120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Հ. Յ. Դաշնակցութեան վերընձիւղաւորումը՝

Հայաստանում


27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2010

Հ. Յ. Դաշնակցութեան ազգային ռազմավարութեան հիմքերն են՝ ազգային շահերի պաշտպանման քաղաքականութիւնը, ժողովրդի միասնութիւնը, ղեկավարութեան առաքինութիւնը եւ Հայ Դատի արդար ու վերջնական յաղթանակը: Հայոց ազգային գոյապայքարը ելնում է ազգային գիտակցութիւնից եւ արժէքներից, ինչպէս նաեւ՝ Հայ Դատի արդարութեան նկատմամբ աներեր հաւատքից: Վերը նշւած հիմնաւորումներով էր, որ նախորդ դարի 90-ական թւականների սկզբում, երբ Հայաստանում եւ Արցախում արդէն սկսւել էր ազգային վերազարթօնքի եւ կոմունիզմի լծից ազատագրւելու շարժումը եւ Խորհրդային Միութեան փլուզման դէպքերը զարգանում էին սրընթաց արագութեամբ, Հ. Յ. Դաշնակցութիւնը վճռեց 70 տարւայ հարկադրական բացակայութիւնից յետոյ՝ հանդէս գալ Հայաստանի քաղաքական ասպարէզում եւ առաջ քաշել Հայ Դատի լուծման պահանջը՝ ազգային նոր ռազմավարութեան հիմքերի վրայ:Այսպէս՝ 1990 թւականի օգոստոսի 8-ին Հ. Յ. Դաշնակցութիւնը պաշտօնապէս բացայայտեց իր կազմակերպական ներկայութիւնը՝ Հայաստանում: Այդ պատմական յայտարարութիւնը կարդացին այն օրերի ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը եւ Հրաչ Տասնապետեանը:Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը լուծում էր իր առջեւ ծառացած խնդիրները: 1990 թւականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագոյն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին»: 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութիւնում կայացաւ հանրաքւէ, որով Հայաստանի անկախութեան օգտին քւէարկեց ընտրողների 94.39 տոկոսը: 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը հռչակեց «Հայաստանի Հանրապետութեան անկախ պետութիւն»: Սակայն, Հայաստանի իշխանութեան ղեկն անցաւ Հայոց Համազգային Շարժում կազմակերպութեանը, որի քաղաքական ուղեգիծը չէր համընկնում հայոց ազգային շահերի պահպանման դրոյթներին: ՀՀՇ-ի հատւածական մօտեցումը չունեցաւ ազգային բնական զարգացում. իշխանութիւնները վերածւեցին ժողովրդին եւ երկիրը շահարկողների: Նման պայմաններում Հ. Յ. Դաշնակցութիւնը կանգնելով ժողովրդի կողքին՝ սկսեց պայքար մղել անարդարութեան եւ շահագործումների դէմ: Հայաստանի ՀՀՇ-ական իշխանութիւնները դիմեցին բռնութեան, կեղծումի, ազգային գաղափարախօսութեան ուրացման եւ Հ. Յ. Դաշնակցութեան դէմ՝ մոլագար հալածանքի:


«ԱԼԻՔ»



0 Պատգամ: