Monday, November 8, 2010

Աբդուլլահ Գիւլ

Աբդուլլահ Գիւլ.-
Հայ-թրքական գործընթացը լուռ ընթանում է

Էդւարդ Նալբանդեան.–
««Չկայ ո՛չ «լուռ դիւանագիտութիւն», ո՛չ Ցիւրիխի
«երկրորդ շրջան», ո՛չ բանակցութիւնների որևէ նոր փուլ,
ինչպէս դա վերջերս փորձում է յաճախ ներկայացնել
թրքական մամուլը»

10:27 • 08.11.10

Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած գործընթացը լուռ ընթանում է: Այս մասին Լոնդոն մեկնելու ճանապարհին ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրոյցում յայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը:
Ի պատասխան թուրք լրագրողներից մէկի այն հարցին, թէ «Լոնդոնում մրցանակ էք ստանալու Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի համար: Սակայն այսօր այդ ասպարէզում զարգացումներ տեղի չեն ունենում: Ի՞նչ կասէք այդ առնչութեամբ», Աբդուլլահ Գիւլը յայտարարել է.
«Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը ոչ մահացել է, ոչ էլ սառել: Ուղղակի որոշ բաներ անձայն են ընթանում»:
Աբդուլլահ Գիւլը վերջին շրջանում մի քանի անգամ խօսել է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող այսպէս կոչւած «լուռ դիւանագիտութեան» մասին: Սակայն վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը Wall Street Journal-ում հրապարակւած իր յօդւածում նշել էր.
«Չկայ ո՛չ «լուռ դիւանագիտութիւն», ո՛չ Ցիւրիխի «երկրորդ շրջան», ո՛չ բանակցութիւնների որևէ նոր փուլ, ինչպէս դա վերջերս փորձում է յաճախ ներկայացնել թրքական մամուլը: Այս երկարատև գործընթացում առկախւած միակ քայլը Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացումն ու իրագործումն է`առանց հետագայ ձգձգման»:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլին Լոնդոնում շնորհւելու է Chatham House-ի մրցանակը։ Ամենամեայ մրցանակը շնորհւում է այն քաղաքական գործչին, ով Chatham House-ի Միջազգային յարաբերութիւնների հարցերով թագաւորական ինստիտուտի անդամների կարծիքով՝ անցած տարի զգալի ներդրում է ունեցել միջազգային յարաբերութիւնների զարգացման գործում։

Tert.am

0 Պատգամ: