Խոցւած փոխվստահութիւն... .
ԴԻՏԱՆԿԻՒՆ («ԱԼԻՔ» օրաթերթի յունիսի 17–ի Ա էջի)
Երէկ կրկին ժողովրդային զանգւածները իրենց ձայնը աւելիով լսելի դարձնելու համար՝ դիմել էին «հրապարակախօսութեան»: Յետընտրական խմորումների շարունակւող արձագանգները լսելի ու տեսանելի էին հիմնականում մայրաքաղաքի երկու հրապարակներում ու դրանց շրջակայքում, մէկը՝ քաղաքի կենտրոնական, իսկ միւսը՝ հիւսիսային շրջանում (քիչ թէ շատ նոյն խմորումներ են տիրում միւս քաղաքների հրապարակներում ու համալսարանական-ուսանողական կենտրոններում):
Մինչ ժողովրդական զոյգ ցոյցերի կայացումը՝ զուգահեռաբար իշխանական վերնախաւում ընթանում էր ժողովուրդ-կառավարութիւն խոցւած փոխվստահութեան վերականգնմանը միտող քայլեր:
Այսպէս՝ երէկւայ խորհրդարանական դռնբաց նիստում աւելի քան յիսուն պատգամաւորներ «հարցադրում» են ուղղել ներքին գործերի նախարարին՝ համոզիչ պատասխաններ ակնկալելով վերջին օրերի ընթացքում մի շարք մութ ուժերի սանձարձակ գործողութիւնների վերաբերեալ, որոնք մարդկային ու նիւթական մեծ վնասներ են պատճառել քաղաքացիներին եւ ի մասնաւորի Թեհրանի համալսարանին կից հանրակացարանի վրայ յարձակումների բերումով:
Միւս կողմից՝ Սահմանադիր ժողովի Պահապան խորհուրդը սկսեալ երէկւանից՝ պէտք է մէկշաբաթեայ ժամկէտի ընթացքում քննարկումներ կատարի ընտրութիւնների երեք թեկնածուների բողոքարկումների շուրջ:
Այս գծով Պահապան խորհրդի խօսնակը յայտարարել է՝ կայ վերահաշւարկման հաւանականութիւն եւ դրա արդիւնքում պարզւող մեծ խախտումների փաստերի առկայութեան դէպքում՝ ընտրութեան բեկանման վարկածների դիմելու հանգամանքը:
Այսպէս թէ այնպէս՝ մէկ բան յստակ է եւ դա ժողովրդի խոշոր հատւածի (մեծաւմասամբ Մուսաւիի եւ Քեառուբիի կողմնակիցների) մօտ առաջացած իշխանութեան նկատմամբ անվստահութեան իրողութիւնն է, որի փարատման ու սրբագրման են կոչւած պետական-կառավարական եւ իշխանական (գործադիր թէ օրէնսդիր) պատասխանատուները:
Այլապէս՝ անխուսափելի կը դառնան հրապարակային-ցուցական խռովայոյզ եւ ժողովրդին տարբեր ճամբարների բաժանող գործօնները, որոնք ինչ խօսք՝ ելնելով հասարակական իրենց վարակիչ ու տարողունակ բնոյթից՝ կարող են բացասական ու անցանկալի հետեւանքները կրկնապատկել ու բազմապատկել, զորօրինակ՝ ամենօրեայ ձերբակալումներ, թերթերի ու լրատու ցանցերի արգելափակումներ (ի հետեւանս այս վերջնի՝ արտաքին լրատու գործակալութիւնների չարաշահումներ) եւ ուսանողական-մտաւորական խաւերի օտարումը՝ երկրի յառաջընթացի ու յուսատու ապագայի տեսլականից:
1 Պատգամ:
Megnabanek te inchen e badjare?. ayd bolors el gidenm, inch zer desagede. (Harce Alik-in e ooghvaz)
Post a Comment