Ծնունդդ Շնորհաւոր, Երեւան

Հոկտեմբեր 10, 2010 09:00
Երեւանն այսօր` հոկտեմբերի 10-ին նշում է իր ստեղծման 2792-րդ տարեդարձը: Տօնի կապակցութեամբ մայրաքաղաքում տօնական երթ է նախատեսւած, որին կմասնակցի աւելի քան 3 հազար մարդ: Երթը կսկսւի հնագոյն Էրեբունի ամրոցի մօտ գտնւող հրապարակից: «Բանակն» Արգիշտի արքայի յուշարձանի մօտից կհասնի Ռուսաստանի անւան հրապարակ: Այստեղ երթի մասնակիցներին կողջունի Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը: Դրանից յետոյ, տօնական երթը կշարժւի դէպի Հանրապետութեան հրապարակ:
Կէսօրին Երեւանում շուրջ 30 տեղեկատւական կենտրոններ կգործեն, որտեղ հնարաւոր կլինի ստանալ բուկլետներ, շքանշաններ, յուշանւէր-գլխարկներ, դրօշակներ ու փուչիկներ: Այս տարի տօնը կանցնի «Երեւանը մենք ենք» կարգախօսի ներքոյ: Միջոցառումներին կմասնակցեն հիւրեր 11 եղբայրական քաղաքներից, այդ թւում Մոսկւայից, Խարկովից, Սանկտ-Պետերբուրգից, Մարսելից, Լիոնից, ու Բէյրութից:
Ժամը 19:00-23:00-ին Կասկադում, «Մոսկւա» կինոթատրօնի եւ Կոմիտասի յուշարձանի մօտ հանդիսատեսին կներկայացւի ջազ, ռոք եւ դասական երաժշտութեան համերգներ: Տօնական միջոցառումները կավարտւեն Հանրապետութեան հրապարակում` դիսկոտէկով եւ հրավառութեամբ: Կկազմակերպւի քաղաքացիների տեղափոխում Երեւանի կենտրոնից դէպի վարչական շրջաններ:
Նշենք, որ առաջին անգամ «Էրեբունի-Երեւան» տօնը նշւել է 1968 թւականի հոկտեմբերին, երբ նշւում էր քաղաքի 2750-րդ տարեդարձը: Արդէն 1968-ի սեպտեմբերի 27-ին Երեւանում սկսեց երթեւեկել առաջին «Էրեբունի -Երեւան» տրամւայ-սրճարանը: Երկար ընդմիջումից յետոյ «Էրեբունի-Երեւան» տօնակատարութիւնն սկսեց նշւել 2003-ից, երբ քաղաքը տօնում էր իր 2785-րդ տարեդարձը:
Երեւանի հիմնի` «Էրեբունի-Երեւանի» հեղինակը Պարոյր Սեւակն է, երաժտութեան հեղինակը` Էդգար Յովհաննիսեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: