ՍԻՐՒԱԾ ՔՐԷԱԿԱՆՆԵՐ` ԷԿՐԱՆԻՆ, ԿԱՐԳԻՆ ՏՂԱՆԵՐ` ԿԵԱՆՔՈՒՄ.
ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ԽՕՍՔՈՎ` ՍԵՐԻԱԼԸ «ՆՈՅՆԸ ՉԻ ԼԻՆԻ ԱՌԱՆՑ ԳՈՔՈՐԻ ՈՒ ԳԱՐԻԿԻ»•
Շարունակւում են երկրպագուների ցաւակցութիւնները երկուշաբթի կէսգիշերի մօտ Երևանի մերձակայքում աւտովթարից զոհւած երկու սիրւած դերասանների մահւան առնչութեամբ:
Լուրերը 35-ամեա Գեղամ Խանդիլեանի և 36-ամեա Արամ Միսկարեանի մահւան մասին, որոնք շատերին յայտնի էին պարզապէս որպէս սիրւած «Որոգայթ» սերիալի քրէական կերպարներ՝ Գոքոր և Գարիկ, երկուշաբթի արագօրեն տարածւեցին Հայաստանով մէկ:
Մարդիկ տարբեր վայրերում ծաղիկներ էին դնում` ի նշան յարգանքի, այդ թւում`մահաբեր աւտովթարի վայրում` Արմաւիր-Էջմիածին մայրուղու վրայ` մայրաքաղաք Երևանից մօտ 35 կմ դէպի արևմուտք:
Գիշերւայ ընթացքում զոհւածների ընտանիքներին ուղղւած 140-ից աւելի ցաւակցութիւն է ստացել նաև «ԱրմենիաՆաուն»: Երկու դերասանները տեղում մահացել են, երբ նրանց «ԲեԷմՎե»-ն, դեռևս չպարզւած հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհից և մխրճւել ծառերի մեջ:
Մեքենայում գտնւող երրորդ անձը` օպերատոր Էդգար Տէր-Ադամեանը, ըստ Նոր Նորքի շտապօգնութեան հիւանդանոցից «ԱրմենիաՆաուի» ստացած վերջին տեղեկութիւնների, ծայրայեղ ծանր վիճակում է:
Եւ մինչ շատերը Հայաստանում ու արտերկրում իրենց ցաւակցութեան ու աղօթքի խօսքերն են արտայայտում դերասանների մահւան առնչութեամբ, մարդկանց մտահոգում է նաև` արդեօ՞ք «Շանթ» հեռուստաընկերութիւնը կշարունակի Հայաստանի քրէական աշխարհի կեանքը ներկայացնող սերիալի նկարահանումները, որում այդ երկու դերասաններն առանցքային դեր էին կատարում:
Ոչ Խանդիլեանը, ոչ էլ Միսկարեանը պրոֆեսիոնալ դերասաններ չէին, երբ ներգրաււեցին սերիալի նկարահանումներին` ճանաչում ձեռք բերելով Հայաստանում ու սփիւռքում:
Միսկարեանը (Գարիկ) մարզիկ էր, Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայի նախագահը, իսկ Խանդիլեանը (Գոքոր) մասնագիտութեամբ ոսկերիչ էր: «Որոգայթը» ծնւել է հայկական առաջին ընտանեկան սերիալի` «Վերվարածների» սիւժետային գծերից մէկից, որը չափից աւելի կենտրոնացաւ քրէական կեանքի արտացոլման վրայ: Այդ ժամանակ սերիալի հեղինակները որոշեցին այդ գիծն առանձնացնել և նոր սերիալ նկարահանել:
Այդպիսով, հիմնականում ընտանեկան կատակերգական սերիալ «Վերվարածների» շատ երկրպագուներ դարձան նաև «Որոգայթի» նւիրւած հեռուստադիտողներ: «Շանթ» հեռուստաընկերութիւնը երեքշաբթի երեկոյան յայտարարեց, որ որոշ ժամանակով դադարեցնում է «Որոգայթի» ցուցադրումը` հետագայ քայլերի մասին այլ տեղեկութիւններ չյայտնելով:
Հեռուստադիտողները, մինչդեռ, չեն պատկերացնում սիրւած սերիալն առանց հարազատ դարձած հերոսների: Երևանի միակ կին տրոլեյբուսավար (ելեկտրական հոսքով շարժւող հանրակառք) 57-ամեայ Էմմա Մանեանի տրոլեյբուսի անբաժան մասն է վարորդի հայելու մօտ փակցւած Գոքորի նկարը:
Տիկին Էմման երկուշաբթի առաւօտեան է իմացել սիրւած դերասանի մահւան մասին: «Տեղս չեմ գտնում, չգիտեմ` ինչպէս արտայայտեմ ապրումներս: Ես նրան երբեք չեմ տեսել իրական կեանքում, չեմ ճանաչել, անձամբ հետը չեմ խօսել, բայց նրա խաղը, նրա անմիջականութիւնն ինձ գրաւել են: Չգիտեմ` վաղը կկարողանա՞մ աշխատել, թէ՞ ոչ,- ասում է Խանդիլեանի երկրպագուհին: - Ինձ թւում է` սերիալն այն էֆեկտը չի ունենայ առանց նրանց:
Մարդիկ նայում էին այն յատկապես Գոքորի համար: Նոյնիսկ երեխաները, երբ տրոլեյբուսիս մէջ տեսնում էին նրա նկարը, ասում էին` մամա, պապա, տես`Գոքորի նկարը»: Արամ Միսկարեանի` Գարիկի երկրպագուհի Յասմիկ Առաքելեանը նոյնպէս չի պատկերացնում սերիալն առանց սիրւած դերասանի:
«Ոչ միայն ես, այլև հարևաններս, բոլորն են մտածում, որ առանց նրանց սերիալը նոյնը չի լինի: Նրանք էին սերիալի համն ու հոտը: Ես անձամբ Գարիկին շատ էի հաւանում: Իսկապէս ցաւում եմ»,- ասում է 24-ամեայ Յասմիկը:
Սերիալի մէկ այլ դերակատար` Արմէն Մարութեանը, «ԱրմենիաՆաուին» ասաց, որ Խանդիլեանն ու Միսկարեանը կեանքում ու նկարահանման հրապարակում նման չէին իրենց մարմնաւորած քրէական կերպարներին:
«Կիրթ, համեստ, սուս ու փուս տղաներ էին, նման բան ուղղակի չպիտի լինէր,- ասաց Մարութեանը:
Ոչ պրոֆեսիոնալ դերասաններ լինելով` նրանք կարողանում էին իսկապէս շատ լաւ խաղալ ու կերտել իրենց կերպարները»:
• Սառա Խոջոեան
0 Պատգամ:
Post a Comment