ՎԵՐԱԴԱՐՁ
ԱՐՄԱՏՆԵՐԻՆ.՝ ...«ՇԱՆԹ»ի
ԵԹԵՐՈՒՄ
Հէնց մեր ներքին զգացումներին էլ որ դիմենք, անժխտելի փաստ է դառնում այն իրողութիւնը, որ այն ինչ որ ժողովրդական է ու ծնւում է ժողովրդի ծոցից՝ արժէք է, սրբութիւն է, սեփական գանձ ու հարստութիւն է, եւ որի պահպանման համար յատուկ գուրգուրանք ու տքնաջան հոգատարութիւն է հարկաւոր։Գաղտնիք չէ նաեւ այն իրողութիւնը, որ իւրաքանչիւր ժողովրդի մշակոյթը կազմող իւրաքանչիւր ենթաբաժանումը՝ նորից արժէք ու գանձ է, քանի որ դա ծնւում է նոյն ժողովրդի կենցաղի, ու պատմութեան տարբեր ժամանակահատւածների հասարակական, քաղաքական կացութեան անհրաժեշտութիւնից ու պատամական թելադրանքով։
Այլ խօսքով, մշակոյթն ու ժողովրդի աւանդական սովորութիւնները, ինչ էլ որ լինեն, դառնում են պատկան ժողովրդի իսկութեան ապացոյցները, որոնք միաժամանակ՝ ծառայում են որպէս նոյն ժողովրդի ամբողջութիւնը ներկայացնող ցուցափեղկը, վահանակը եւ հայելին, ուր կարող ես դիտել մի ամբողջ պատմութիւնն իր արմատներով ու արժէքներով։
Այդ իսկ պատճառով էլ, ժողովուրդների չարակամները, (եթէ չասենք թշնամիները), դրանց ծնկի բերելու համար, այլեւս հրասայլերի ու տարբեր տեսակ զէնքերի կարիքը չեն ունենում։
Բաւական է տկարացնել ժողովրդի մշակոյթը, եւ այն ինչ, որ աւանդական է, ապա՝ ժողովուրդը անձնատուր կը դառնայ ու ինքը կը փլւի հէնց հիմքերից...
+++
Մեր մօտ, այդ մշակոյթի, գանձերից ու սրբութիւններից ամենաձեռնահասելին ու դիւրամատչելին հէնց երգն ու պարն է, որոնք չեն ծնւել հէնց այսպէս՝ պատահականութեամբ։
Դրանց իւրաքանչիւր շարժումն ու ելեւէջը, պտոյտն ու կանչը, այսպէս ասած՝ ֆռռալն ու կչկչալը, եւ...շարժուձեւերն ու աղաղակները իմաստ ունեն, մեկնաբանւում են, ինչ որ բան են փոխանցում։ Եւ այդ փոխանցումները ոչինչ չեն, եթէ ո՛չ մեր ժողովրդի կենցաղը, իղձերի, փափագների, ցանկութիւնների, ու ինչու չէ նաեւ շատ յաճախ մտահոգութիւնների թարգմանութիւնը՝ երգի ու պարի այնքան քաղցր լեզւով։
Մեր ժողովուրդը, իր պատմութեան ու կենցաղի իւրաքանչիւր դրւագի, դէպքի, ապրումների ու պահերի համար՝ երգ է հիւսել, պար է յօրինել ու յաւերժացրել է այդ բոլորը մէկտեղւած շարժումների ու նոտաների մէջ, յաճախ էլ առանց նոտայի...։
Ու եթէ այսօր կառչած ենք մեր արմատներին, առանց սակարկելու պիտի խոստովանենք, որ դա իրականացւել է հէնց այդ երգերի ու պարերի շնորհիւ, որ շատ յաճախ էլ լսում ու դիտում ենք ու նոյնիսկ երգում ու պարում ենք, առանց դրանց իմաստն իմանալու։ Ու զամանալի չի, որ «Սասունի ողբ»ի երգով՝ շուրջպար ենք բռնում ու դեռ խանդավառութեամբ թաշկինակ ենք պտտեցնում...
Այսպէս էլ նորից լաւ է, քանի որ լսում ենք ու պարում ենք հայկական ժողովրդական երաժշտութեամբ։ Այս դէպքում, ինչ որ չափով ուղղութիւն է հարկաւոր համայնքի «մշակութային» մարմինների կողմից։
Թէ՝ ի՞նչ ողբերգութեան մէջ է մեր համայնքում երգի վիճակը, հարսանէաց հանդէսներն ու մշակութային անարխիան այլ յօդւածում նշւելու հարց է, իսկ այսօր խօսում ենք այն մասին, թէ՝ մեր համայնքում ինչպէ՞ս ու որո՞նց միջոցով «ժրաջան» աշխատանքներ տարւեցին, որպէսզի առաջին հերթին մօռացութեան յանձնւեն այնպիսի յեղափոխական երգեր՝ որոնք, լինելով ազային գիտակցութեան ու զգացումների զարգացման միջորներ, ժամանակի պայմանների թելադրանքով, «խանգարում» էին, ինչ որ խաբուսիկ գաղափարախօսութիւնների ու դասակարգային պայքար կոչւող թատրոնի քարոզչութիւնն ու ներթափանցումը մանաւանդ երիտասարդութեան մօտ։
...Ու մեր փոքրիկ համայնքը ի՜նչ ուժերի կորուստ ունեցաւ այն օրերին...Առանց վարանումի կարելի է ասել, որ այդ աւերի ու թափւացքի հիմնական պատճառը՝ Հայկական ժողովրդական – յեղափոխական երգերի բռնի բացակայութիւնն էր նրանց հաւաքներից ու շրջանակներից։
Կացութիւնն աւելի լաւ էր, մինչեւ այն ժամանակ, երբ դեռ հարսանեաց հանդէսներում կենդանի կոչւող երաժշտութեան փոխարէն, ձայներիզներից ու ձայնասկաւառակներից հայկական ժողովրդական, էստրադային երգեր էին հնչւում, ու դրանց զուգակցութեամբ ժողովուրդը հայավայել քէֆ էր անում....
Թէ՝ այսօր ինչե՞ր են կատարւում մեր միութիւններում ու սրահներում՝ խնջոյքների պահերին, նորից քննարկւելու ուրիշ հարց է։ ...
Ահա այսպիսի յուսահատելի պայմաններում էր, երբ Հայաստանի «Շանթ» հեռուստաընկերութեան գեղեցիկ ու չափազանց գնահատելի մտայղացումով, իրագործւեցին «Ժողովրդական Երգիչ» ու ահա «Ժողովրդական Պարեր» նախագծերը։
Երկու նախագծերն էլ լինելով ոչ միայն նորութիւն, այլ վերանորոգման կարգով՝ վերադարձ դէպի ինքնութիւն, հովանաւորների լայն շրջանակ ստեղծեց իր շուրջ, ու ոչ միայն Հայաստանցիների, այլ սփիւռքահայութեան մօտ էլ վերարթնացրեց դէպի ինքնութիւն ու արմատներ վերադառնալու հակումը, ցանկութիւնն ու գործնական ձգտումը։
Երէկ մայիսի 24–ի գիշեր, երբ «Շանթ» հեռուստաընկերութիւնը առաջին անգամը լինելով թողարկեց «Ժողովրդական Պարեր» նախագծի առաջին բաժինը, ողջ հայութիւնը յիշեց կարօտը... յիշեց, որ ինչ որ բաներ կան թողած իրենց անցեալում։
Թանկարժէք գանձեր ու սրբութիւններ, որոցից իւրաքանչիւրը՝ պատմութիւն է։ Անցեալը դիտելու հայէլի է, դաս է, փորձառութիւնների ու փորձանքներից փրկւելու տոպրակ է, նախճիրներում կացնահարւած յեղափոխականների կանչն է, բերդացած ու բռունցք դարձած պարիսպներն են, Հայ գեղջուկի վշտի կանչն է, նորահարսի նազանքները ցուցադրող շրջանակն է, Սարոյի սիրոյ տաղն է, Թամար կանչող աղաղակն է Վանայ լճում, խեղճ Գիքորի քաղցի բոցն է Համբոյի մօտ, ու.... մարտիկների զէնքը կոփող հնոցն է...
... Ու մենք այդ բոլորը՝ դարերը, պարերը, սարերը, քարերը, սրերը, թիֆանգները, եաթաղանը, յաղթականը, ծածանւած եռագոյնը, Վանը, Շուշին, Վանաձորը, գիւղացու արնօտ մանգաղը, հիմնափլւած Հովւի վանքը Արաքսի մօտ, ախոռներում աղիւս դարձած խաչքարերը, ու ... կրկին կանգնած՝ Հայաստանը...
Տեսնում ենք ու յուզւում, տեսնում ենք ու հրճւում, տեսնում ենք ու յիշում ու տեսնում ենք ու.... գօտիները ամուր կապում... երէկ գիշեր, երբ պարեցին Պարը Հայոց....
Պարը մնում է սար, ու երգը բերք... սակայն չմօռանանք ասել, որ խիստ գնահատելի է «Շանթ» հեռուստաընկերութեան գեղեցիկ մտայղացումները, որոնք մեզ հրաւիրում են, դիտել անցեալը ու վերադառնալ դէպի անցեալ.... բայց ո՛չ , անցեալը բերենք մեր մօտ, իր փառքով ու փայլով...
Ձերդ՝
Վարդան
5 Պատգամ:
Սքանչելի յօդւած է, թէ լուր է եւ թէ հասարակական հարցերի քննարկում, ու թէ զգաստութեան է հրաւիրում բոլորին։ Պէտք է այս յօդւածը նախ կարթան ազգի մեծերը, ուսուցիչները եւ միութիւնների վարչութիւնները։ Վարձքներդ կատար։
Dook shad jishd ek ngadel. Harsanikneren oo oorakh yeregonere sarsapeli vijag oonen. Baci dranits yergichnere harpoom en oo...el chegides inch en anoom.
Bayc bareri hamar chegidem miootyoonnere chen garogh aveli shad bareri yelooyt oonenan?
Tmagan khorhoorde anbayman subsid ge da drants hamar.
Այն որ յեղափոխական ու ազգային երգերը վերացւեց շատ ճիշտ է, բայց դա թշնամու գործը ինչպէս կարող է լինի, եթէ թշնամին ինքը մեր մէջ չի։ Միթէ մի կառավարութիւն կամ դրսի ուժերն են պարտադրել մեզ որ այլեւս յեղափոխական երգեր չերգենք, ապա ինչ եղաւ որ միանգամից մօռացութեան յանձնեցինք ազգային յեղափոխական երգերը։
Այդ ճիշտ է որ երկար ժամանակ է որ նոյնիսկ ազգային համախմբումների մէջ էլ յեղափոխական երգեր չեն երգւում։ Բայց ինչ պատահեց, որ մոռացանք այդ բոլորը։ Միթէ որեւէ ներքին կամ արտաքին ուժ է մեզանից ուզել որ չերգենք այդպիսի երգեր։ Բա հարցը ինչումն է միթէ կարելի է թշնամին հենց մեր մէջ լինի։
Առաջարկում եմ իրանահայ երեք թեմերը Մշակութային համատեղ յանձնախումբ կեանքի կոչեն, այս խառը ջիճակը հաւաքելու համար։ Այօր հանդէսներում ու ելոյթներում ամէն ինչ կայ բացի հայկականը եւ դա անպայման թշնամու սրտով է։ Համաձայն եմ նաեւ նախկին պատգամ թողնողների տեակէտների հետ։ Բարեբախտաբար Յ.Հ.Դաշնակցութեան ՌԵՄ–ը վերջին տարիներին փորձեր է կատարում յեղափոխական երգերը վերակենդանացնելու համար, եւ դա գնահատելի երեւոյթ է։
Post a Comment