառնալ Հայաստան:
«Կարմիր Խաչի միջազգային կազմակերպութեան ներկայացուցիչները տեղեկացւած են, որ Հայաստան վերադառնալուց յետոյ Հայ ռազմագերիները որեւէ հետապնդման չեն ենթարկւելու: Ի տարբերութիւն Ադրբեջանի, որտեղ ռազմագերիները վերադառնալուց յետոյ ենթարկւում են քրէական պատասխանատւութեան, Հայաստանում նրանք քրէական պատասխանատւութեան չեն ենթարկւում»,- նշեց Կարապետեանը:
Իսկ երրորդ երկիր տեղափոխւելու կապակցութեամբ Կարապետեանն ասաց, որ Հայաստանի Սահմանադրութեամբ ամրագրւած է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժւելու իրաւունքը եւ ցանկութեան դէպքում նրանք կարող են երրորդ երկիր տեղափոխւել Հայաստանից:
Նշենք, որ Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անյայտ կորածների յանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը յայտարարել էր, թէ Ադրբեջանում գտնւող Հայ ռազմագերիները հրաժարւում են վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են մեկնել երրորդ երկիր: Հայաստանի գերիների, պատանդների եւ անյայտ կորածների յանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմէն Կապրիելեանը NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել էր, որ Հայաստանի իշխանութիւններն այդ կապակցութեամբ պաշտոնապէս որեւէ փաստաթուղթ չեն ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտէից:
Նշենք, որ ներկայումս Ադրբեջանում են գտնւում 6 Հայ ռազմագերիներ Հրանտ Մարկոսեանը, Ալիկ Թեւոսեանը, Արթուր Սարգսեանը, Օհան Յարութիւնեանը, Գէորգ Թովմասեանն ու Կարէն Յարութիւնեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: