Հորիզոններ ունեցող մարդիկ...
Աշխարհում գոյութիւն ունեցող որեւէ երեւոյթ, իր իւրայատուկ մեկնաբանութեամբ, տարբեր մարդկանց կողմից դիտւում է առանձին ակնոցով եւ օգտագործւում է յատուկ նպատակների համար: Դրանք կարող են լինել՝ բնական ակունք ունեցող երեւոյթներ եւ կամ մարդակերտ ստեղծագործութիւններ։
Իւրաքանչիւր անհատի ունեցած դիտանկիւնը եւ կամ հասկացութիւնը՝ տւեալ երեւոյթի կամ առարկայի կապակցութեամբ, ապացուցում է նաեւ ենթակայի ճանաչողութեան չափանիշը՝ առհասարակ երեւոյթների նկատմամբ:Նոյնիսկ ճանաչողութեան խորութիւնը եւս նոյնքան ազդեցիկ է մարդկանց մօտաւոր չափով ճանաչողութիւն ձեռք բերելու համար: Եւ ամենակարեւորն էլ այն է, որ նման մօտեցումներն ունենում են պարզապէս ճաշակային պատճառներ։
+++
Բնութեան ամենագեղեցիկ տեսարաններից մէկը հորիզոնն է՝ իր տարբեր տեսակներով ու երանգներով, եւ որոնցից իւրաքանչիւրը զմայլում է տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց:
Ոմանք հիանում են լուսաբացի հորիզոնով: Ոմանք նոյնով խենթանում են արեւամուտին, ոմանք՝ լուսաբացին ծովափում, ոմանք հորիզոնը սիրում են տեսնել թէ՛ արեւամուտին, եւ թէ՛ արեւածագին՝ անապատում... ոմանք էլ մեռած յոյզերով են տարւում՝ ընդհանրապէս հորիզոններ տեսնելով... Իսկ ոմանք էլ հորիզոնը՝ հայրենիքում, ինչ որ կերպով, ինչ որ տեղում...
Հորզոններն իրենց բոլոր տեսակներով նաեւ ներշնչումների աղբիւրներ են եղել նկարիչների, լուսանկարիչների ու բանաստեղծների համար:
Այս կարգի մարդիկ էլ հորիզոնը մեկնաբանել են իրենց գեղարւեստական ակնոցով ու հասկացողութեամբ:
Բայց, չգիտեմ դրանցից քանիսն են հորիզոնը դիտել այնպէս՝ ինչպէս որ կայ... Եւ կամ հորիզոնը ճանաչել իրենց սեփական գիտակցութեամբ, եւ վերջապէս, արդեօք ճի՞շտ է, որ հորիզոնն աշխարհի վերջն է, եւ եթէ այդպէս է, ապա ո՞րտեղից է սկիզբ առնում...
***
Հորիզոն կոչւող այս անծայրածիր տարածքի թիկունքում, որ ոչ սկիզբ ունի եւ ոչ էլ վերջ..., իւրաքանչիւր մարդու դիտանկիւնից, մի առանձին պատկեր է բացւում: ... Անշուշտ, եթէ դրան մօտենալու եւ այդ տեսակ պատկերներ տեսնելու համարձակութիւնն ունենանք..., տեսարաններ, որոնցից իւրաքանչիւրը կարող է ահռելի թափ ունեցող ուժգնութեամբ ցնցում առաջացնել մեր գանգերի մէջ..., այնքան ուժգին, որը տանել չի կարող այդ փոքրիկ գանգի տարողութիւնը......
Եւ արդեօք գիտե՞նք թէ՝ մեծանուն Գալիլէյի տեսութեան հակառակ խաւարամիտների մտածողութեամբ՝ աշխարհի վերջն համարւող այդ անդունդի եզրից այն կողմ ինչ կայ: Ինչ էլ որ լինի, յամենայն դէպս՝ անտեսանելի է, ու մեզանից շատերն այնտեղ տեղաւորւելու ո՛չ կարողութիւնը եւ ո՛չ էլ արժանիքն ունեն... միթէ չէ՞, որ մեր անձից ձերբազատւելու եւ այդքան հեռուն գնալու ո՛չ յանդգնութիւը եւ ո՛չ էլ կարողութիւնն ունենք...
***
բայց, ցաւալին ու չափազանց ողբերգական իրողութիւնն այն է, որ մեր ականջի ու աչքի ամենամօտ շրջակայքում գոյութիւն ունեցած հորիզոնի մասին ամբողջովին անտեղեակ ենք...
Միթէ չէ՞, որ իւրաքանչիւրս էլ ունի իր հորիզոնները... Հորիզոններ՝ բացւած դէպի արեւելք ու արեւմուտք, հարաւ եւ հիւսիս... եւ ամէն կողմ... Հորիզոններ, որոնց սկզբնաւորման ու ստեղծման մէջ բոլորովին դերակատար չենք եղել, սակայն գիտենք դրա աւարտն ու անդունդի եզրերը, եւ թէ ո՞ւր են կողմերի սահմանները...
Աստւած թող ների. մենք ո՛չ մարգարէներ ենք, եւ ո՛չ էլ ճակատագիր «գրող»-ներ, այլ աստւածատուր բնազդի շնորհիւ զանազանելու եւ գուշակելու կարողութիւն ունենք: Կարողութիւն, որով օժտւած են գրեթէ բոլորը՝ ինչ-որ չափով:
Նոյն բնազդի շնորհիւ՝ բոլորս էլ ինչ-որ չափով մեր կեանքի հորիզոնները տեսնելու կարողութիւնն ունենք, միայն բաւական է ջարդենք մեր «մտքի աչքերը շրջապատող պարիսպներն» ու նայենք այն կողմ, մի քիչ այն կողմ, այնտեղ՝ ուր բացւում են հորիզոնների լուսամուտները...
Այնտեղ՝ ուր տեսանելի են դառնում այն բոլորը, որոնք աներեւոյթ են աշխարհիկ հորիզոններից այն կողմ... Ահա այստեղ է, որ մարդ ինքն է իր համար հորիզոն կերտում, եւ այսպիսով՝ հորիզոնը դառնում է ապագայ, նպատակ, տեսադաշտ...
***
Մարդիկ էլ կան, որոնք հորիզոն չունեն բոլորովին..., եւ կամ ունեն, սակայն չեն տեսնում եւ կամ էլ տեսնելու աչքը չունեն... կամ ամպամած են տեսնում: Ոմանք ապարանքներ են որոնում այնտեղ եւ կամ խաբուսիկ արքայութիւն... Սրանք աննպատակ մարդիկ են, որոնց այսօրը չի տարբերւում վաղւանից, աննպատակ մարդիկ, որոնց գոյութիւնն էլ ինքնանպատակ է... առանց տեսադաշտի ու մտասեւեռումի...
***
Հորիզոն ու յստակ տեսադաշտ ունեցող մարդիկ, լինեն՝ արւեստագէտներ, բանաստեղծներ ու սիրահարներ, առհասարակ լինում են լաւատես ու փայլուն տեսահորիզոններ ունեցող մարդիկ, որոնք նախքան հորիզոնի եզրերին հասնելը՝ արդէն տեսնում են այն ապագան ու հորիզոնը, որոնց կերտման մէջ իրենք եւս ուղղակի դերակատարութիւն են ունեցել... Նրանք ո՛չ մարգարէ են եւ ո՛չ էլ երկնային սուրբեր... Նրանք պարզապէս նպատակադրւած մարդիկ են եղել..., որոնք որոշում են ճեղքել մինչեւ հորիզոն քաշւած քաոսը եւ կերտել նոր հորիզոններ...
***
... Եւ եղաւ այնպէս, որ 1918 թւականի մայիսին մի խումբ անձնազոհ հերոսներ կանգնելով ժողովրդի թիկունքին՝ նպատակադրւած կերպով փշրեցին մտքի տեսողութիւնը շրջապատող պարիսպներն ու հերոսական տեսահորիզոնով խափանեցին ընդամէնը երեք տարի առաջ թշնամու կողմից ուրւագծւած հորիզոնները ...եւ ահա՝ յաղթանակ...
Այսպէս են լինում հորիզոն ունեցող մարդիկ...
+++
Աւելի փայլուն ու փառաւոր հորիզոններ ու տեսադաշտ ունենալով մեր առջեւ՝ արեւագալի շքեղ հորիզոնին սեւեռելով մեր աչքերը՝ շնորհաւորում ենք Մայիս 28-ը:
ՁԵԶԻ ԵՒ ՄԵԶԻ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ...ՅԱՐԵԱՒ
ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՑ...
Ձերդ՝
ՎԱՐԴԱՆ
vartandav@yahoo.com
4 Պատգամ:
Փոխադարձաար ընտանիքով շնորհաւորում ենք Ձեր եւ բոլորի Մայիսի 28էը։ Յաջողութիւն Ձեր նոր աշխատանքի համար։
Շնորհակալ ենք Ձեր նոր Տրամագիծերի համար որ ամէն անգամւայ նման խանդավառում է մեզ
Ձեզ էլ խնորհաւորում ենք Մեյիս 28–ը։
Երանի այն ժողովրդին որ իր ունեցածը պահել ու արւեստին է տիրապետում։
Մինչեւ 90 ական թւականները Հայ Դատը մեր բոլորի առօրեայ մտահոգութիւնն էր բայց Հայաստանի անկախութիւնից յետոյ միակ բանի մասին որ չենք խօսում Հայ Դատն է...ու դեռ դռներ ենք բացում թրքական տերորիստների ազատ մուտք գործելու համար։ Ինչ է՞, այս էլ պիտի ձեռքից տանք որ նորից Հայ Դատ ու Հայ ժողովրդի շահերը յիշեն՞ք։
Post a Comment