ԲԵՌ ԵՆՔ, ԹԷ՝ ԲԵՌՆԱԿԻՐ...


Բոլոր նրանք, որոնք չորս տարիներից ի վեր իմ հետ են եղել որպէս այս գնացքի ուղեւորներ, արդէն գիտեն, թէ՝ ի՞նչ է նշանակում «360+5 աստիճանի տրամագիծ»ը։ Իսկ նրանց համար, որոնք գնացքի այս կայանում են միանում մեզ, կարճ ասած, այսպէս եմ բացատրում,–
Հասարակական, .... կամ ցանկալի որեւէ երեւոյթին շրջահայեաց դիտելու, քննարկելու եւ տրամաբանական եզրայանգում ունենալու եւ գնահատական տալու համար հարկաւոր է խնդրոյ առարկայ երեւոյթին դիտել առաւելագոյնը 360 աստիճանի տրամագծով։ Այլ խօսքով՝ մարդու մարմինը, որի գլխին է տեղաւորւած դիտող աչքերն ու նոյնպէս դատողութեան օրգանը Աստծոյ կամոք, ընդամէնը 360 աստիճանի տրամագծով է կարող շրջւել՝ իր առանցքի վրայ։ Ուստի կատարեալ (համեմատական) շրջահայեաց լինելու համար, անհրաժեշտ է նւազագոյնը՝ 5 աստիճանի չափ էլ ներգործենք տրամագծի խորքը։ Եւ այսպիսով ծնւեց «360+5 աստիճանի Տրամագիծ»ը...
Ու այսպէս այսօրւայ թեման։


+++


Իւրաքանչիւրս, ինչ որ կերպ բեռ ենք կրում, բեռնակիրներ ենք... Մեզանից ոմանք մեր հոգում ենք կրում այդ բեռը, ոմանք էլ բեռան ծանրութիւնը յաձնում են ուսերին։ Երբեմն ուրիշների թողած բեռն ենք շալակում, երբեմն միւսների հիւանդ մտածումներից ծնւած ապօրինի բեռան ծանրութիւնն ենք կրում մեր յոգնած ու մաշւած թիկունքին... Ու շատ յաճախ էլ ուրիշների նենգ ծրագրաւորումների մշակման արդիւնք համարւող դաժան ճակատագրի բեռն ենք կրում...




Այս վերջինն իր տեսակի մէջ ամենաանտանելին է... ամենատաժանակիրն է, ամենաանմարդկայինն է...Այս մէկը ինչքան էլ որ թեթեւ լինի, դառնում է ամենածանրը, որը թիկունքի հետ միատեղ մաշում է նաեւ հոգին ու ճմլում է սիրտը։ Դա լեռներից գլորւող ձիւնահիւսի նման ՝օր ըստ օրէ, ժամ առ ժամ ծանրանում, ու դառնում է աշխարհում կուտակւած բոլոր ցաւերի բեռն ուսերիտ... ու այնքան ծանր ու դաժան, որի տակ եթէ չճզմւես, հաստատ կը մեռնես հոգով, քանզի դա քո սեփական բեռը չի, որ ձիւնահիւսի կուտակումով ճզմում է հոգիտ ու ջարդում է ամբողջ ոսկորներտ... ու այդ ձիւնակոյտի տակից չեն էլ լսում խղճիտ աղաղակը, ոգուդ բողոքը, ոսկորներիտ ջախջախւելու ձայնը... Այս դէպքում, թաղւում ես հոգով, երբ դեռ կենդանի ես...
Ահա տեսնում ու զգում ես աշխարհի բոլոր նամարդութիւնների սեւ հաւաքածոն մէկտեղւած՝ ոչ միայն ուսերիտ, այլ թաղւած մարմնիտ վրայ...


+++


Վերջին հաշւով անցողիկ աշխարհում ծնւած հասարակ մահկանացուներ ենք ու չունենք ո՛չ Նոյի ու ո՛չ էլ Յոբի համբերութիւնն ու տարողութիւնը տաժանքների նկատմամբ։ «Երկնքից» առատօրէն գլորւող ցաւերի ու վշտերի դիմաց ունենք սահմանափակ տարողութիւն։
Ինչպէս բոլոր մահկանացուների բնական յատկութիւնն է՝ ճնշումների տակ կքող մարդու առաջին դրսեւորումը ճիչն... է։ Եւ այս ճիչն է, որ դառնում է անմարդկային արհաւիրքների հեղեղի վերստին գլորման մեկնակէտը։ Ու արդիւնքում՝ այդ անմեղ ու բնական ճչի համար նոյնիսկ լեզուտ են կտրում։ Ահա ճիչը դառնում է ազատատենչ մարդու՝ մարդավայել կեցւածքի մի ուրիշ դրսեւորման ակնաղբիւրը՝ ընդվզում... ու շարունակութեամբ վերյիշէք «Մի Կաթիլ Մեղր»ը...


