Ընտրական մարատոնի վերջին գիշերը
( Վերջին Լուսանկարները DPTNEWS –ից)
Ընտրական օրէնքների համաձայն, վաղը՝ հինգշաբթի յունիսի 11–ի առաւօտեան ժամը 8–ից, արդէն արգիլւում է ընտրական քարոզչութիւններն ամբողջ երկրում։Այդ իսկ պատճառով էլ, այսօր առաւօտից աւելի թափ ու եռանդ ստացան ընտրական կողմերի քարոզարշաւները, որոնք արդէն սրւել էին, սկսած՝ մէկ շաբաթ առաջւանից։ Ընտրարշաւ, որն իր տեսակի մէջ բացարձակապէս աննախընթաց է եղել իրանի ամբողջ պատմութեան ընթացքում։
Կողմերը՝ առաւելաբար գործող նախագահի ու բարեկարգիչ թեկնածու համարւող Միր Հոսէյն Մուսաւիի կողմնակիցները, այսօրւանից, աւելի ճշգրիտ կէսօրից, քարոզչական ամբողջովին նոր մեթոդներով են ընտրառշաւի դաշտ իջել։Նորութիւններն առաւելաբար բերւել են Միր Հոսէյն Մուսաւիի երիտասարդ հովանաւորների կողմից, որոնք հասարակութեան մէջ խանդավառութիւն ստեղծելուց բացի, միաժամանակ իրենց ցանկացած թեկնածուի բարեմասնութիւններն են շեփորում տարբեր տեսակներով ու միջոցներով։
Մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներում ու հրապարակներում կայացող քաղաքական վիճաբանութիւնների հետ միասին, պաշտպանողները աշխոյժ մթնոլորտ են առաջացնում։ Աւելի շուտ ուրախ տրամադրութիւն ստեղծող զաւեշտական կողմ ունեցող լոզունգներն ու կարգախօսները, վանկ ու երանգ ունենալով նաեւ մի շարք խիստ կարեւոր բացայայտումներ, քողազերծումներ ու լուսաբանող տեղեկութիւններ են փոխանցում դիտողներին։
Մինչ այս, կանաչ գոյնը համարւում էր Մուսաւիի կողմնակիցների սիմվոլը, իսկ Ահմադինեժադի համակիրները կրում էին Իրանի եռագոյնը։ Երկու սիմվոլներն էլ օգտագործւում էին տարբեր ձեւերով։ Իսկ երկու օր առաջւանից սկսաց՝ Մուսաւի–ականները մարդկային կանաչ գօտի են ստեղծել՝ Թեհրանի հիւսիսը հարաւին միացնող (Թաջրիշից մինչեւ Ռահահան հրապարակները) Վալիասր կենտրոնական պողոտայի վրայ։
Իսկ այսօրւանից, այդ բոլորին աւելացել է նաեւ ամբողջովին կանաչ հագած երիտասարդ աղջիկ–տղաներ, որոնք ոտքից գլուխ զարդարւել են թեկնածու՝ Մուսաւիի տարբեր չափերի լուսանկարներով, լոզունգներով, պիտակներով ու նոյնիսկ տոնածառի կանաչագոյն զարդերով...
Բայց ամենացայտուն նորութիւնը տարածւող շշուկներն են, որոնք յայտարարւում են բանաւոր եւ թռուցիկների ու պաստառների միջոցով։ Ըստ դրանց, թեկնածոներից մէկը այնպիսի գրիչներ է բաժանել, որոնց հետքերը անյայտանում են մի ժամից յետոյ...։
Նոյները յանձնարարում են, որ քւէարկողները ընտրական կենտրոնում ունենան իրենց սեփական «վստահելի» գրիչները։Նշելի է, որ այսօր Միր Հոսէյն Մուսաւիի ընտրական շտաբի կողմից մեծ քանակութեամբ կանաչ գոյնի սովորական մատիտներ են բաժանւել, որոնց վրայ մակագրւած է նրա անունն ու կարգախօսը։
Հէնց մէկ ժամ առաջ (24.45–ին) հրապարակներում ձրիաբար ցրւող թերթերում խօսւում է այն մասին, թէ՝ Մուսաւիի կողմնակիրները մտադիր են իրենց թեկնածուի վճռական պարտութիւնն յայտարարւելուց յետոյ քաղաքում բախումներ ու խլրտում առաջացնել։
Նոյն ամբաստանութեամբ երեւան են եկել նաեւ Մուսաւիի կողմնակիցների թռուցիկ–գրութիւնները, դրան աւելացնելով նաեւ հակառակ կողմի յաւակնութիւնների քողազերծումները։Իսկ այսօրւայ կարեւոր իրադարձութիւններից էր, նաեւ Իրան – Էմիրութիւնների միջեւ ֆուտբոլի մրցութիւնը, որը նաեւ ճկատագրական է Իրանի համար։
Թէեւ պատկան մարմինները յայտարարել էին, որ մրցութեան ընթացքում արգիլւում է նախագահական թեկնածուներից որեւէ կողմի քարոզչութիւնները, սակայն անմիջապէս մրցութիւնից յետոյ, Թեհրանի 100.000 մարդ տեղաւորող «Ազադի» մարզադաշտից յաղթական հեռացող մարզասէրները չկարողացան զուսպ մնալ ու շարունակեցին իրենց յատուկ ոճի քարոզչութիւնները։
Արդէն 7 ժամից աւարտւելու է քարոզչութեան ժամկէտը, ու Թեհրանի ու շատ քաղաքների փողոցներում, աւելի ուժգին թափով ու եռանդով շարունակւում է ընտրական մարաթոնը, որը նախատեսւում է անընդմէջ կը տեւի մինչեւ առաւօտեան։
Նկատի ունենալով որ քաղաքներում շրջող մեծ թւով ինքնաշարժերի ապակիներն ու կողքերը ծածկւել են թեկնածուների լուսանկարներով ու գովազդային թերթիկներով, քաղաքային երթուղային ոստիկանութիւնն յայտարարեց, որ վաղը առաւօտեան ժամը 8–ից յետոյ նման ինքնաշարժերի երթեւեկը արգիլւելու է քաղաքներում։
Ամենակարեւոր իրողութիւնն այս վերջին օրերի ընթացքում այն է, որ տարւող սաստիկ, լարւած ու ջղագրգիռ քարոզարշաւի ընթացքում, ոչ մի լուրջ միջադէպ տեղի չի ունեցել։
Ակընյայտ էր անվտանգութեան սպասարկութեան ակտիւ ներկայութիւնը։Յաւելեալ նորութիւնները՝ առաւօտեան։
1 Պատգամ:
Գնահատելի է ձեր արհեստավարժ ու մասնագիտական գործելակերպը լուրերն ու մեկնութիւնները ժամանակին հրատարակելու համար։
Ձեր կայքէջի մշտարթուն ընթացքը պատճառ դարձաւ որ տեղական Հայկական մամուլը եւս այս բնագաւառում աւելի աշխուժութիւն ցուցաբերի ու իրեն դուրս քաշի հին ու չընդունւող կաղապարներից։
Այս հարցի համար էլ ես գնահետում եմ ձեզ որ սկսեցիք այս ձեւը։ Ապրէք։ Յաջողութիւն եմ մաղթում ձել եւ տեղական միւս հայկական մամուլին։
Post a Comment