Փառատոնը բացւել է Լ. Տիւելի «Մերձաւոր շրջապատ» ֆիլմով
ԵՐԵՎԱՆ, 13 ՅՈՒԼԻՍԻ, ԱՐՄԷՆՊՐԷՍ: Երեւանում Յուլիսի 12-ին «Ոսկէ Ծիրան» միջազգային 6-րդ կինոփառատոնը բացւել է ֆրանսիացի ռեժիսոր Լորան Տիւելի «Մերձաւոր Շրջապատ» ֆիլմով, որի պրոդԻւսէրը ֆրանսիահայ հանրայայտ կինոգործիչ, Կաննի փառատոնի ղեկավարներից մէկը` Ալէն Թերզեանն է:
Ֆիլմը Ֆրանսիայում ապրող Մալաքեանների ընտանիքի պատմութիւնն է, որտեղ գլխաւոր դերակատարներից հօր` Միլո Մալաքեանի դէրում հանդէս է եկել անւանի ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն:
Ֆիլմի պրոդիւսէր Ալէն Թերզեանը փառատոնի բացումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Մալաքեան ազգանունն ընտրւել է ի պատիւ ֆրանսահայ անւանի ռեժիսոր Անրի Վեռնոյի (Աշոտ Մաղաքեանի): «Կինոյի մեծ վարպետի եւ սիրւած ռեժիսորի պատւին ռեժիսոր Լ.Տիւելը որոշել էր նման ազգանւամբ հանդէս բերել իր հերոսներին»,- ասել է նա: Ֆրանսիայում ցուցադրւելուց յետոյ այն դրական արձագանգների է արժանացել, եւ լրատւամիջոցներում նշւել է` «մի կլասիկ գործ է ծնւել»:
Այն մեծ տարածում է գտել աշխարհում` ցուցադրւելով շատ կիոնթատրոններում: «Հայերն ամենուր պահպանում են իրենց ինքնութիւնը, հաւատարիմ են արմատներին, աւանդոյթներին, գնում են եկեղեցի, ընտանքիում խօսում են հայերէն: Ֆիլմն էլ նման հետաքրքիր պահեր է ներկայացնում»,- ասել է Ա.Թերզեանը:
Կինոգործչի խօսքով, հայկականութիւնն իր մէջ էլ բաւական ամուր է մնացել իր տատիկի շնորհիւ, ով միշտ պահանջում էր խօսել հայերէն: «Տատիկս միշտ բոլորից պահանջում էր «մաքուր պահել» ընտանիքը, մարդավարի ապրել, այն է, հայերէն խօսել ու հայավարի ապրել:
Մենք այդպէս էլ անում ենք»,- ասել է նա: Ֆիլմի վրայ աշխատանքները տեւել են մօտ 2 տարի, փորձ է արւել ներկայացնել Մալաքեան ընտանիքի հօր եւ որդու փոխյարաբերութիւնները հարաւային Ֆրանսիայի ընդյատակեայ կեանքը վերահսկելիս:
«95 րոպէանոց այս ֆիլմն արտագաղթի մասին է, ինչպէս է հայկական ընտանիքը հաստատւել Ֆրանսիայում, ապրել ու հարստացել, հասել մեծ դիրքի ու վերածւել կլանի: Այն մի քանի մարդու կեանքի միջոցով ներկայացնում է հայկական ընտանիքի խնդիրներն ու հոգսերը»,- ասել է Ալ.Թերզեանը:Թէ ինչո՞ւ է Լ.Տիւելի ընտրութիւնը կանգնել հէնց հայկական ընտանիքը ներկայացնելու վրայ, նշւել է, որ Ֆրանսիայում ապրող մեծ հայկական համայնքը, եւ յատկապես հայերին յատուկ ընտանեկան միութիւնն ու արմատներին հաւատարիմ լինելը մեծապէս հետաքրքրել է նրան, ուստի եւ որոշւել է այս անգամ հանդիսատէսին ներկայացնել ֆրանսահայերին:Յաջորդ անգամ ռեժիսորը ֆիլմ կընկարահանի աֆրիկացիների մասին:
Նշենք, որ Ալ.Թերզեանն առաջին անգամ է այցելել Հայաստան: «Վեց տարի առաջ Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստան գալու մտադրութիւն կար, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացւեց: Մայրս միշտ ասում էր, որ Հայաստանն անպայման պէտք է տեսնել, յաճախ գալ այստեղ:
Այսօր ես իրականացրեցի մօրս, նաեւ իմ ցանկութիւնը, եւ ուրախ եմ, որ կինոփառատոնի միջոցով հնարաւորութիւն ունեցայ գալ Երեւան»,- նշել է նա: Կինոգործիչը յույս է յայտնել, որ Հայաստան այցելելու պատճառներ այսուհետ յաճախ կունենայ:
Յիշեցնենք, որ Ալ.Թերզեանը նաեւ «Ալտեր Ֆիլմս» պրոդիւսերական ընկերութեան, «Սեզար» ակադեմիայի նախագահն է, ղեկավարում է Ֆրանսիայի պրոդիւսերների միութիւնը:Նրա արտադրած ֆիլմերում նկարահանւել են այնպիսի խոշոր դերասաններ, ինչպիսիք են Ալէն Դելոնը, Անի Ժերարդոն, Կատրին Դնիւվը, Ժերար Դեպարդյեն, Ջուլիէտ Բինոշը, Սոֆի Մարսոն եւ ուրիշներ:
0 Պատգամ:
Post a Comment