+++


Ոմանք գործած մեղքերի բեռան ծանրութեան տակ են կքում։ Ես չէի ասէի, որ դրանք հէնց դրան են արժանի, ու պիտի կրեն նաեւ իրենց գործած մեղքերի պատիժը։ Բայց Ո՞վ է արդար պայմաններում ըստ արժանւոյն դատապարտւել, որ ես դրա պատիժը ցանկանամ, երբ նոյնիսկ չգիտեմ թէ ի՞նչ է դրա մեղքը...
Եթէ նոյնիսկ 360+5 աստիճան տրամագծի չափանիշերի շրջահայեացութեամբ էլ չդիտենք մեր շրջապատը, կը գտնենք բազմահազար մեղաւորներ, որոնք գահերին բազմած արքայութիւն են անում ու դեռ առանց խղճի խայթի բեռ են դառնում արդէն իսկ բեռնաւորւած մարդկանց ուսերին... Մարդիկ, որոնք իրենց չգործած մեղքի համար կրկնակի բեռան տակ են տքնում ու թիկունքները կեռ, նամարդների վար դրած մեղքերն են քարշ տալիս... ու քարշ են տալիս դեռ հալածողների մտրակների տարափի տակ... եւ քրտինքի կաթիլների հետ թորում են նաեւ արեան կաթիլներ։ Արցունք, քրթինք եւ արեան շիթեր... թէ ի՜նչ հերոսներ են կարող ծնել այս սրբազան եռեակը...միասին, համահունչ, համաստեղաբար...
Ո՞վ եւ ինչպէ՞ս է կարող մեկնաբանի մարդու ձեռքով յօրինւած այս անմարդկային կարգի կանոնները, եւ առաւելաբար՝ անբացատրելի փարադոքսը...


+++


Զարմանալի «հրաշք» պայմաններում ենք ապրում։ Հրապարակում բոլորս միաձայն ու միակամ պաշտպանում ենք բեռնաւորւած չարքաշներին։ Բայց մեր առանձնութեան մէջ առանց ամաչելու առաջին իսկ առիթով կրկնակի բեռ ենք դառնում հէնց այդ բեռնաւորւած չարքաշների կեռւած թիկունքին...
Կուրծքներս դէմ տւած, արդարութեան մասին լոզունգներ ենք արձակում, կեղեղեքումներն ենք դատապարտում, ու հարիւրաւոր... գեղեցիկ ու վարդագոյն կարգախօսներ արձակելով աշխարհի ականջն ենք խլացնում։ Բայց ըստ հարկին, թքնում ենք թէ՛ կեղեքւածների ու թէ՛ անարդարութեան զոհերի երեսներին... եւ ի հարկէ՝ առանց ամաչելու եւ նոյնիսկ առանց քաշւելու...


+++


Այս խաւարի ու բոլոր գորշ ու մոխրագոյն իրականութիւնների մէջ նաեւ յոյսն է իր լուսաշող բաթաթէ երեսը ի յայտ բերում ու խաւարը ճեղքելով լուսնթագ է ծածանում կեղեքւածների, բեռնաւորների, անարդարութեան զոհերի ու ....«այլոց» երկնքում։ Թողէք քաղցր աւարտ ունենայ մեր այս էջը՝ խաւարամիտներին յաղթահարելու գեղեցիկ տեսլականով...


+++


Իւրաքանչիւրս, ինչ որ կերպ բեռ ենք կրում, բեռնակիրներ ենք... Մեզանից ոմանք մեր հոգում ենք կրում այդ բեռը։ Ոմանք էլ բեռան ծանրութիւնը յաձնում են իրենց ուսերին։ Երբեմն ուրիշների թողած բեռն ենք շալակում, երբեմն միւսների հիւանդ մտածումներից ծնւած ապօրինի բեռան ծանրութիւնն ենք կրում մեր յոգնած ու մաշւած թիկունքներին... Ու շատ յաճախ էլ ուրիշների նենգ ծրագրաւորումների մշակման արդիւնք համարւող դաժան ճակատագրի բեռն ենք կրում...
Բայց կարեւորն այն է՝ որ գէթ մեր մենութեան մէջ խոստովանենք այն մասին թէ՝ մեր ամբողջ կեանքի ընթացքում բեռ ենք եղել, թէ բեռնակիր...Եթէ առաջինն ենք, թող ողջ աշխարհը թքնի մեր երեսին։ Յամենայն դէպս մեր մենութեան մէջ, ոչ ոք էլ չի տեսնում թէ թքնում են մեր երեսին...
Այսպիսի մարդիկ՝ իրական կեանքում էլ թքնելը՝ անձրեւ են համարում։ ...Ի՜նչ յորդ անձրեւ է մաղւում մեր աշխարհի երկնքում...


Ձերդ՝ Վարդան
vartandav@yahoo.com



4 Պատգամ:

Յասմիկ – Անուշաւան said...

Ամէն անգամւայ նման կեցցէք։

ishxan barxurdarian said...

vardan jan inchu ches dnum hodvacnert iranahaer e sytum dbum entegh aveli shat enk mdnum u aveli shud shud e tarmasvum

Diana Abrahamian said...

Ես մի առաջարկ ունեմ պրն. Վարդանին գիտեմ շատ դժւար է եւ մեծ գումար է պահանջւում բայց ինչ լաւ կլինէր եթէ ձեր բոլոր գրւածները հաւաքէիք եւ միատեղելով մի գրքոյկ տպագրէիք: Գուցէ գտնվէին մեկենասներ.....

Մանուշ said...

Սիրելի պրն. Վարդան Տրամագիծերը պակասում են, խնդրում են աւելացրէք։ Գոնէ շաբաթը մի անգամ։ Շնորհակալ կը լինենք ընտանիքով։