ԱՐԵԳԱԿԸ ԽԱՒԱՐ ՑԱՆԵՑ...
ՈՒ ԱՊԱ ԻՐ ԳԹԱՌԱՏ
ՇՈՂԵՐԸ ՓՌԵՑ...
Այսօր առաւօտեան Թեհրանի արեգակն ամաչելով ու կամա՜ց, կամա՜ց ու առանց լուր տալու, իր երեսը հանեց գիշերւայ շղարշի տակից... Կենսատու արեգակը՝ չէր կարող իր շողերն արձակել տասնեակ հայորդիների չիրականացւած, բայց թաղւած հողակոյտի վրայ...
Արեգակն արդէն առաւօտեան արշալոյսից, դողդոջուն շողերով էր խցկտում բերանները բաց փորւած գանձարկղների մէջ.... արկղեր, որ քիչ յետոյ պիտի իրենց սառը գրկի մէջ առնէին այս անգամ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՐՕՏԻ ԶՈՀԵՐԻՆ, որոնք անշնչացան անմեղութեամբ ու առանց մեղաւորին ճանաչելու...
+++
Գնացինք բոլորս... դողղալով, տրտնջալով, չկամութեամբ, կամ ցանկութեամբ։ Ոտքերը քայլել չէր կամենում, սրտները տատանում են ապրում..., աչքները չեն հաւատում, այսքան փորւած փոսեր՝ ո՛չ ոք չէր տեսել .... այսքան դառնութիւն՝ ո՛չ ոք չէր ճաշակել, այսքան կուտակւած կարօտ ո՛չ մի տեղ չի բողբոջել... այսքան համախմբւած վիշտ ու կսկիծ, ո՛չ ոք չի ապրել........
Ու այս ահաւոր պահերում ու անասանելի ապրումների մէջ՝ այսքան բռնցքւած բողոք, պարսպւած ցասում, պահանջատիրութեան մէկտեղւած կեցւածք չէինք հանդիպել, բացագանչելով՝ թէ ինչո՞ւ..., եւ ո՞վ է այս արհաւիրքի, ընտանիքների քայքայման, սրտերի հատման, ծիլ արձակած սէրերի ցամաքումի, եւ մէկ խօսքով ՝ դաժանութեան անպատասխանատու «պատասխանատու»–ն....
+++
Եւ այս ապրումներով ու չհաւատալով, քայլե՜լ ու քայլե՜լ ու ահա կանգնել ենք տասնեակ կոկոն դագաղների առջեւ..., որոնց պարունակութիւնը՝ կեանք էին ու յոյս, սէր էին ու վարդ, բաբախող սրտեր, անյագ տենչեր՝ ճիշտ մէկ շաբաթ առաջ...Սգւորներս պատւոյ պահակներ ենք կարծես, շրջապատած՝ նոր կարօտի նոր զոհերի շարւած դագաղներին...
Ու այդ պահին մտածում ես թէ, ինչո՞ւ հիմա ենք յիշում պատւել ու սիրել ու յարգել... Բոլորս էլ ստիպւած ենք դառնում բացել աչքներս ու ատելով դիտել բացւած այն փոսերին, որոնց իւրաքանչիւրի կողքին լուռ ննջել են կարօտեալները, եւ որոնք քիչ յետոյ իրենց գրկերում են առնելու նրանց՝ որոնց սիրել ենք, կարօտել ենք, շոյել ենք, համբուրել ենք։ Նրանցով ուրախացալ ենք, յուզւել ենք, խանդավառւել ենք, եւ... դեռ չենք հաշտւել նրանց ֆիզիկական առյաւէտ բացակայութեան դառը իրողութեան հետ...
+++
...Բոլորը եկել են։ Ծանօթ, անծանօթ, բարեկամ– հարազատ, դրացի – ընկեր, թաղերից, հեռու եւ մօտիկ քաղաքներից, երկրներից։ Եկել են ու չգիտեն իրենց աչքերի առջեւ բացւած այս ահաւոր տեսարանի նկատմամբ, ի՞նչ պիտի անեն, ի՞նչ պիտի ասեն...
Բոլորը եկել են, ու ահա յուլիսեան կիզիչ արեւն արհամարհելով, ու վշտի ծանրութեան տակ կքալով, բաց աչքերով պիտի դիտեն թէ՝ լաց ու կոծի, աղմուկ աղաղակի ներքոյ՝ ինչպէս են փոսերի մէջ հանգիստ առնում սեւ չւերթի անմեղ զոհերը։Տեսարանն անասանելի տխուր է, եւ կացութիւնն աննկարագրելի... Թէ՝ չեն ուզում ժամանակն անցնի, ու թէ՝ նաեւ միաժամանակ չեն էլ ուզում ժամանակի անցումի մէջ վրիպւի հարազատներին՝ փոսերում դնելու ահաւոր տեսարանը...
Գողգոթա է կատարեալ..., ու վշտի մատուցարան, որտեղ մէկի փոխարէն՝ 37 խաչեր են կանգնեցրել, որպէս իւրաքանչիւր կարօտեալի նոր ու յաւերժական տան համարներ ու հասցէ... բայց վա՜յ մեզ նրանք վաղուց են հանգիստ առել Երկնային Արքայութեան մէջ՝ Աստծոյ հովանու տակ ու հրեշտակների հարեւանութեամբ։
+++
Չգիտեմ ինչպէ՞ս, կամ չեմ ուզում հաւատալ որ տեսայ թէ ինչպէս 37 անմեղ ու դեռ կեաքնը լիովին չվայելած պատանի – պարմանուհիների, երիտաարդ տղաների ու ջահել աղջիկների, գիտական, մշակութային ու հասարակական – ազգային գործիչների մարմիների մնացորդը պարունակող դագաղները տեղաւորւեցին փոսերի մէջ ու հանդա՜րտ ու դանդա՜ղ ծածկւեցին հողակոյտով։
Կարծես թէ ոչ ոք դագաղները հողով ծածկելու ցանկութիւն չունէր, բայց կատարւեց այն ինչ կարգն էր, ու մէկ ակնթարթում տարածքը ծածկւեծ հազարաւոր ծաղիկների թարմ ճիւղերով ու Նոր Բուրաստանը դարձաւ իսկական բուրաստան։ Հսկայական տարածքով ծաղկանոցից արդէն սկսեց բուրալ իւրաքանչիւր կարօտեալի քաղցր բուրմունքը....
+++
Արեգակը, որ առաւօտեան ամաչելով էր իր բաթաթ երեսը դուրս բերում գիշերւայ շղարշի միջից, մի պահ խաւար փռեց մեր այսքան տանջւած համայնքի վրայ, բայց դեռ վարկեաններ չանցած՝ ժպտաց նրանց ու այս անգամ իր կենսատու շողերը փռեց Նոր Բուրաստան գերեզմանատան այս յատուկ հատւածի վրայ։
Ու արեգակն աւետեց, որ երբ նրանք վերստին ծնունդով նորից աչքները բացեն, ինքն է ժպտալու նրանց երեսին՝ առաջին անգամ...
+++
Թէեւ թւում է թէ նանցից ոչ մէկը ցաւակցութիւն ընդունելու կարողութիւնը չունի՝ թէ՛ հոգական ապրումներով ու թէ՛ ֆիզիկապէս, ամռան այս աննախընթաց տոթի մէջ, բայց եւ այնպէս՝ շարք են կանգնոմ.... ու վշտակցողները գալիս են գնում, ասում ու խօսում, գրկում, համբուրում, հեկեկում,... բայց արդեօ՞ք այդ բոլորը կը մխիթարեն նրանց՝ որոնց սիրտն է փշրւել, տան սիւնն է ընկել... ու մէկ խօսքով՝ թիկունքն է ծալւել...
Թէ՛ աղէտի զոհերի ընտանիքները, եւ թէ՛ համայնքը որպէս աղէտի վշտահարներ, մի միայն մէկ դէպքում են մխիթարւելու, եւ այն է՝ «ի՞նչ էր պատահածը, եւ ինչո՞ւ պատահեց...»։
+++
Արեգակը կամա՜ց կամա՜ց ժպտում է, ու այս անգամ իր գթառատ շողերն է փռում Նոր Բուրաստան գերեզմանատան այս հատւածի վրայ։
... Բայց «Շողեր»ն ու «Նայիրի»ն այլեւս չեն ցուցադրելու Նայիրեան աղջիկների հեզաճկուն պարը շքեղ......
Բայց եւ այնպէս, ծաղիկներով ծածկւածների իւրաքանչիւրի յուշերը մնում են անմեռ, մնում են որպէս յաւերժական յուշ, առյաւէտ բուրող թարմ ծաղիկներ...
ՁԵՐԴ՝
ՎԱՐԴԱՆ
* Յ. Գ. – Սոյն յօդւածը գրւել է Յուլիսի 20– ին, սակայն լուրերի անմիջական տեղադրելու պատճառով, այսօր եմ նւիրում Կանրօտի Զոհերի յիշատակին

0 Պատգամ: