Թեմական խորհրդի նամակը Հանրապետութեան նախագահին
Թեհրանի Հայոց Թեմի ազգային առաջնորդարանի դիւանից ստացւած հաղորդագրութեամբ տեղեկանում ենք.
«Ի գիտութիւն՝ թեմիս վշտահար հայրենակիցների, յատկապէս յուլիսի 15-ի ցաւալի աւիավթարի զոհւածների ընտանիքների ու հարազատների՝ պիտի տեղեկացնենք, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը մի նամակ է յղել Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Ահմադինեժադին՝ ներկայացնելով մեր համայնքի մտահոգութիւնները եւ սպասելիքները»:
Թեմական խորհրդի հանր. նախագահին յղած նամակում մասնաւորաբար ասւած է.
«Յիշեալ չարաբաստիկ աղէտում ամենաեղերական մահով զոհւեցին 168 ուղեւորներ, որոնցից 161-ը իրանցիներ էին, որոնց թւում նաեւ Իրանի ջուդոյի երիտասարդական հաւաքականը, որոնք զոհւեցին այնպէս, որ չգտնւեց նրանց մարմինը՝ հողին յանձնելու համար:
«Թէեւ Դուք անմիջապէս ցաւակցութիւն յայտնեցիք եւ դէպքին յաջորդող օրերին երկրի պետական պաշտօնատարներ ու դէմքեր, վշտահար ընտանիքներին հանդիպելով, մասամբ սփոփեցին նրանց վիշտը, սակայն քանի որ կառավարութեան յարգարժան դահլիճը նոյնիսկ կէս օր ի յիշատակ զոհւածների՝ հանրային սուգ չյայտարարեց, դա վշտացրեց ոչ միայն տուժածների հարազատներին, այլ համարձակօրէն պիտի ասել՝ մեր մեծ թւով հայրենակիցներին նաեւ»:
Նամակի վերջում շեշտւած է. «Սակայն, այն, ինչ առաւել մտահոգում է աղէտալի պատահարի տուժածների հարազատներին եւ Թեմական խորհրդին՝ որպէս Իրանի մեծ հասարակայնութեան մէկ անդամ, այն է, որ ոչ միայն անցնող քանի օրերի, այլեւ վերջին տարիների դէպքերը ցոյց են տալիս, որ աւիաուղիներին տրւած մենաշնորհը եւ ուղեւորների անվտանգութիւնը հարկ եղած չափով չի հետաքրքրում ո՛չ աւիաընկերութիւններին, ո՛չ ճամորդատար օդանաւեր գնողներին եւ ո՛չ օդանաւակայանների պատասխանատուներին, այլապէս՝ այսչափ չարաբաստիկ դէպքեր եւ այն դէպքերը, որոնք, բարեբախտաբար, աւելի մեծ թիւ կազմելով՝ չեն ունեցել այսպիսի ողբերգական վախճան՝ չէին վտանգի ճամբորդների կեանքը եւ պատճառ չէին դառնայ երկրի վարկի նւազմանը՝ աւիաուղիների բնագաւառում, խնդիրներ, որոնք, բնականաբար, չէին կարող ցանկալի լինել Իսլամական Հանրապետութեան կառավարութեան համար ու չմտահոգել վարչակազմին:
«Անկասկած, շուտափոյթ քայլեր պիտի վերցնել, որով յանցաւորները եւ կամ յանցանք գործողներն ու անտարբեր անձինք, ովքեր պատճառ են դարձել այդ դէպքերի եւ այս վերջին պատահարին, յայտնաբերւեն ու ներկայացւեն եւ եթէ նոյնիսկ նրանք պատիժ չեն կրելու, գէթ գոնէ զրկւեն այն մեծ պատասխանատւութիւնից, որ ծանրանում է նրանց ուսերին եւ որի մասին թերեւս՝ կրօնական, բարոյական եւ օրինական առումով չունեն որեւէ գաղափար»,- մատնանշւած է Թեմական խորհրդի յղած նամակում:
Քաղւած «Ալիք» Օրաթերթից
0 Պատգամ:
Post a Comment