نامه ي سرگشاده به رئيس جمهور
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
(ԴԻՏԵԼ ՊԱՐՍԿԵՐԷՆ ԲԱԺՆՈՒՄ)
Յանուն Աստծոյ,
Իրանի Իսլ. Հանրապետութեան յարգարժան նախագահ դոկտ. Ահմադինեժադ,
Ողջունիւ,Երեք օր է անցել Հայաստանի մայրաքաղաք Երեւան մեկնող «Կասպիան» աւիաընկերութեանը պատկանող օդանաւի անկման սրտաճմլիկ իրողութիւնից, դէպք, որը խլեց 168 անմեղ մարդու կեանքն ու նրանց կտոր-կտոր եղած մարմինները շաղ տւեց Ղազւինի դաշտերի վրայ. պատահար, որը բազմաթիւ ընտանիքների սուգի եւ այրումի մատնեց մշտապէս, դէպք, որի պատասխանատւութիւնը,- համաձայն միջազգային կանոնի,- ուղղակիօրէն ծանրանում է պատկան օդանաւային գծերի, աւիակազմակերպութեան ու նաեւ երկրի ճանապարհների եւ տրանսպորտի նախարարութեան վրայ...
Սակայն, այն, ինչ ինձ ստիպել է գրել այս տողերը, կառավարութեան որոշակի անտարբերութիւնն է այս չարաբաստիկ ողբերգութեան վերաբերեալ, որը խորապէս վիրաւորում է իմ զգացումները՝ որպէս մի իրանահայի, որը սոյն դէպքի մէջ կորցրել է աւելի քան տասը ծանօթ ու բարեկամ, ինչու չէ նաեւ իր երկրի պատանիների ջուդոյի ազգ. հաւաքականի անդամներին:
Չնայած այս անվերադարձ ուղեւորութեան անբախտ ճամբորդներից միայն 7-ն էին ոչ-իրանցի (ընդամէնը՝ հինգ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եւ երկու վրացի), սակայն Հայաստանի Հանրապետութեան նախագահը, որի երկիրը այս դէպքում միմիայն թռիչքի «վայրէջքի» տեղն էր համարւում, հինգշաբթի, յուլիսի 16-ը յայտարարեց սգոյ օր՝ բովանդակ երկրում, այլ խօսքով՝ Հայաստանի Հանրապետութեան դրօշները ողջ աշխարհի վայրերում, նաեւ՝ Թեհրանում, կիսատ բարձրացան այս չարաբաստիկ թռիչքի զոհերի՝ 161 իրանցիների, սուգի պատճառով, այն, ինչ մեր երկրի (Իրանի) ռադիօ-հեռուստատեսութիւնը սովորականի պէս շարունակեց իր հաղորդումները, որոնց շարքում նաեւ՝ երգիծական կինոնկարներ եւ ուրախ ծրագրեր...Իմ հարցումը որպէս մի իրանահայի՝ ձեզանից, որ ինչպէս որեւէ նախագահի՝ ձեզ «բովանդակ Իրանի ժողովրդի հանրապետութեան նախագահն» էք համարում, հետեւեալն է, որ արդեօք կարծում էք միմիայն մի պաշտօնական ցաւակցութեան հրապարակումը բաւարա՞ր է անշիրիմ մնացած զոհերի ընտանիքների այրող վիշտն ու նաեւ կառավարութեան պատասխանատւութեան ծանրութիւնը պակսեցնելու՝ այս ողբերգութեան ուղղութեամբ:
Ինչո՞ւ պիտի Հայաստանի Հանրապետութիւնն ու նրա նախագահը սգան «իրանցիների» համար, այսուհետեւ ես ինչպէ՞ս կարող եմ ռադիօ-հեռուստատեսութիւնը իմ «ազգային լրատւամիջոցը» համարել, այսուհետեւ ես ինչպէ՞ս կարող եմ հպարտանալ իմ իրանցի լինելով, ընդհանրապէս:
Յարգանօք՝
ՄԻ ՎՇՏԱՀԱՐ ԻՐԱՆԱՀԱՅ
0 Պատգամ:
Post a Comment