Պատերազմի դեէպքում Ադրբեջանը

եւ Թուրքիան կօգնեն միմեանց



Գէորգ Ստամբոլցեան
Ադրբեջանական խորհրդարանը ձայների 93 կողմ, 1 դէմ յարաբերակցութեամբ երեքշաբթի երեկոյեան վաւերացրեց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ամռանը կնքւած «Ռազմավարական գործընկերութեան եւ փոխօգնութեան մասին» պայմանագիրը:
Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները այս համաձայնագրի տակ իրենց ստորագրութիւնները դրեցին Բաքւում` օգոստոսի 16-ին: Մօտ չորս ամիս, սակայն, երկկողմ այս համաձայնագրի դրոյթները գաղտնի էին պահւում: Պայմանագրի որոշ կէտերի մասին առաջին կցկտուր տեղեկութիւններն ի յայտ եկան անցած շաբաթ, երեքշաբթի օրը արդէն 5 գլխից եւ 23 յօդւածից կազմւած այս փաստաթղթի տեքստը գաղտնազերծւեց ամբողջութեամբ:
Ներկայացւած տեքստին անգամ հպանցիկ ծանօթութիւնից պարզ է դառնում, որ փաստաթղթի հիմնական նպատակը հայ - ռուսական ռազմական համագործակցութեան մասին Երեւանում այս տարւայ օգոստոսին կնքւած պայմանագրի հաւասարակշռումն է:
Այսպէս, Իլհամ Ալիեւի եւ Աբդուլա Գիւլի ստորագրած պայմանագրի երկրորդ կէտում ասւած է. - «Եթէ պայմանագիրը ստորագրած կողմերից մէկը զինւած յարձակման կամ ագրեսիայի ենթարկւի այլ պետութեան կամ պետութիւնների խմբի կողմից, ապա միւսը պարտաւորւում է փոխադարձ օգնութիւն տրամադրել` առկայ բոլոր հնարաւորութիւնների կիրառմամբ»:
Թուրք - ադրբեջանական պայմանագրի եւս մի կէտի համաձայն` կողմերը սերտացնելու են գործակցութիւնը ռազմական եւ ռազմարդիւնաբերական ոլորտներում:
Բացի այդ, պայմանագրում նշւած է. - «Ստորագրող կողմերը պարտաւորւում են թոյլ չտալ, որպէսզի իրենց տարածքը օգտագործւի միւս կողմի դէմ ագրեսիւ կամ բռնի գործողութիւնների իրականացման նպատակով»:
Պաշտօնական Բաքուն ու Անկարան նաեւ պարտաւորւում են համակարգել երկու պետութիւնների զինւած ուժերի գործողութիւնները: Համաձայնագրում այս առթիւ նշւած է. - «Պաշտպանական եւ փոխադարձ օգնութեան ծրագրի շրջանակներում նախատեսւած համատեղ ռազմական գործողութիւնների իրականացման նպատակով կողմերը կարդիականացնեն ռազմական ենթակառոյցները, համատեղ զօրավարժութիւններ կանցկացնեն, ինչպէս նաեւ քայլեր կձեռնարկեն երկու պետութիւնների Զինւած ուժերի համակողմանի մարտական պատրաստութիւնն ապահովելու նպատակով»:


*Լուսանկարում.–Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միմեանց ձեռք են սեղմում պայմանագրի ստորագրումից յետոյ, Բաքու, 16-ը օգոստոսի, 2010թ.
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

Մինչև դեկտեմբերի 29-ը Սիրահարների

այգում ամէն երեկոյ տեղի

կունենան համերգներ



17:11 • 27.12.10
Orange-ի աջակցութեամբ մինչև դեկտեմբերի 29-ը ամէն երեկոյ` սկսած ժամը 18:30-ից Սիրահարների այգին կհիւրընկալի հայաստանեան սիրւած երաժշտական խմբերին և կատարողներին, որոնք հանդէս կգան բազմաժանր համերգային ծրագրով` բլիւզ, ռեգգի, ռոք և այլն: Ձմեռային փառատօն-ի «Երաժշտական օրեր» խորագիրը կրող հնգօրեայ համերգաշարի շրջանակներում դեկտեմբերի 26-ին բոլոր այցելուները վայելեցին Շուշան Պետրոսեանի, Art Voices-ի և Suren Arustamyan Blues Band-ի կատարումները: Ծրագիրը կշարունակւի դեկտեմբերի 27-ին Exodus, Ռեինկառնացիա, դեկտեմբերի 28-ին` The Beautified Project, Dogma, Alien Time խմբերի կատարումներով, իսկ վերջին երեկոն պարային ռիթմերով կջերմացնի DJ Vakcina-ն:
«Երաժշտութիւնը հզօր ուժ է, որը կարող է իսկապէս միաւորել մեզ բոլորիս: Անցնող տարւայ ընթացքում Orange-ը բազմաթիւ մեծ երաժշտական միջոցառումների գործընկերը, իսկ երբեմն էլ` նախաձեռնողն է եղել` Եւրատեսիլ, Euro Voice, Երաժշտութեան Տօն և այլն: Այս ձմեռային օրերին, երբ յաճախ չեն իրադարձութիւնները Երևանի այգիներում, հրապարակներում ու փողոցներում, Երաժշտական օրերի շնորհիւ մենք յոյսով ենք կրկին միաւորել մարդկանց գեղեցիկ ու ջերմ պահերի շուրջ և միասին ճանապարհել անցնող տարին ու կուտակել դրական էներգիայ Նոր Տարւայ համար», ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունօ Դիւթուան:
Ձմեռային Փառատօնի կազմակերպիչներն են «Կանաչաստան» հասարակական կազմակերպութիւնը և «Պօղոսեան Պարտէզները»: Փառատօնը կազմակերպւում է արդէն 4-րդ անգամ և ներառում է բազմաթիւ միջոցառումներ` Ամանորեայ տօնավաճառ, տօնածառերի ցուցահանդէս, հեքիաթասացութիւն, խաղեր, ձեռքի աշխատանքներ և այլն:


Tert.am

Որքանո՞վ է այսօր պահպանւում

Ջաւախքի հայկականութիւնը


«Տարածաշրջանում «ժողովրդավարութեան ու ազատութիւնների դրօշակիր» Վրաստանը խստիւ արգելում է հայալեզու գրականութեան մուտքը Ջաւախք և ընդհանրապէս իր վերահսկողութեան տարածք»


«Վրաստանի իշխանութիւնները պէտք է գիտակցեն, որ իրենց համար լաւագոյն տարբերակը մնում է ջաւախահայութեան իրաւունքների ամբողջական յարգումը»



Դեկտեմբեր 27, 2010թ. 11:04
Ո՞րն է Ջաւախքի նշանակութիւնը Հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Ինչքան էլ որ պատասխանը ակնյայտ լինի, անհրաժեշտ է դա ամրագրել:
Այս նպատակների և առաջադրանքների իրականացման համար մղւող պայքարի առաջամարտիկները, 2000-ական թւականներին, եղել էին մի խումբ երիտասարդներ, Վահագն Չախալեանի ղեկավարութեամբ:
Որքանո՞վ է այսօր պահպանւում Ջաւախքի հայկականութիւնը և ի՞նչ միտումներ են առկայ:
Վրացական իշխանութիւնների կողմից Վահագն Չախալեանին հակաօրինականօրէն 10 տարւայ ազատազրկման ենթարկումը և միւս երիտասարդների դէմ հալածանքները այդ հարցի լաւագոյն պատասխանն են:
Տարիներ ի վեր Ջաւախքի իրավիճակը բնութագրւում է երեք գործօններով. վրացական համակողմանի գրոհ և հայկական գործօնի ու ընդհանրապէս հայութեան արտամղման փորձ, արտագաղթ, և այս երկուսին զուգահեռ` ՀՀ իշխանութիւնների յանցագործ անտարբերութիւն, երբեմն ուղղակի մեղսակցութիւն վրացական իշխանութիւնների քայլերին, ինչպէս Վահագն Չախալեանի և ընկերների դէմ հալածանքների պարագայում:
Հայաստանի Հանրապետութիւնում ժողովրդագրական համաղետն ու արտագաղթը երկրում տիրող համակարգի ուղղակի հետևանքն են: Իսկ Ջաւախքից արտագաղթը արդիւնքն է վրացական ագրէսիւ քաղաքականութեան ստեղծած անապահովութեան մթնոլորտի, սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի, ու այս իրականութիւնների դիմաց ՀՀ-ից`ակնկալւող օժանդակութիւնների բացակայութեան ստեղծած հոգեբանական մթնոլորտի: Սոցիալ-տնտեսական անմխիթար իրավիճակը իր հերթին գլխաւորաբար հետևանքն է և’ վրաց իշխանութիւնների և’ ՀՀ իշխանութիւնների ուշադրութեան բացակայութեանն ու անտարբերութեանը: Վերջին հաշւով, հետևաբար, Ջաւախքի հայկականութիւնը հարւածներ է ստանում և յետընթաց է ապրում վրացական ուղղակի քաղաքականութեան և ՀՀ անտարբեր և յաճախ մեղսակից քաղաքականութեան արդիւնքում:
Ջաւախքում վրացական ագրէսիայի ու հայկական գործօնի դուրս մղման փորձերի օրինակներն անհամար են: Երկու երևոյթների մատնանշումը բաւարար է իրականութեան պատկերն ունենալու համար:
Ջաւախք այցելող ցանկացած մարդ անմիջապէս կզգայ ահաբեկման և վախի այն մթնոլորտը, որ տիրում է շրջանում: Այս մթնոլորտը հաստատւել է նաև տեղի Հայ գործակալների ակտիւ մասնակցութեամբ: Մշակութային սահմանափակ և ամենաանմեղ միջոցառումներն անգամ տեղի են ունենում ուժային կառոյցների խիստ վերահսկողութեան ներքոյ:
Տարածաշրջանում «ժողովրդավարութեան ու ազատութիւնների դրօշակիր» Վրաստանը խստիւ արգելում է հայալեզու գրականութեան մուտքը Ջաւախք և ընդհանրապէս իր վերահսկողութեան տարածք:
Վրաստանի իշխանութիւնների կողմից Ջաւախքի նկատմամբ իրականացւող քաղաքականութիւնը արդիւնք է մի կողմից նրա փոքր-կայսերական նկրտումներին և միւս կողմից նրա հակահայկական բարդոյթներին: Իր այդ կարճատես քաղաքականութեամբ Վրաստանն իրականում իր իսկ գերեզմանն է փորում, որովհետև յաջողութեան պարագայում այդ քաղաքականութիւնը յանգեցնելու է ոչ թէ վրացական, այլ թրքական Ջաւախքի գոյացմանը:
Պատմութեան ընթացքում Վրաստանի ժողովուրդները երբէք կայուն և երկարատև բնակութիւն չեն հաստատել խստաշունչ կլիմայով յատկանշւող Ջաւախքում և երբէք մեծամասնութիւն չեն կազմել այնտեղ: Իրենց ազգայնամոլական հակահայկական քաղաքականութեան յաջողութեան պարագայում ևս Ջաւախքը վրացիներով չի բնակեցւելու, այլ թրքերով, լինեն նրանք այսպէս կոչւած մեսխեթցի կամ.այլ թուրքեր: Չենք խօսում անգամ այն մասին, որ իրենց ներկայ ժողովրդագրական աղէտալի վիճակի պատճառով, վրացիները, ցանկութեան պարագայում անգամ, չեն կարողանայ բնակեցնել Ջաւախքը: Իրենց հակահայկական քաղաքականութեան յաջողութեան պարագայում ո’չ միայն Հայաստանն է ամբողջութեամբ շրջապատվելու թուրքերով, այլ Վրաստանն ինքը կորցնելու է արևելեան և արևմտեան թուրքերի միջև աշխարհագրական կամուրջ լինելու իր ներկայ կարգավիճակի ներկայացրած նշանակութիւնը և դրանից բխող առաւելութիւնները: Այդ պարագայում թուրքերը կարիք չեն ունենալու Վրաստանի «ծառայութիւններին»: Եթէ Վրաստանին չի յուզում իր իսկ քաղաքականութեան արդիւնքում սպասւելիք այս հեռանկարը, ապա Հայաստանին ու հայերիս շատ է յուզում և մենք թոյլ չեն տայ դրա իրականացումը:
Հայերը իհարկէ թոյլ չեն տայ: Բայց ի՞նչ են անում Հայաստանի այսօրւայ իշխանութիւնները:
ՀՀ ներկայ իշխանութիւնները ո’չ միայն համապատասխան քայլերի չեն դիմել պաշտպանելու համար ջաւախահայութեան թէկուզ և փոքրամասնական համարւող իրաւունքները, այլ ընդհակառակը` գործնական յանցաւոր մասնակցութիւն են բերել ջաւախահայութեան դիմադրութեան ոչնչացմանը` Վահագն Չախալեանի կալանաւորում ու վրաց իշխանութիւններին յանձնում: Նրանք ո’չ մի աշխատանք չեն կատարել ՀՀ հետ Ջաւախքի տնտեսական համալրման ուղղութեամբ: Ընդհակառակը, Բավրայի սահմանակէտը և մաքսային ծառայութիւնը մշտապէս խոչընդոտել և արհեստական դժւարութիւններ են ստեղծել ապրանքափոխանակման համար: Այս իշխանութիւնները լուռ են մնացել Ջաւախքում վրացական բոլոր ոտնձգութիւնների դիմաց:
ՀՀ իշխանութիւնները իրենց դաւաճանական քաղաքականութիւնն արդարացնում են երկրի աշխարհագրական դիրքով և հետևաբար Վրաստանից կախւած լինելու պատճառաբանութեամբ: Մինչ կախւածութեան իրողութիւնը ամբողջապէս զուրկ չէ ճշմարտութիւն լինելուց, այն երբէք չի կարող արդարացնել իշխանութիւնների անտարբերութիւնն ու յատկապէս վրաց իշխանութիւններին մեղսակցութիւնը: Իրականում կախւածութիւնը երկկողմանի է: Մինչդեռ, իր այս քաղաքականութեամբ ՀՀ իշխանաւորները վրացական կողմին քաջալերում են անխափան շարունակել իրենց գրոհը:
Արդարև, խնդրի դրւածքն այնպիսին չէ, որ աշխարհագրականօրէն Վրաստանից իր կախւածութեան հետևանքով Հայաստանն անկարող լինի Ջաւախքի հարցում ավւլի վճռական լինելուց: Վրաստանի հետ իր յարաբերութիւններում, Ջաւախքը Հայաստանի համար թոյլ կէտ չի հանդիսանում: Ընդհակառակը: Հայաստանը Վրաստանի նկատմամբ ունի լծակներ ու Ջաւախքն այդ լծակներից ամենակարևորն է: Հայաստանը ամբողջութեամբ մեկուսացած և ամբողջութեամբ Վրաստանի ողորմածութեանը ենթակայ կլինի միայն այն օրը, երբ այլևս հայկական Ջաւախք գոյութիւն չի ունենայ:
Իրականում հայկական իշխանաւորների այդ կեցւածքը պայմանաւորւած է ոչ միայն պետականութեան ու ազգի նկատմամբ նրանց ունեցած յանցաւոր անտարբերութեամբ, այլև Վրաստանի ու Վրաստանով անցնող ճանապարհների հետ կապւած տնտեսական սեփական շահերով:
Իշխանութիւնների այս քաղաքականութիւնը երբէք զարմանալի չէ: Իրենց գերիշխանութեան տարածքում ոչ միայն հակաժողովրդական, այլև ազգն ու պետականութիւնը դէպի վերացում առաջնորդող քաղաքականութիւն վարող իշխանութիւններից չի կարելի ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութիւն ակնկալել: Նրանց ջաւախքեան և ընդհանրապէս վրացական քաղաքականութիւնը պարզապէս ընդհանուր ազգադաւ քաղաքականութեան շղթայի մի օղակն է:
Ջաւախքի խնդիրը չի կարող լուծւել ՀՀ ներկայ իշխանութիւնների օրոք: Ինչպէս բոլոր միւս հարցերի, նոյնպէս և այս հարցի լուծումը պահանջում է համակարգափոխութիւն:
Դա չի նշանակում, որ մինչև ՀՀ-ում համակարգափոխութեան իրականացումը Ջաւախքում ոչինչ չի կարելի անել: Իհարկէ, ոչինչ չի կարող փոխարինել այն ամէնին, ինչ կարող է իրականացնել պետութիւնը: Բայց երբ օրւայ իշխանությիւնները ոչ միայն թերանում են իրենց անելիքներում, այլև հակառակ քայլերի են դիմում, մեզ մնում է, որ այդ աշխատանքները իրականացնեն ոչ պետական կառոյցները և հասարակական նախաձեռնութիւնները: Խօսքը վերաբեւում է Ջաւախքի հայկականութեան պահպանմանը, ջաւախաբնակ հային` հողին կառչած մնալը ամրապնդելու միտող քայլերին` տնտեսական, մշակութային, հոգեբանական և այլն բնագաւառներում:
Բոլոր դէպքերում, և հակառակ ամէն ինչի, Ջաւախքի համար գոյութիւն ունի երկու տարբերակ:
1.Վրաստանի կազմում` շրջանի կարգավիճակ, որտեղ երաշխաւորւած կլինեն Հայ բնակչութեան ազատ ինքնադրսևորման բոլոր պայմանները:2.Արցախի ճակատագիր. այսինքն միացում փաստացի Հայաստանի Հանրապետութեանը:Երրորդ տարբերակը, այսինքն Ջաւախքի նախիջևանացումը, այլ խօսքով նրա հայաթափումը և հայերի համար այդ տարածքի կորուստը, բացառւում է: Վրացական ազգայնամոլութիւնը ձգտում է դրան, վայելելով իր արևմտեան ու արևելեան հարևանների խրախուսանքն ու օժանդակութիւնը: Բայց հայերը դա թոյլ չեն տայ: Ջաւախքի նախիջևանացման ցանկացած փորձի պատասխանը լինելու է Ջաւախքի Արցախացումը:
Վրաստանի իշխանութիւնները պէտք է գիտակցեն, որ իրենց համար լաւագոյն տարբերակը մնում է ջաւախահայութեան իրաւունքների ամբողջական յարգումը: Իսկ դա ապացուցող առաջին քայլերից մէկը, այլ միջոցառումների կողքին, պէտք է լինի Վահագն Չախալեանի ազատ արձակումը:


Ալէք Ենիգոմշեան,

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ

Զանգւածային ծեծկռտուք Ստավրոպոլում՝

Հայերի մասնակցութեամբ



Դեկտեմբեր 27, 2010 23:10
Ռուսաստանի Սատվրոպոլի մարզի Ստեպնոյէ գիւղում կոզակների եւ հիւսիսկովկասցիների միջեւ զանգւածային ծեծկռտում է տեղի ունեցել, որը սակայն ոչ թէ ազգային հողի վրայ, այլ ալկոհոլի ազդեցութեան տակ:
«Կոնֆլիկտին մասնակցել են ռուսներ, աւարներ, դարգինցիներ, հայեր, ուստի ասել, որ կատաւածը ազգամիջեան կոնֆլիկտ է, տեղին չէ»,- յայտարարել է Ստավրոպոլի մարզի ՆԳ հասարակական անվտանգութեան գլխաւոր վարչութեան պետ Գենադի Բերյոզինը:
Նրա խօսքով, վէճի մեղաւորը եղել է ալկոհոլը, եւ որ այդպիսի վիճաբանութիւններ յաճախ են տեղի ունենում: Դա, ըստ նրա, հետեւանք է նրա, որ երիտասարդներն անգործ են եւ չգիտեն, թէ ինչպէս լցնեն իրենց օրը:
Սկզբում վէճը ծագել է դեկտեմբերի 26-ին՝ սրճարանում 4 դաղստանցիների ու կոզակների միջեւ: Յետոյ կռւին միացել են երկու կողմերի կողմնակիցները եւ կռւի մասնակիցների թիւը հասել է 20-ի:
Հիւանդանոց են տեղափոխւել 2 կոզակներ, մէկ դաղստանցի եւ մէկ հայ: Զանգւածային ծեծկռտուքի փաստի առթիւ յարուցւել է քրէական գործ՝ «խուլիգանութիւն» յօդւածով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐՔ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳԻՐՔ`

«ԽՕՍԵԼՈՎ ՄԻՄԵԱՆՑ ՀԵՏ» !!!



«Խօսելով միմեանց հետ։ Անձնական յիշողութիւններ անցեալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում». այսպիսի վերնագրով Հայ եւ թուրք հեղինակների գիրք է հրատարակւել, որը տպագրւել է երեք լեզուներով` հայերէն, թուրքերէն եւ անգլերէն։
Գրքի առաջին մասը` «Ափսոս, որ նրանք չմնացին» ենթավերնագրով, գրել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի պրոֆեսոր Լեյլա Նեզին։ Երկրորդ մասը` «Ո՞ւմ ներել։ Ի՞նչ ներել» ենթավերնագրով, գրել է Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Ազգագրութեան ինստիտուտի պրոֆեսոր Հրանուշ Խառատեան-Առաքելեանը:
Այս մասում 1915-ի ցեղասպանութիւնից փրկւած մի կնոջ պատմութիւն է, որը փոխանցել է նրա ազգականը. - «Տատիկիս ամբողջ կեանքի ընթացքում ոչինչ չէր ուրախացնում։ Նա մահացաւ ցաւերի մէջ` միշտ կրկնելով, որ դա հատուցում է իր գործած մեղքի համար։ Նա գաղթի ճանապարհին էր թողել իր փոքրիկ աղջկան։ Դա շատ տխուր պատմութիւն է։ Ճանապարհին նրանք ոչ մի ուտելիք չեն կարողացել գտնել։ Նրանք չորս երեխայ են ունեցել։ Փոքրիկ աղջիկն ամբողջ ժամանակ լաց է եղել։ Թուրք զինւորը անընդհատ խփել է նրան ու կարգադրել, որ արագ քայլի, յետ չընկնի։ Պապս ասել է` «արի թողնենք աղջկան այստեղ, ճանապարհին, իսկ մենք գնանք, մենք կարող ենք փրկել միայն մեր երեք տղաներին»։
Այս պատմութիւնը ներկայացնողը որոշ դադարից, մտքերը հաւաքելուց յետոյ ասել է. - «Տատիկս երկար էր մահանում… Նա բացում էր աչքերն ու ասում, որ տանջւում է ճանապարհին թողած երեխայի համար»։
Իսկ թուրք հեղինակը գրքի իր հատւածի համար վերնագիր է ընտրել մի թուրք երիտասարդի խօսքերը` «ափսոս նրանք չմնացին»։
Սա 1960-ականների սկզբին կենտրոնական Անատոլիայի Ակչեիր քաղաքի դպրոցի աշակերտ Քամալի պատմութիւնն է։
Նրանք որոշել են լքւած եկեղեցում թատրոն բացւել։ Սկսել են մաքրել տարիներով հաւաքւած փոշին։ Ինչ-որ մեկը խողովակով ջրի շիթը ուղղել է պատերի վրայ, ու եկեղեցու պատերին որմնանկարներ են յայտնւել, որոնք չէին երեւում, քանի որ եկեղեցու պատերը սպիտակեցւած էին, որպէսզի ոչ մէկը չիմանայ, որ այնտեղ հայեր են ապրել։ Քամալն ուրախացել է որմնանկարները վերագտնելու համար, որ արւել էին մարդկանց կողմից, որոնց մասին մանկութիւնից նա արհամարհական «գեաւուր» բառը գիտէր, ու փոխարէնը շատ է տխրել, որ եկեղեցու պատերը սպիտակեցւել են։
Գրքի հայկական մասը թուրքերէն թարգմանել է ստամբուլահայ Ալին Օզինեանը։
«Ազատութիւն» ռադիոկայանի հետ գրաւոր հարցազրոյցում` Facebook-ով Ալին Օզինեանն ասաց, թէ իրեն խորապէս հետաքրքրել են այս ուսումնասիրութիւնները` որպէս համեմատաբար նոր խօսք Հայաստանի եւ Թուրքիայի պատմութեան ծալքերը բացայայտելու ասպարէզում։ Պատմողները այս իրադարձութիւններին անմիջականօրէն չեն մասնակցել, սակայն դրանք պահպանւել են իրենց ընտանիքների պատմութիւններում։
Ալին Օզինեանը ասաց, որ նման պատմութիւններ կային նաեւ իրենց ընտանիքում, ու հետազոտութեան թարգմանութիւնը իր համար ունէր նաեւ անմիջական նշանակութիւն։
Նա նշեց, որ գիրքը հասցէագրւած է Հայաստանում եւ Թուրքիայում բնակւող կոնկրետ մարդկանց, որոնք կարծես մինչեւ այժմ դուրս են մնացել Հայ - թրքական յարաբերութիւններով զբաղւող հետազոտողների, քաղաքական գործիչների ուշադրութիւնից։ Ե'ւ հայ, ե'ւ թուրք հասարակութիւններում անցեալը մեծ ճնշում ունի ներկայի վրայ, եւ առանձնայատուկ հետաքրքրութիւն է ներկայացնում, թէ ինչպէս է այդ անցեալն ընկալւում անհատների կողմից։
Ալին Օզինեանը նաեւ նշեց, որ անհատական պատմութիւնները կողք-կողքի մի գրքում ընդգրկելը ե'ւ Թուրքիայում, ե'ւ Հայաստանում մարդկանց միմեանց հետ շփւելու եզակի հնարաւորութիւն է տալիս։
Այս գրքի մասին կիրակի օրը գրել եւ գրքից հատւածներ է ներկայացրել թրքական «Զաման» թերթը։ Ալին Օզինեանը «Զաման»-ին ասել է. - «Բանաւոր պատմութիւնները երեւի ամենառոմանտիկ ճանապարհն են պատմութիւնը պահպանելու համար։ Այս պատմութիւնները շատ տպաւորիչ են»։ Նա նաեւ ասել է, որ գիրքը կօգնի մարդկանց աւելի շատ պատմութիւններ պատմել, որոնք նրանք սովորաբար թաքցնում են։
Գրքում նաեւ նշւած է, որ հիմա հայերը կարողանում են այցելել Թուրքիա. - «Մարդիկ գնում են եւ փնտրում իրենց նախնիների գիւղերը։ Երբեմն նաեւ տները, որտեղ ապրել են իրենց նախնիները։ Կարեւոր վայրերի` գերեզմանոցների, եկեղեցիների, սրբավայրերի, ծառերի, անտառների մասին պատմել են նրանց պապերը»։


