«Ազատություն» ռադիոկայան.-




Վարդան Դավթյան. «Մենք Իրանի
ժողովրդի անբաժանելի

մասն ենք համարվում»






«համայնքի ղեկավարները, «դժբախտաբար, չէին
կողմնորոշել».




Թեհրանից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրանահայ հրապարակախոս, լրագրող Վարդան Դավթյանը ասաց, որ հետընտրական հուզումների, բախումների ժամանակ տուժած կամ կալանավորված հայեր չկան, «բայց եթե լինեին` զարմանալի չէր լինի, որովհետեւ մենք Իրանի ժողովրդի անբաժանելի մասն ենք համարվում»:
«Վերջին հաշվով, իրանահայությունն էլ Իրանի ժողովրդի կողքին է թե’ ընտրությունների, թե’ տագնապների ընթացքում եւ թե’ ուրախ օրերին», - ընդգծեց Դավթյանը:
Նա ասաց, որ հայ համայնքում թե’ Ահմադինեջադի, թե’ Մուսավիի համակիրներ կան, ընտրությունների ժամանակ չորս թեկնածուներից ում ցանկացել` ընտրել են:
Իրանահայ լրագրողի խոսքերով` սխալ է պատկերացումը, թե իրանահայերը մեկուսացած են. - «Գուցեեւ ցույցերին մասնակցել են հայեր, գուցեեւ ընտրապայքարի ընթացքում թեկնածուների ընտրական շտաբներում հայեր են եղել:
Ինչու չէ, եղել են, կարծում եմ»: Մի հայ էլ ձերբակալվել է, բայց շուտով ազատ է արձակվել:
Ընտրություններին հայերի մասնակցության, կողմնորոշումների, կամ հետընտրական բողոքի ակցիաներին, ցույցերին մասնակցել-չմասնակցելու հարցերի կապակցությամբ Վարդան Դավթյանը ասաց, թե Իրանի ժողովրդի նման իրանահայերն էլ ունեն իրենց տեսակետները, մարդիկ կան` ընդունում են, մարդիկ կան` բողոքում են:
Եթե ցույց է լինում, չի կարելի զանազանել` որն է հայ, որն է կողմ, որն է դեմ. - «Համենայն դեպս, գործուն մասնակցություն ունեցան թե’ քարոզչությանը, թե’ ընտրությանը»:
Նա ասաց, թե հայ համայնքի ղեկավարները, «դժբախտաբար, չէին կողմնորոշել». - «Իհարկե, ժողովուրդը ինքը ընտրելու կարողություն ունի, բայց լավ կլիներ, որ համայնքի ղեկավարությունը ու ազգային իշխանությունը ինքը դիրքորոշվեր: Ես կարծում եմ, որ կարող էր ուղղություն տալ որեւէ թեկնածուի օգտին` ոչ թե պարտադրելու, այլ տեսակետ ունենար»:
Դավթյանը չհամաձայնեց այն տեսակետին, թե իրանահայերը շատ զգույշ են ու խուսափում են կարծիք հայտնել. - «Իրանահայությունը հիմա ազատ արտահայտվում է, իր տեսակետներն է ազատ հայտնում` նույնիսկ երբեմն ավելի ազատ, քան մեր մահմեդական եղբայրները:
Դրանով իրանահայությունը չի խանգարում երկրի ամբողջականությանը եւ համակարգի գոյությանը»:
Երկրում իրավիճակի մասին Վարդան Դավթյանը ասաց, թե երկու օր առաջ երկրի նախագահի ունեցած հեռուստաելույթը «բավականին հույս է ներշնչում, որ ինչ-որ բաներ պիտի փոխվեն, եթե այլ բան չպատահի»:
Մարդու իրավունքների խնդիրների, արտահայտվելու ազատությունների մասին իրանահայ հրապարակախոսը ասաց, թե երկուստեք բռնություններ կան. - «Դա է, որ խանգարում է ազատության գործոնների իրականացմանը»:
Բարեփոխումների մասին Վարդան Դավթյանը շեշտեց. - «Ոչ ոք խիստ օրենքի ցանկություն չունի: Բարեփոխումներ` ընդհանրապես, մարդ իր առօրյա կյանքի մեջ էլ բարեփոխություն է ցանկանում: Մարդ իր ընտանիքի մեջ էլ ազատություն է ցանկանում»:
Իրանի արտաքին քաղաքականության մասին նա ասաց, թե «շատ բնական է, որ դռները պետք է բաց լինի. ամբողջ աշխարհը հիմա իրար հետ միացված է, չի կարող երկիրը մեկուսանա եւ կարողանա բարեհաջող կյանք ունեն` տնտեսապես, քաղաքականապես»:
«Երբ երկիրը սահմանները բացի ամբողջ աշխարհի առջեւ, ավելի հնարավորություններ կունենա: Շփումները կարող են նպաստել երկրի վերելքին: Դա կնպաստի թե’ մեր երկրին եւ թե’ մյուս երկրներին, որոնք որեւէ կերպ Իրանի կարիքն ունեն», - ընդգծեց իրանահայ լրագրողը:
Իսկ հարցին, թե ինչպիսի՞ ներքին քաղաքականություն կուզենար տեսնել Իրանում, Վարդան Դավթյանը արձագանքեց. - «Պայմանները ինչքան թույլատրելի լինեն աշխատանքի ասպարեզ գտնելու համար, աշխատանք ասելով` բազմակողմանի իմաստով եմ խոսում, կարող է նաեւ եւ միտք լինի, կարող է նաեւ խոսք լինի, կարող է նաեւ գրիչ լինի: Բնական է, որ այդպիսի պայմաններում հասարակությունը ընդհանրապես կարող է բարգավաճի եւ զարգանա»:


***


Նիւթը վերցւած է «Ազատութիւն» ռադիոկայանի կայքէջից

Հարկ է նշել որ վերջերս Վարդան Դավթյանը օժտւել է սեփական բլոգ ով " Տրամագիծ " որում ներկայացվում է լուրեր և վերլուծություններ


0 Պատգամ: