Թուրքերը վարկաբեկում են մեզ
ու մնում անպատասխան
«Մենք այլևս յոյս չունենք, որ ՀՀ ԱԳ և Սփիւռքի նախարարները կհամագործակցեն դիւանագիտական հարցերի շուրջ Եւրոպայի ուժեղ լոբիստական կազմակերպութիւնների և անհատների հետ»

«Ադրբեջանական դեսպանատունը կորդինացնում է բոլոր աշխատանքները և արդիւնքում ակնյայտօրէն աճել են Անգլիայի պառլամենտի ադրբեջանամէտ անդամների քանակը»
« «Դիպլոմատ» ամսագրի Վերջին համարում լոյս է տեսել ադրբեջանցի դեսպանի 17 էջանոց յօդւածը բացառիկ հակաՀայկական հռետորաբանութեամբ, որը բնականաբար մնացել է և կմնայ նաև ապագայում անպատասխան»
Նոյեմբեր 5, 2010թ. 10:32
Ինչպէս յայտնում են Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարութիւնից Մեծ Բրիտանիայում (Անգլիա) աշխատանքային այցով գտնւում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանը, որն իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ: Համաձայն նրանցից ստացւած տեղեկատւութեան, արբեջանական և թրքական դիւանագէտների կողմից Մեծ Բրիտանիայում ծաւալւած աշխատանքները գնալով հզօրանում են, և դրան հակառակ, կարելի է ասել, զրօյանում են ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարւող դիւանագիտական աշխատանքները:
Համեմատութեան համար բերենք միայն հետևեալ տւեալները. ադրբեջանցիները յայտնի §Chatham house¦-ի կողքին գնել են մի հսկայ շէնք, որտեղ տեղաւորել են §Ադրբեջան-ԵՄ¦ համագործակցութեան կենտրոնը: Կենտրոնն ունի բազմաթիւ աշխատողներ, այդ թւում ներգրաււած են նաև շատ արհեստավարժ անգլիացի մասնագէտներ: Ադրբեջանական դեսպանատունը կորդինացնում է բոլոր աշխատանքները և արդիւնքում ակնյայտօրէն աճել են Անգլիայի պառլամենտի ադրբեջանամէտ անդամների քանակը: Դրան գումարենք Թուրքիայի ԱԳՆ-ի հսկայածաւալ ուժերի աշխատանքը, որոնք աշխատում են ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տւած, և ադրբեջանցի ու թուրք ուսանողների համատեղ գործունէութիւնը ընդդէմ հայկական լոբինգի:
Իսկ այժմ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարւող ակտիւութեան մասին: Լոնդոնում գործում է հայկական դեսպանատունը, որն ունի ընդամէնը երկու դիւանագէտ /մի հիւպատոս և մի խորհրդական/ և մօտ վեց ամիս չունի նոյնիսկ դեսպան: Ճիշտ է, նոյնիսկ ԱԳՆ լաւագոյն կադրին, եթէ այժմ նշանակեն Մեծ Բրիտանիայի դեսպան, իր երկու դիւանագէտների հետ միասին կյայտնւի ծիծաղելի ու անօգնական վիճակում, քանի որ ստիպւած է լինելու հակահարւած տալ տասնեակ ադրբեջանցի և թուրք մասնագէտներին: Բերենք մի օրինակ. անգլիական յայտնի §Դիպլոմատ¦՚ ամսագրում ադրբեջանցի դեսպանը միշտ ներկայացնում էր արցախեան խնդիրը, որին պարտաճանաչօրէն հակահարւած էր տալիս Հայ դեսպան Վահէ Գաբրիէլեանը: Վերջին համարում լոյս է տեսել ադրբեջանցի դեսպանի 17 էջանոց յօդւածը բացառիկ հակաՀայկական հռետորաբանութեամբ, որը բնականաբար մնացել է և կմնայ նաև ապագայում անպատասխան:
Ադրբեջանցիները կազմակերպում են դասախօսութիւններ, հանդիպումներ արցախեան թեմաներով և վարկաբեկում Հայաստանին առաւելագոյնս, իրենց սրտի ուզածի չափով: Այս ամէնը մնում է բացարձակ անպատասխան: Թուրքերը շատ ակտիւ աշխատում են նաև արդի էներգետիկ խնդիրների շուրջ և այս ամէնը ոչ թէ Եւրոպայի որևէ երկրորդական երկրում, այլ Եւրոպայի ֆինանսական կենտրոնում, համաշխարհային դիւանագիտութեան մէջ իր կամքը թելադրող երկրի մայրաքաղաքում` Լոնդոնում:
Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումը նկատում է, թէ` մենք բազմիցս խօսում ենք ՀՀ ԱԳՆ-ի անուժ և ոչ արհեստավարժ աշխատանքների շուրջ, քննադատում նրա չափից դուրս թոյլ նախարարին, որն իր անձի շուրջ մտածելուց բացի ոչինչ չի կարողանում կազմակերպել: Սակայն ուզում ենք աւելացնել նաև Սփիւռքի նախարարութեան կողմից վարւող բացառիկ թոյլ աշխատանքները Եւրոպայի այն կենտրոններում, որտեղ կան քիչ թէ շատ ուժեղ հայկական համայնքներ և լոբիստներ, նրանց հետ համագործակցելու և ԱԳՆ-ի բացը լրացնելու գործում: Սփիւռքի նախարարութեան այսօր տարւող աշխատանքները կարող էր կազմակերպել նախարարութեան մի ակտիւ վարչութեան ղեկավար և ոչ թէ մի ամբողջ նախարարութիւն, իսկ այն աշխատանքները, որն օդի պէս անհրաժեշտ է հայութեանը, նախարարութեան ուժերից բացարձակ վեր է:
Ես մէկ անգամ նշում ենք ադրբեջանցիների և թուրքերի կողմից վարւող դիւանագիտական գործունէութեանը հակադրւելու և արդիւնքները չեզոքացնելու համար ՀՀ ԱԳՆ-ն չունի արհեստավարժ կադրեր, ֆինանսական հզօրութիւն և նոյնիսկ ցանկութիւն: Այս բացը որոշ երկրներում լրացւում է ուժեղ և արհեստավարժ հայկական լոբիստների ու կազմակերպութիւնների կողմից: Սակայն նրանց հետ նոյնիսկ համագործակցելու ունակութիւն չունի ՀՀ ԱԳՆ-ն: Բոլորս սպասում էինք, որ բացը կլրացնի Սփիւռքի նախարարութիւնը, բայց այստեղ ևս որդեգրւեց Խորհրդային ժամանակներում տարածւած «կոմերիտական» քաղաքականութիւնը. «գնացքի շարժիչի ամբողջ շոգին ուղղել շչակի վրայ՚»: Բաւական է յիշել գովազդային հոլովակների այն բազմութիւնը, որը ցուցադրւում է հայկական հեռուստատեսութիւններով` Սփիւռքի նախարարութեան կողմից նախատեսւած հերթական համաժողովի շուրջ երբեմն մի քանի տասնեակ սփիւռքահայերի մասնակցութեամբ: Այսինքն տարւում են որոշ աշխատանքներ կասկածելի արդիւնքներով, սակայն դրանք ներկայացւում են որպէս մեծ նւաճումներ: Արդիւնքում այն բացառիկ հնարաւորութիւնը, որ ունի Հայ ժողովուրդը` յանձինս սփիւռքահայ լոբիստների ու կազմակերպութիւնների, նւազագոյնս է օգտագործւում և, աշխատանքների չկորդինացւելու դէպքում, ապագայում այն սկսելու է տեղի տալ ադրբեջանա-թրքական դիւանագիտութեան ճնշմանը:
Մենք այլևս յոյս չունենք, որ ՀՀ ԱԳ և Սփիւռքի նախարարները կհամագործակցեն դիւանագիտական հարցերի շուրջ Եւրոպայի ուժեղ լոբիստական կազմակերպութիւնների և անհատների հետ ու կարծում ենք, որ ապագայում մենք պարտւելու ենք տեղեկատւական և քաղաքական ոլորտներում: Երևի թէ մեր միակ յոյսը լինելու է համաշխարհային հայկական լոբիստական կենտրոն ստեղծելը, որը պէտք է լինի այնքան հզօր, որ ինքը կարողանայ պայմաններ թելադրել Սփիւռքի և ԱԳ նախարարութիւններին ու կորդինացնել համաշխարհային հայկական դիւանագիտական աշխատանքները համաձայն Հայ Դատի ռազմավարութեան: Այդ ուղղութեամբ այսօր աշխատանքներ տարւում են և մնում է յուսալ, որ դրանք կլինեն առաւելագոյնս արդիւնաւէտ:


ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւն
ArmAr.am

0 Պատգամ: