ՎԱԽՃԱՆՒԵԼ Է ՆԵՐՍԷՍ ԱՐՔ. ՊՈԶԱՊԱԼԵԱՆԸ
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի
Յունիսի 27-ի առաւօտեան, Նայիրի բժշկական կենտրոնում կեանքի 72-րդ տարում վախճանւեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նւիրեալ և բազմավաստակ սպասաւոր Գերաշնորհ Տ. Ներսէս Արքեպիսկոպոս Պոզապալեանը:
Սրբազան Հայրը սոյն թւականի փետրւարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանօթ անձնաւորութեան կողմից կողոպուտի նպատակով ենթարկւել էր յարձակման, որի հետևանքով ծանր վնասւածք էր ստացել և անգիտակից վիճակում փոխադրւել հիւանդանոց:
Միջադէպից մինչ իր վախճանը Տ. Ներսէս Արքեպիսկոպոս Պոզապալեանը եղել է Երևանի Նայիրի բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքոյ: Հանգուցեալ Սրբազանի աճիւնը երկուշաբթի` յունիսի 29-ին, ժամը 17։00-ին կը դրւի Ս. Գայանէ վանքում վերջին հրաժեշտի համար, ժամը 19։00-ին կը կատարւի հոգեհանգստեան արարողութիւն:
Երեքշաբթի` յունիսի 30-ին, ժամը 11։00-ին Թեղենիքի իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կը մատուցւի Ս. Պատարագ, որի ընթացքում կը կատարւի վերջին օծման և թաղման կարգը: Յաւարտ Ս. Պատարագի` եկեղեցու բակում տեղի կունենայ Սրբազանի յուղարկակորութեան արարողութիւնը: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
Կենսագրական
Տ. Ներսէս արքեպիսկոպոս Պոզապալեանը (աւազանի անունը` Յակոբ) ծնւել է 1937 թ. Կիլիկիայում` Գըրգխան աւանում, որտեղից 1939 թ. գաղթել է Բէյրութ: Սովորել է Բէյրութի Նուբարեան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետեւ Բէյրութի կենտրոնական բարձրագոյն վարժարանում:
1957 թ. ընտանիքով տեղափոխւել է Հայրենիք:
Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգյան Հոգեւոր Ճեմարանում: 1957 թ. Ս. Ստեփանոս նախավկայի տօնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպս. Աբրահամեանի ձեռամբ ձեռնադրւել է սարկաւագ: 1960-1961 թթ. ուսանել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Զագորսկի ակադեմիայում: 1961 թ. Վազգէն Ա Հայրապետի ձեռամբ ձեռնադրւել է կուսակրօն քահանայ` վերանւանւելով Ներսէս:
1962 թ. Վազգէն Ա Կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա 1965 թ. ծայրագոյն վարդապետութեան աստիճան:
1963-1965 թթ. ուսանել է Անգլիայի Եօրքշեր նահանգի Յարութեան քոլեջի աստկածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականութեան եւ մշակոյթի ամառային դասընթացներին: 1965-1969 թթ. վարել է Ս. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտօն: 1969-1970 թթ. ուսանել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսսէի Էկումենիկ ինստիտուտում:
1969-72 թթ. եղել է Շւէյցարիայի հայոց հոգեւոր հովիւ: 1973 թ. ընտրւել է Անգլիայի թեմի առաջնորդ: 1974 թ. ձեռամբ Վազգէն Ա Կաթողիկոսի ձեռնադրէել է եպիսկոպոս: 1982 թ. Վազգէն Ա երջանկայիշատակ կաթողիկոսի կողմից հրաւիրւել է Մայր Աթոռ եւ նշանակւել Մայր Աթոռի դիւանապետ:
Եղել է նաև Գերագոյն Հոգևոր Խորհրդի անդամ:1983 թ. ընտրւել է Եկեղեցիներ Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Կոմիտէի անդամ: 1982-1995 հիմնել և ղեկավարել է Հայաստանի Աստւածաշնչային Ընկերութիւնը: 1986 թ. ձեռամբ Վազգէն Ա Կաթողիկոսի ստացել է արքութեան պատիւ:
1991 թ. ի վեր Եւրոպայի և Միջին Արևելքի Աստւածաշնչային Ընկերութեան Գործադիր Կոմիտէի անդամ է: 1993-2001 թ. Ջինիշեան Հիշատակի բարեգործական հիմնադրամի Հիմնադիր մարմնի անդամ է եղել և ծառայել է որպէս ատենապետ: 1999 թ. ընտրւել է Ռուսաստանի Հումանիտար Ակադեմիայի իսկական անդամ:
1999 թ. յուլիսի 4-ին ընտրւել է կաթողիկոսական տեղապահ և կազմակերպել է կաթողիկոսական ընտրութիւնները 1999 թ. հոկտեմբերի 27-ին: 2000-2003 թթ. իր հոգեւոր գործունէութեան 40-ամեակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գիւղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցի` իր ծնողների` Գրիգոր եւ Մաքրուհի Պոզապալեանների յիշատակին, որի առիթով Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրւել է Հայ Եկեղեցու բարձրագոյն` Ս. Գրիգոր Լուսաւորիչ շքանշանով:
Ներսէս Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական և քարոզխօսական գրքեր: Դասախօսել է Գէորգեան Հոգեւոր Ճեմարանում: 2000-2006 թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական մարմնի տնօրէն:
0 Պատգամ:
Post a Comment