Կոռուպցիայի տրամաչափը
2010-11-05
Ինքնին խօսուն են տպագիր մամուլի վերնագրերն ու ենթավերնագրերը. «Կոռուպցիայի դանակը հասել է ոսկորին. նախագահի ու վարչապետի յանձնարարականները» («Հայոց աշխարհ»), «Բացասական երևոյթների դէմ պայքարն արդիւնաւէտ չէ, նախագահի յանձնարարութիւնները պէտք է սթափեցնեն կառավարութեանը» («Ռեսպուբլիկա Արմենիա»), «Ընդհուպ կադրային փոփոխութիւններ» պահանջեց վարչապետը` նախարարներին նախագահի յանձնարարականների առնչութեամբ» («Ազգ»), «Գիւղնախարարին էլ ամօթանք տւեց. ՀՀ վարչապետը, ի թիւս այլ նախարարների, Գերասիմ Ալավերդեանից էլ էր դժգոհ», «Վարչապետի հետ համաձայն է» («Առաւօտ»), «Վարչապետը դժգոհ է նախարարներից» («Արմինֆո-Դելովոյ էքսպրես»), «Ձուկը գլխից է հոտում» («Կապիտալ»), «Այս նեգատիւ երևոյթների դէմ մեր պայքարն արդիւնաւէտ չի»,- խոստովանում է վարչապետը» («Իրաւունք»), «Վերահսկողութիւնն ուրախ երգը կիսատ թողեց», «Ո՞ւմ գրպանում է գիւղացու փողը» («Իրատես դէ ֆակտո»), «Տիգրանը գնում է պատերազմ», «Տիգրան Գ Ահեղի եռաթև նետը» («Ժամանակ»), «Էդ չափի վարագոյր չկայ» («Հայկական ժամանակ»):
«Կապիտալը» նկատել է, որ երէկւայ նիստում կառավարութեան հաւանութեանն արժանացած «Տնտեսական մրցակցութեան մասին» և ևս երեք օրէնքներում փոփոխութիւններ կատարելու նպատակը ՏՄՊՊ յանձնաժողովի գործունէութեան արդիւնաւէտութեան մեծացումն է:
Երկու այլ հրապարակումներում թերթը փոխանցել է ForexClud-ի կանխատեսումը, թէ գնաճը կրկնակի աւելի կլինի (8.5%), քան բիւջէով է նախատեսւած, ինչպէս նաև ԱԺ պատգամաւոր Վարդան Այւազեանի տեսակէտը, որ «2011թ. կարձանագրւի 4.6% տնտեսական աճ», իսկ «գնաճի պատճառը մեր փոքրիկ շուկան է»:
«Ժամանակը» «մտահոգւել է», որ «Հրանտ Բագրատեանի ասածները շատ յաճախ «չեն հասկանում» ու «աղաւաղում են» և վերստին ներկայացրել 2011թ. ՀՀ բիւջէի և կենսաթոշակային բարեփոխումների վերաբերեալ նրա որակումները: Մի այլ հրապարակման մէջ կենսաթոշակային բարեփոխման ծրագիրը թերթը որակել է «քանդման ենթակայ համակարգ»:«Կապիտալը» և «Ազգը» անդրադարձել են կառավարութեան նիստում հաստատւած կենսաթոշակի վճարման կարգին, որի կիրառումը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, հնարաւորութիւն է տալիս նւազեցնել կոռուպցիոն ռիսկերը:
«Առաւօտում» ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանը դատաւորների և պետական այլ պաշտօնեաների աշխատավարձերի բարձրացման հեղինակային օրինագիծը շրջանառութիւնից հանելը մեկնաբանել է այն հանգամանքով, որ այն «դարձել էր քաղաքական սպեկուլիացիայի առարկայ»: Մի այլ հրապարակման մէջ թերթը «քննութեան է առել» կրթահամակարգի կնճռօտ խնդիրները` բլոգերների մատուցմամբ («Ողբամ զքեզ, ՀՀ կրթական համակարգ»):

Հ.Հ.Կառավարութեան Կայքէջ

0 Պատգամ: