ԵՐԵՒԱՆՆ ԱՅՍՕՐ ՀՐԱԺԵՇՏ ՏՒԵՑ ՍԻՐՒԱԾ ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

«ՊԱՆՈՐԱՄԱ»Երեւան.– Այսօր յունիսի 25–ին, Երեւանի Սրբոց նահատակաց եկեղեցում, որը գտնւում է Դաւիթաշէն համայնքում` կամրջի հարևանութեամբ, տեղի ունեցաւ Որոգայթ հեռուստասերիալի դերասանների հոգեհանգստեան արարողութիւնը:
Այս մասին տեղեկացանք «Շանթ» հեռուստաընկերութիւնից, որով եթեր էր հեռարձակւում շատերի սիրած հեռուստասերիալը:

Այս օրերին և հեռուստաընկերութեան, և այլ լրատւամիջոցների էլեկտրոնային փոստերի հասցէներին ստացւում են ցաւակցական նամակներ տարբեր երկրներից, ցաւակցական խօսքեր է հեղեղւած ինտերնէտը: Արամ Միսկարեանը` սերիալի Գարիկը, ծնւել է 1973 թւականին Երևանում։ 1979-ից սկսել է զբաղւել արևելեան մարտարւեստով:
2008-ին նա հիմնադրել և ղեկավարել է թուայ թայ բոքսինգի ֆեդերացիան: Գեղամ Ղանդիէլեանը` ֆիլմից յայտնի Գոքորը, ծնւել է 1974 թ., Երևանում։ Աւարտել է Չարենցի անւան դպրոցը, աւարտել Երևանի էլեկտրատեխնիկական քոլեջը: Նրանց ողբերգական մահը ցնցեց շատերին:

Ուժերի ծաղկման շրջանում մեզանից հեռացան երկու վառ անհատականութիւններ, որոնք իրենց կարճատև ստեղծագործական կեանքի ընթացքում հասցրել էին սիրւել և ընդունւել բազմամիլիոն հեռուստադիտողների կողմից Հայաստանում և Սփիւռքում:


Ասում են, որ դերասանը պէտք է մի քիչ նման լինի իր կերպարին, որպէսզի առաւելագոյնս կարողանայ կերտել իր դերը: Իսկ նրանք մասնագիտութեամբ դերասաններ չէին, բայց կարողանում էին չափազանց ճշմարտացի խաղալ իրենց յատկացւած անձնազոհ, նւիրեալ ու հաւատարիմ հերոսների կերպարները: Այդ պատճառով է, որ նրանց սիրում ու նոյնացնում էին իրենց հերոսների հետ:

«Նրանց կորուստն իրօք անդառնալի է, բայց մենք կը շարունակենք կատարել այն գործը, որի նւիրեալներն էին նրանք, և դա կը լինի իւրայատուկ յարգանքի տուրք այդ մարդկաց յիշատակին»։ Նշւած է «Շանթ» հեռուստաընկերութեան կոլեկտիւի ցաւակցական խօսքում:

Շանթ հեռուստաընկերութիւնից նաև յայտնեցին, որ Որոգայթ հեռուստասերիալի ցուցադրութիւնը առժամանակ դադարեցւում է: Հերթական մասը եթերում կը լինի երկուշաբթի օրը` Յունիսի 28-ին: Չեն ցուցադրւելու այն սերիաները, որոնցում կան Գոքորն ու Գարիկը:

Հետագայում նկարահանւող սերիաներում այդ երկու կերպարները չեն լինելու: Յիշեցնենք, որ Յունիսի 22-ին ժամը 22.55-ին ոստիկանութիւնից ստացւած տեղեկութեան համաձայն` Վաղարշապատ-Արմաւիր աւտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարաւսլաւացի զոհւած փրկարարների յուշարձանի մօտ) տեղի է ունեցել աւտովթար:

Դեռևս չպարզւած հանգամանքներում` BMW -745 մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջւել:

Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տէր-Ադամեանին պատկանող աւտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1973 թ. ծնւած Արամ Միսկարեանի (հեռուստասերիալում` Գարիկը) և 1974 թ. ծնւած Գեղամ Խանդիլեանի (սերիալում` Գոքորը) դիակները, ինչպէս նաև տուժած վարորդին` Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շէնքի թիւ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնւած Էդգար Տէր-Ադամեանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասւածքներով տեղափոխւել է Վաղարշապատի հիւանդանոց:

Նշենք, որ կինո օպերատոր Էդգար Տէր-Ադամեանը գանգի կոտրւածքով և ներքին արիւնազեղմամբ տեղափոխւել է Էջմիածնի հիւանդանոց, տեղում վիրահատւել է և յաջորդ օրը տեղափոխւել Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ հիւանդանոց։
Ըստ ոստիկանութեան լրատւական ծառայութեան, կատարւում է նախաքննութիւն:

0 Պատգամ: