Արշալոյսը Ձեր համար է բացւում,...Ամէն առաւօտ...

Ըստ սովորութեան, արեւամուտի ժամանակ, անցնում եմ այն զբօսայգուց, որից քաղցր ու դառը յուշեր ունենալով, ներշնչման աղբիւր լինելու եւ հասարակութեան մերկ ու իրական պատկերներն այնտեղ գտնելու բերումով, իմ ներաշխարհում արդէն դարձրել եմ անձնական սեփականութիւնը:
Ամենահոգեհարազատ մթնոլորտն ու սեփական անկիւնը, որտեղ գտնում եմ ամբողջ կեանքիս ընթացքում մեծ հարցական դարձած առեղծւածների լուծումն ու մեկնաբանութիւնը: Այստեղ է, որ մարդ ինքնըստինքեան վերյիշում է իր մանկութիւնն ու անցեալից մնացած մութ ու բարդ պահերը, որոնք նաեւ անհասկանալի էին:

Պահեր ու ապրումներ, որոնք այսօր վերյիշելիս, այլ կերպ են ստացւում, ուրիշ ձեւ են հասկացւում հենց մեր համար, եւ շատ յաճախ զարմանում ենք հասարակութեան ու շրջապատի ունեցած անտարբերութիւնից՝ մեր սպասելիքների ու ակնկալութիւնների կատմամբ ...

Թերեւս տեղին էին մեր սպասելիքները: Գուցէ եւ անտեղի, բայց մեր հասարակութեան ու շրջապատի նկատմամբ ճիշտ ճանաչողութիւն չունենալու եւ կամ բոլորովին դրան չճանաչելու պատճառով, կարծում էինք թէ՝ արդար են մեր պահանջները, եւ զայրոյթով ու զարմանքով բողղոքում, թէ՝ ինչո՞ւ չեն հասկանում մեզ... Եւ կամ գուցէ դրանք պարզապէս մանկապատանեկան կապրիզների արտայայտութիւններն էին... բայց ինչ որ լինէին, եւ ինչ մեկնաբանութիւն էլ որ ունենային, դրանք՝ շրջապատի մօտեցումները մեր համար անհասկանալի էին ու անընդունելի:

***

... Հերթական անգամ, մի օր արեւամուտի ժամին, անցնում եմ իմ ներաշխարհի սեփական զբօսայգուց, եւ տեղաւորւում եմ իմ սեփական անկիւնում, փայտէ կանաչ նստարանի վրայ: Ահա հէնց այդ պահից սկսեցի վերյիշել ու մեկնաբանել անցեալը, այնպէս՝ ինչպէս նկարագրեցի վերի տողերում: Դիմացիս բաց շրջափակում, խաղում են մի քանի փոքրիկներ:


Ճիշտ հէնց այն տարիքի երեխաներ, որոնց չափ լինելու ժամանակ խորհում էի այնքան բարդ ու առեղծւածային հարցերի մասին:Ժպտադէմ ու խանդավառ «տարեկից»ներս, արհամարհելով աշխարհն ու դրա հոգսերը, ուժգին հարւածներով այս կողմ ու այն կողմ էին նետում կապոյտ գծերով պլաստիկէ գնդակը:

Ֆուտբոլ են խաղում ըստ երեւոյթի, սակայն դրանցից ոմանք, բոլորովին էլ հետաքրքրւած չէին թէ՝ ի՞նչ են խաղում, միայն հաճոյք են ստանում կապոյտ գիծ - գիծ պլաստիկէ գնդակին հարւծելուց: Ինչքան ծանր ու սաստիկ է լինում հարւածը, նոյնքան բաւարարւած է զգում իրեն փոքրիկը... Ոմանք էլ իսկապէս Ֆուտբոլ են խաղում: Իւրաքանչիւրը իրեն պատկերացնելով «Ռոնալդինիո»յի, «Դէյվիդ Բեքհամ»ի, «Զէյդան»ի եւ կամ «Միշայէլ Բալաք»ի դերերում: Ճիշտ այնպէս, ինչպէս մենք ժամանակին իւրաքանչիւրս մեզ պատկերացնում էինք «Եաշինի, Գըրդ Մուլըր»ի, «Փելլէ»ի, «Ջորջ Բեստ»ի եւ կամ «Մեհրաբէ Շահրոխի»ի, «Ալի Փարվին»ի... դերերում:...

Բայց չգիտեմ թէ միւսները, նրանք՝ որոք միայն բարդոյթներով կուտակւած, բռնցքւած

հարւածներ էին հասցնում խեղճ գնդակին, ու ինչ որ չնշանառւած անկիւն նետում, (ճիշտ իրենց անորոշ ապագայի նման)..., իրենց գտնում են ո՞ւմ դերի մէջ: Գուցէ նրանք այդ տարիքում էլ, այնքա՜ն են մեծացել, որ իրենց գտնում են հենց իրենց դերում..., աւելին՝ չեն լողում երազանքների ովասիզում...

Տեսարանն այնքան ծանօթ ու հարազատ է, որ կարծես վերադարձել եմ շուրջ 40 տարի առաջ, եւ իմ դիմաց խաղում ենք հենց մենք, ես ու Էդիկը՝ (շօՖեր Թովմասի տղան), կօշկակար Արշամի մինուճար՝ Սուրիկը, ղարադաղցի Վաչիկը, որ ամէն օր դպրոցից ազատւելուց յետոյ մինչեւ մայրամուտ աշխատում էր իր հօր ածխավաճառանոց՝ գարգժում, նոյնիսկ Ռոզիկը, որ տիկնիկների ու աղջիկների հետ խաղալու փոխարէն աւելի շատ ցանկանում էր շփւել տղաների հետ ու խաղար՝ Չարմալլաղի, Ալաքդոլաք եւ Ֆոտբոլ... կային նաեւ ... ուրիշներ, որոնց անունները գուցէ մոռացել եմ:

***

Դիմացս խաղում ենք մելք: Այն տարբերութեամբ, որ սրանց տաբատների, շապիկնարի ու գուլպաների վրայ չկան կարկատաններ, եւ ոտնամանները՝ հնամաշ քաթթանի – ների փոխարէն, փառաւոր սպորտ կօշիկներ են: Բայց ոչինչ, սա բացառիկ տեսարան է Հայ փոքրիկների մօտ: Գոնէ համակարգչային ոչ շատ օգտակար խաղերից ու բջջային հռախօսախաղերից մի պահ հեռանում են, ու փորձում են մի քիչ շարժել իրենց...

Եթէ չունենայի սեփական փորձառութիւն, պիտի ասէի՝ երանի այս անհոգ փոքրիկներին... :

Չեմ ուզում մռայլութիւն բուրի այս գրութիւնից, բայց իրականութեան մէջ չեմ կարող չդնել այս հարցադրումը, թէ՝ իսկապէս անհոգ են սրանք...: Ո՞վ գիտի սրանցից քանիսն են գիշերը հանգիստ անց կացրել, քնե՞լ են թէ՝ ոչ: Եթէ քնել են, ապա ի՞ նչ հրէշային երազներից են սարսափահար վեր ցատկել անկողնուց..., արդեօ՞ք քնելուց առաջ ծնողների սովորութիւն դարձած սաստիկ վէճերի ականատես է եղել թէ ոչ:

Սրանցից քանի՞սն են իրենց ցանկութիւնների փոքրիկ անկիւնում գտնւում երազանքային պարտէզներում, որի երկինքը միշտ երանգաւորւած է գոյնզգոյն ծիածաններով, անցնում են գետակներ, որիցից հոսում են սառ ու քաղցր անմահական ջրեր, որտեղ առիւծն ու կատուն միմեանց հետ խաղում են, ու գայլը հեքեաթ է ատմում փոքրիկ գառնուկին:

Որտեղ չկան վէճեր ու ժխոր, հոգս ու տառապանք, ունենալու եւ չունենալու, ունեւորի եւ չունեւորի դարերի աւանդոյթ դարձած մտատանջութիւնը, որտեղ չկան նախանձ ու խանդ, քէն ու թշնամանք:
Սրանցից քանի՞սն են ճանաչում իրաւունքն ու դրա սահմանները, պահանջի, ակնկալիքների ու սպասելիքների սկիզբն ու վերջը: Ճանաչո՞ւմ են արդեօք հոգս ու հոգատարութիւն: Քանի՞սն են աշխարհի հոգսը շալակած իրենց նւազ ու անկարող ուսերին ու քայլում են տառապանքի ճամբեքով:

Եւ քանի՞սն են հոգսը յանձնել կապոյտ գիծ - գիծ գնդակին ու ամենայն ուժգնութեամբ հարւածելով դրան, աննպատակ ուղութեամբ հեռացնում է թէ՝ գնդակը եւ թէ դրա մէջ տեղաւորած հոգսերն ու հերն անիծում այդ բոլորի... Խաղում են «անհոգ» ու չգիտես թէ դրանցից որը՞, ի՞նչ մտածմունքի մէջ է:

Արդեօ՞ք մտածում են այն մասին, թէ՝ իչքա՞ն պահանջ ու սպասելիք պիտի ունենայ կեանքից ու շրջապատից, եւ թէ որտե՞ղ է վերջանում իր իրագործւող ցանկութիւնների սահմանը:

Արդեօ՞ք չգիտի ի՞նչ է կարելին ու անկարելին, եւ ինչո՞ւ ... Եւ կամ ընդհանրապէս ցանկութիւն ունենալու իրաւունք ունի՞ թէ ոչ...Խաղում են «անհոգ», ու չգիտես ի՞նչ է անցնում իւրաքանչիւրի ներաշխարհում, ի՞նչ է եռում այդտեղ: Այնտեղ, որտեղ մարդու ամենաանարատ անկիւնի ճշմարտախօս ու անկեղծ խիղճն է բաբախում:

Սրանց մէջ արդեօ՞ք կան փոքրիկներ, որոնց աչքերից ադամանդներ են գլորւում այտերին... եթէ կան, գտնենք ու համոզենք, որ դրանք թանկ կարժեն, ափսոս է գլորել աննպատակ: Եւ անենք այն, որ այլեւս չվատնւեն այդ գոհարները, որոնց իւրաքանչիւր կաթիլը բազում թախիծնեի քամւած արդիւնքն է...

Անենք այն, որ այլեւս մեռած հոգիներ չտեսնենք այս փոքրիկների անմեղ դէմքերին, փոքրիկներ, որոնք չգիտեն ի՞նչ բառերով պիտի արտայայտեն իրենց թախիծների ու ադամանդների հոսման ակնաղբիւրնեի մաին... Բառեր կան, որոք չեն մեկնաբանւում ոչ մի բառարանում:

Մարդկանց ներաշխահում էլ կան մեկնութիւններ, որոնց իմաստաւորելու համար բառ չես գտնում որեւէ բառարանում... եւ կան երեւոյթներ, որոնց արայայտելու համար էլ, բառ չկայ ընդհանրապէս...Այդ բառերն ու մեկնութիւնները, պիտի գտնենք ու վերծանենք մենք՝ որ մեծ են ասում մեզ:

***

Թող, որ այս փոքրիկները մեռած հոգիների արտաքինով ու ներշխարհով չմռայլւեն՝ կարճ, բայց հոգնած ու տխուր անցեալով ու ներկայով: Ու չտառապեն ու թանկագին ադամանդներ չհոսեն նրանց այտերից.... Թող որ իրենց պարտադրւած աշխարհը դարձնեն գնդակ ու ամենաուժգին հարւածով նետեն. այս անգամ նպատակադրւած հարւածով ու ուղղւածութեամբ... Թող, որ ասենք խնդա՛, ցնծայ՛ ու երազիր՛... եւ աշխարհը դարձրու գնդակ...

***

Շուրջ 40 տարի առաջ, Վաչիկն իր ծնողներին ենթարկւելով յաջորդ օրը՝ չորեքշաբթի կէսօրից յետոյ, թողնելով իր ընկերներին Հայաստան պիտի ներգաղթեր, երկիր, որտեղից լաւ լուրեր չէին հասնում այն օրերին: Եւ Էդիկի ծողները պիտի արդէն ապահարզան ստանային...

***

Զբօսայգուս մենաստանում բաժանւեցին տղաները: Հոգսը մեծ էր այն երկուսի: ԱՖոն պիտի բաժանւէր իր ընկերներից ու շրջապատից՝ անկախ իր կամքից, ու պիտի գնար ծովերից այն կողմ: Եւ իւրիկն էլ տառապում էր իր տարողութիւնից շատ, շատ աւելի շատ հոգսերից. նա մնացել էր տատիկի մօտ, ու ծնողները թողել հեռացել էին արդէն...

***

Արդեօ՞ք, վստահ ենք, որ հոգս չունեն փոքրիկները... Լաւ դիտենք մեր շուրջը, նոյնիսկ մեր անմիջական շրջապատում...Խնդա‘, ցնծա‘ ու երազիր:

***

Արշալոյսը Ձեր համար է բացւում ամէն առաւօտ..., տեղ ու ամէն օր... Գուցէեւ դուք մի օր դառնաք արշալոյս... Ոչ թէ գուցէ, այլ անպայման, եթէ թողնեն ...

Ձերդ՝

ՎԱՐԴԱՆ
vartandav@yahoo.com

0 Պատգամ: