Դաւութօղլուն սուտասան է



12:06 • 27.12.10
Ես Թուրքիայի կողմից ամէն օր հնչող ստերը, բնականաբար, չեմ ընդունում։ Այս մասին, թրքական լրատւամիջոցների փոխանցմամբ, Թել Աւիվում հաւատարմագրւած դեսպանների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իսրայէլի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ահմեթ Դաւութօղլուի յայտարարութիւններին։
«Դաւութօղլուն ասում է` «Իսրայէլի հետ պատրաստ ենք համագործակցութեան։ Նրանց օգնեցինք հրդեհի ժամանակ։ Իսկ եթէ նման բան մեզ հետ կատարւէր, նրանք նոյնը չէին անի»։ Այստեղ ուզում եմ ասել, որ Դաւութօղլուի ասածները սուտ են և կեղծ խոստումներ։ Բացի այդ, կցանկանայի նրան յիշեցնել հետևեալը. 2007թ. երկրաշարժի ժամանակ Թուրքիա էինք ուղարկել փրկարարական ջոկատներ, որոնք շաբաթներով աշխատել են այնտեղ»,– յայտարարել է Լիբերմանը։
Անդրադառնալով Իսրևայէլի հետ յարաբերութիւնները վերականգնելու համար Անկարայի առաջադրած «ներողութեան» և փոխհատուցման նախապայմաններին՝ Իսրայէլի արտգործնախարարն ասել է.
«Եթէ ինչ–որ մէկը պէտք է ներողութիւն խնդրի, ապա դա ահաբեկութեանը, «Համասին» և «Հէզբոլլահին» աջակցող թուրքական իշխանութիւններն են։ Իսրայէլը Թուրքիայից ներողութիւն չի խնդրելու։ Ընդհակառակը՝ մենք ենք սպասում, որ Անկարայից ներողութիւն հայցի»։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել էր, որ Անկարան նպատակ ունի հաշտութեան հասնել Իսրայէլի հետ։
«Մենք խաղաղութիւն ենք ցանկանում Իսրայէլի հետ։ Մենք բոլոր երկրների հետ հաշտութեան կողմնակից ենք։ Սակայն երբ հակառակ կողմից նոյն կամքը չենք տեսնում, դա բարդացնում է իրավիճակը։ Երբ Իսրայէլում հրդեհ սկսւեց, այնտեղ հրշէջ ինքնաթիռ ուղարկելու որոշումը երկու րոպէում կայացրեցինք։ Սակայն մեզ մօտ եթէ նման իրավիճակ ստեղծւէր, Իսրայէլի կոալիցիոն կառավարութիւնում օրերով կքննարկեն այդ թեման»,– յայտարարել էր Դաւութօղլուն՝ աւելացնելով, որ եթէ Իսրայէլը ցանկանում է Թուրքիայի հետ շարունակել բարեկամութիւնը, ապա պէտք է ներողութիւն խնդրի և փոխհատուցում վճարի։

Tert.am

0 Պատգամ: