ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը
ԵՐԵՒԱՆ (ԵՐԿԻՐ) - Հայաստանի եւ Արցախի շուրջ այսօր կատարւող իրադարձութիւնները չափազանց վտանգաւոր միտումներ են բովանդակում մեր ազգային-պետական շահերի տեսանկիւնից:
Հետզհետէ մեծանում է Ադրբեջանի քաղաքական, տնտեսական կշիռը, Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային ասպարէզում միասնաբար փորձում են թուլացնել Հայաստանի դիրքերը՝ նպատակ ունենալով տարածաշրջանը դարձնել իրենց ազդեցութեան գօտի:
Այս իրավիճակում միակ ելքը մեր համախմբւածութիւնն է, հատւածական շահերից վեր կանգնելը եւ մեր արժանապատւութիւնն ու իրաւունքները պաշտպանելը:Կրկին արձանագրում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը շեղւել է Ազգային անվտանգութեան ռազմավարութեան եւ Ռազմական դոկտրինի հիմնարար դրոյթներից:
Որպէս հետեւանք չի գործնականացւում Հայաստանի Հանրապետութեան՝ որպէս ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգութեան եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխաւորն ու աջակիցը լինելու առանցքային դրոյթը, շարունակում է խոչընդոտւել Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը, չկայ համարժէք պայքար՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետեւողական հակահայկական գործողութիւնների դէմ, ներքին ու արտաքին քարոզչութեան մէջ ՀՀ արտգործնախարարութեան գործունէութիւնը մնում է խիստ անբաւարար:
Արցախի հարցում ինչ-ինչ արագացւած լուծումներ պարտադրելու համանախագահող երկրների փորձը վտանգում է մեր ազգային-պետական շահերը: Ադրբեջանն իր հերթին խօսում է բացառապէս ուժի դիրքերից՝ ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ անտեսելով ԼՂՀ-ի գոյութեան փաստը:
Ստեղծւած իրավիճակում մենք հեռատեսութիւն եւ քաղաքական կամք ենք պահանջում ՀՀ եւ ԼՂՀ-ի իշխանութիւններից, յորդորում տարածաշրջանում առաջնորդւել մեր ինքնուրոյն ուժն ու տեղն ապահովելու պատասխանատւութեամբ: Ակնկալում ենք, որ ՀՀ նախագահը չստորագրի երկու հանրաքւէների միջոցով Արցախի ժողովրդի արդէն իսկ արտայայտած կամքն անտեսող որեւէ փաստաթուղթ եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի ԼՂՀ-ն բանակցութիւնների մէջ որպէս լիիրաւ կողմ վերադարձնելու ուղղութեամբ:Այսօր մենք ուղղակի պարտաւոր ենք վերաիմաստաւորել եւ վերանայման ենթարկել Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը եւ նոր էջ բացել:
Դեռեւս կայ այդ հնարաւորութիւնը:Արտաքին քաղաքականութեան ասպարէզում առաջացած բացասական հետեւանքները վերացնելու եւ ազգային-պետական ուղեգիծը վերականգնելու նպատակով՝ պահանջում ենք ոլորտի անմիջական պատասխանատու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի հրաժարականը:


ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

0 Պատգամ: