ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՏԽՈՒՐ ՉՒԵՐԹԻ
ԶՈՀԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
«Հարւածը այնքան ծանր է մեր համար, որ երեւի Իրանահայ վերջին 100–
ամեայ պամութեան մէջ, Ապրիլեան Մեծ Եղեռնից յետոյ ամենածանր
հարւածն է, որ մենք ստացանք։ Ու մեր վիշտը այնքան ծանր է, որ մենք
ներկայում համագաղութային ցնցումի մէջ ենք»։
«Մեր մխիթարութիւնը նաեւ այն է, որ համագաղութային վշտակցութիւն
յայտնւեց Վեհեփառ Հայրապետի կողմից մեզ՝ մեր թեմակալ
առաջնորդներին, ու ազգային մարմիններին։»։
Ինչպէս տեղեակ էք արդէն, Թեհրան–Երեւան տխուր չւերթի զոհերի մարմինները յանձնւել են նրանց հարազատներին։
Կրկին կարօտի զոհերի յուղարկաւորման, թաղման ու կրօնական– ազգային արարողութիւնները կազմակերպելու համար, Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի կողմից յատուկ մարմին է կեանքի կոչւել՝ Թեմակալ առաջնորդ՝ Գեշ. Տ. Սեպուհ . Արք. Սարգսեանի նախագահութեամբ։
Այսօր, զոհերի մարմինները յանձնւելուց յետոյ՝ մարմինը երկարատեւ նիստ ունեցաւ, որի առթիւ թեմակալ առաջնորդը հետեւեալ բացատրութիւնները տւեց մեզ.–
«Վաղը Հանդիսաւոր պատարագ ու հոգեհանգիստ տեղի կունենայ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում։ Արարողութիւններին ներկայ են լինելու թէ՝ զոհերի պարագաները եւ թէ մեր ժողովրդի զաւակները, ինչպէս նաեւ պետական անձնաւորութիւններ, որից յետոյ ցաւակցութիւններ են ընդունւելու։
«Յաջորդ օրը՝ երկուշաբթի յուլիսի 20–ի առաւօտեան ժամը 11–ին Նոր Բուրաստան գերեզմանատանը տեղի է ունենալու թաղման կարգը, որից յետոյ ցաւակցութիւններ են ընդունւելու «Արարատ» Մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում։»։
Սրբազան Հայրն աւելացրեց .– «Ժողովրդի փոխադրութեան համար հանրակառքեր են նկատի ունեցել, որոնք շարժւելու են Ս. Սարգիս եկեղեցուց, «Զէյթուն» եւ «Սասուն» քաղաքամասերից։»։
Պատահած տխուր աղէտի մասին Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ասաց.– «Հարւածը այնքան ծանր է մեր համար, որ ինչպէս քիչ առաջ սգաւոր ընտանիքներին ասացի՝ երեւի Իրանահայ վերջին 100–ամեայ պամութեան մէջ Ապրիլեան Մեծ Եղեռնից յետոյ ամենածանր հարւածն է, որ մենք ստացանք։
Ու մեր վիշտը այնքան ծանր է, որ մենք ներկայում համագաղութային ցնցումի մէջ ենք։ «Այդ առիթով է, որ մենք մեր թեմակալ առաջնորդ եղբայրների հետ խորհրդակցաբար յետաձգեցինք Ս. Թադէի ուխտագնացութիւնը, ինչպէս նաեւ դէպի Փերիա, Չհարմահալ եւ Ղարաղանի ուխտագնացութիւնները, որպէսզի մենք մեր վշտակցութիւնն ու զօրակցութիւնը յայտնենք մեր ժողովրդի զաւակներին։»։
Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որ սաստիկ յուզումով էր արտայայտւում՝ աւելացրեց.– «Որպէսզի խիղճս հանգիստ լինի ես կուզեմ ասել, որ երեւի Աստւած դեռ սիրում է մեր իրանահայ գաղութը։
Առանց որեւէ մեկնաբանութեան ասեմ, որ երբ որեւէ մէկը լսում է թէ Թեհրան–Երեւան չւերթ կայ, ակնկալւում է, որ այդ ուղեւորների 90 առ հարիւրը հայեր են։ Այս պարագային երեւի Աստւած ժպտաց մեզ, որ 25 առ հարիւրը հայեր են։
Անշուշտ այդ չի նշանակում, որ մենք չենք ցաւակցում ու վշտակցում մեր պարսիկ ու մուսուլման հայրենակիցներին եւ քոյր եղբայրներին, որոնք նաեւ մեր հայրենակիցներն են։
Սրբազան Հայրը վերջում ասաց. «Բնականաբար մեր խորազգաց ցաւակցութիւններն ու վշտակցութիւններն ենք յայտնում մեր ժողովրդի սգաւոր զաւակներին, ու ընդհանրապէս մեր գաղութին։
«Մեր մխիթարութիւնը նաեւ այն է, որ համագաղութային վշտակցութիւն յայտնւեց Վեհեփառ Հայրապետի կողմից մեզ՝ մեր թեմակալ առաջնորդներին, ու ազգային մարմիններին։»։
0 Պատգամ:
Post a Comment