Հրաչ Մելքումեան

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»

روبرت بگلریان عضو کميسيون اقتصادي مجلس در گفتگو با موج:


مردم دورنماي اجراي قانون هدفمند کردن يارانه ها


را مثبت ارزيابي مي کنند

Դիտել Պարսկերէն Բաժնում.–


http://vartandav.blogspot.com/2010/12/blog-post_8511.html

Հայերը թուրք երգչուհուն ստիպել են

NBA-ի խաղին կատարել է

միայն ԱՄՆ հիմնը



Դեկտեմբեր 27, 2010 12:25
Լոս Անջելեսում կայացած NBA-ի հերթական LA Clippers-Phoenix Suns խաղի ընթացքում ԱՄՆ-ում բնակւող թուրք երգչուհի Սինեմ Սանիյէն կատարել է միայն ԱՄՆ հիմնը, իսկ նրա եւ միւս թուրք երգիչների մասնակցութեամբ համերգային ծրագիրը անվտանգութեան նկատառումներով չեղեալ է յայտարարւել։
Ինչպէս տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայութիւնը, թուրք երգիչների մասնակցութեամբ համերգը չեղեալ է յայտարարւել երկու ակումբների կողմից։ Յայտնի է, որ այս որոշման մէջ իր ազդեցութիւն է ունեցել հայկական Սփիւռքը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

نرخ جديد تاكسي‌ها هفته بعد اعلام مي‌شود

Դիտել Պարսկերէն Բաժնում.–

http://vartandav.blogspot.com/2010/12/blog-post_3042.html

Դաւութօղլուն սուտասան է



12:06 • 27.12.10
Ես Թուրքիայի կողմից ամէն օր հնչող ստերը, բնականաբար, չեմ ընդունում։ Այս մասին, թրքական լրատւամիջոցների փոխանցմամբ, Թել Աւիվում հաւատարմագրւած դեսպանների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իսրայէլի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ահմեթ Դաւութօղլուի յայտարարութիւններին։
«Դաւութօղլուն ասում է` «Իսրայէլի հետ պատրաստ ենք համագործակցութեան։ Նրանց օգնեցինք հրդեհի ժամանակ։ Իսկ եթէ նման բան մեզ հետ կատարւէր, նրանք նոյնը չէին անի»։ Այստեղ ուզում եմ ասել, որ Դաւութօղլուի ասածները սուտ են և կեղծ խոստումներ։ Բացի այդ, կցանկանայի նրան յիշեցնել հետևեալը. 2007թ. երկրաշարժի ժամանակ Թուրքիա էինք ուղարկել փրկարարական ջոկատներ, որոնք շաբաթներով աշխատել են այնտեղ»,– յայտարարել է Լիբերմանը։
Անդրադառնալով Իսրևայէլի հետ յարաբերութիւնները վերականգնելու համար Անկարայի առաջադրած «ներողութեան» և փոխհատուցման նախապայմաններին՝ Իսրայէլի արտգործնախարարն ասել է.
«Եթէ ինչ–որ մէկը պէտք է ներողութիւն խնդրի, ապա դա ահաբեկութեանը, «Համասին» և «Հէզբոլլահին» աջակցող թուրքական իշխանութիւններն են։ Իսրայէլը Թուրքիայից ներողութիւն չի խնդրելու։ Ընդհակառակը՝ մենք ենք սպասում, որ Անկարայից ներողութիւն հայցի»։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ Անկարան նպատակ ունի հաշտութեան հասնել Իսրայէլի հետ։
«Մենք խաղաղութիւն ենք ցանկանում Իսրայէլի հետ։ Մենք բոլոր երկրների հետ հաշտութեան կողմնակից ենք։ Սակայն երբ հակառակ կողմից նոյն կամքը չենք տեսնում, դա բարդացնում է իրավիճակը։ Երբ Իսրայէլում հրդեհ սկսւեց, այնտեղ հրշէջ ինքնաթիռ ուղարկելու որոշումը երկու րոպէում կայացրեցինք։ Սակայն մեզ մօտ եթէ նման իրավիճակ ստեղծւէր, Իսրայէլի կոալիցիոն կառավարութիւնում օրերով կքննարկեն այդ թեման»,– յայտարարել էր Դաւութօղլուն՝ աւելացնելով, որ եթէ Իսրայէլը ցանկանում է Թուրքիայի հետ շարունակել բարեկամութիւնը, ապա պէտք է ներողութիւն խնդրի և փոխհատուցում վճարի։

Tert.am

120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Հ. Յ. Դաշնակցութեան վերընձիւղաւորումը՝

Հայաստանում


27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010

Հ. Յ. Դաշնակցութեան ազգային ռազմավարութեան հիմքերն են՝ ազգային շահերի պաշտպանման քաղաքականութիւնը, ժողովրդի միասնութիւնը, ղեկավարութեան առաքինութիւնը եւ Հայ Դատի արդար ու վերջնական յաղթանակը: Հայոց ազգային գոյապայքարը ելնում է ազգային գիտակցութիւնից եւ արժէքներից, ինչպէս նաեւ՝ Հայ Դատի արդարութեան նկատմամբ աներեր հաւատքից: Վերը նշւած հիմնաւորումներով էր, որ նախորդ դարի 90-ական թւականների սկզբում, երբ Հայաստանում եւ Արցախում արդէն սկսւել էր ազգային վերազարթօնքի եւ կոմունիզմի լծից ազատագրւելու շարժումը եւ Խորհրդային Միութեան փլուզման դէպքերը զարգանում էին սրընթաց արագութեամբ, Հ. Յ. Դաշնակցութիւնը վճռեց 70 տարւայ հարկադրական բացակայութիւնից յետոյ՝ հանդէս գալ Հայաստանի քաղաքական ասպարէզում եւ առաջ քաշել Հայ Դատի լուծման պահանջը՝ ազգային նոր ռազմավարութեան հիմքերի վրայ:Այսպէս՝ 1990 թւականի օգոստոսի 8-ին Հ. Յ. Դաշնակցութիւնը պաշտօնապէս բացայայտեց իր կազմակերպական ներկայութիւնը՝ Հայաստանում: Այդ պատմական յայտարարութիւնը կարդացին այն օրերի ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը եւ Հրաչ Տասնապետեանը:Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը լուծում էր իր առջեւ ծառացած խնդիրները: 1990 թւականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին»: 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութիւնում կայացաւ հանրաքւէ, որով Հայաստանի անկախութեան օգտին քւէարկեց ընտրողների 94.39 տոկոսը: 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը հռչակեց «Հայաստանի Հանրապետութեան անկախ պետութիւն»: Սակայն, Հայաստանի իշխանութեան ղեկն անցաւ Հայոց Համազգային Շարժում կազմակերպութեանը, որի քաղաքական ուղեգիծը չէր համընկնում հայոց ազգային շահերի պահպանման դրոյթներին: ՀՀՇ-ի հատւածական մօտեցումը չունեցաւ ազգային բնական զարգացում. իշխանութիւնները վերածւեցին ժողովրդին եւ երկիրը շահարկողների: Նման պայմաններում Հ. Յ. Դաշնակցութիւնը կանգնելով ժողովրդի կողքին՝ սկսեց պայքար մղել անարդարութեան եւ շահագործումների դէմ: Հայաստանի ՀՀՇ-ական իշխանութիւնները դիմեցին բռնութեան, կեղծումի, ազգային գաղափարախօսութեան ուրացման եւ Հ. Յ. Դաշնակցութեան դէմ՝ մոլագար հալածանքի:


«ԱԼԻՔ»