Նիւ Եօրքում շարունակւում է ՄԱԿ-ի
7 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
Նիւ Եօրքում շարունակւում են ՄԱԿ-ի Ընդհ. ժողովի 65-րդ նստաշրջանը եւ դրա հիմնական կոմիտէների աշխատանքները: Մասնաւորապէս, նոյեմբերի 3-ին քննարկումներ են տեղի ունեցել «ժողովուրդների ինքնորոշման իրաւունք» օրակարգային կէտի շուրջ, որի ընթացքում ելոյթներով հանդէս են եկել շուրջ չորս տասնեակ երկրների պատւիրակութիւններ եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչը վերահաստատում է միջազգային իրաւունքի այս կարեւոր սկզբունքի այժմէականութիւնը եւ կարեւորութիւնը:
Քննարկումներին մասնակցել է նաեւ Հայաստանը՝ ի դէմս ՄԱԿ-ում իր մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանի, որը նշել է, որ այդ իրաւունքի ոտնահարումը յանգեցնում է ողբերգական հետեւանքների, պատերազմի ու աւերւածութիւնների: Արցախում հայ ժողովուրդը պայքարել է իր ազատութեան իրաւունքի համար՝ դիմակայելով իր նկատմամբ սանձազերծած պատերազմին եւ իր նախնիների հայրենիքից բնաջնջելու բոլոր փորձերին:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ազգերի ինքնորոշման իրաւունքը, կատարել է իր սուվերէնութեան օգտին ընտրութիւնը, եւ այդ նպատակին հասնելու համար՝ գործադրել բոլոր իրաւական մեխանիզմները: Նա նաեւ կարեւորել է ՄԱԿ-ի դերակատարումը եւ մանդատը՝ երաշխաւորելու համար ազգերի եւ ժողովուրդների կողմից անվերապահ ու մշտական հիմունքով ինքնորոշման իրաւունքի իրականացումը: Ադրբեջանի ու Հայաստանի պատւիրակութիւնների միջեւ տեղի են ունեցել յաւելեալ քննարկումներ:
Հայաստանի ներկայացուցիչը զաւեշտալի է համարել այն փաստը, որ Ադրբեջանն առհասարակ ելոյթ է ունենում օրակարգի տւեալ կէտի ներքոյ՝ միեւնոյն ժամանակ փորձեր կատարելով անտեսել արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը: Նա նաեւ յաւելել է, որ «Մարդու եւ հիմնարար իրաւունքների պաշտպանութեան մեխանիզմները մշտապէս բացակայել են Ադրբեջանում, դրանք փոխարինւել են կամայական եւ անօրինական ակտերով:
Համաշխարհային հանրութիւնն ականատես եղաւ, որ շարունակւող քսենոֆոբիայի (այլատեացութեան) եւ անհանդուրժողականութեան արդիւնքում ադրբեջանական քաղաքներում հայերի հանդէպ կազմակերպւեցին ջարդեր, խոշտանգումներ, սպանութիւններ, որոնք աշխարհը ցնցեցին իրենց վայրագութեամբ եւ բարբարոսութեամբ: Սա էր Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղին, երբ վերջինս իրականացրեց ինքնորոշման իր անքակտելի իրաւունքը:
Տարածաշրջանում ներկայ իրավիճակն արդիւնք է Ադրբեջանի իշխանութիւնների կողմից ԼՂՀ-ի բնակչութեան դէմ իրականացւած ցեղային զտումների, զանգւածային սպանութիւնների եւ, ի վերջոյ, ռազմական յարձակման ու պատերազմի»:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment