Ըստ Գագնկ Յարութիւնեանի`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներգրաւումը բանակցային գործընթացում տրամաբանական եւ ճիշտ որոշում կլինի
«Պէտք է յիշել, որ ԼՂՀ-ում կանգնած է յաղթած զինւած ուժ, այսինքն` դա մեզ պարտադրւած պատերազմով ձեռք բերւած հնարաւորութիւնն է»
ԵՐԵՒԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներգրաւումը բանակցային գործընթացում տրամաբանական եւ ճիշտ որոշում կլինի: Նման տեսակէտ յայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրէն Գագիկ Յարութիւնեանն այսօր հրաւիրւած ասուլիսի ժամանակ` ասւածը հիմնաւորելով նրանով, որ եթէ զինադադարի կնքման ժամանակ ԼՂՀ-ի իշխանութիւնը դրել է իր ստորագրութիւնը, ապա ինչու չի կարող մասնակցել բանակցութիւններին, առաւել եւս, որ հանդիսանում է հակամարտութեան անմիջական կողմ:
Գ. Յարութւնյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման սկզբունքների եւ ընդհանրապէս ԼՂՀ շուրջ ստեղծւած իրավիճակի մասին խօսելիս պէտք է տարանջատել երկու հարթութիւն` մարկրոքաղաքական եւ տարածաշրջանային քաղաքական:
Ըստ նրա` մակրոքաղաքականութեան արտայայտութիւնն էր ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համատեղ յայտարարութիւնը, ինչը վկայում է նոր աշխարհակարգի ձեւաւորման մասին, որտեղ բեւեռները մեկի փոխարէն մի քանիսն են: Բանախօսը նշեց, որ երեք նախագահների յայտարարութեան տեքստում տեղի է ունեցել նախկին փուլի իրողութիւնների ամրագրում:
«Օրինաչափութիւնն այն է, որ Կոսովոն ստացաւ անկախ պետութեան կարգավիճակ, ի վերջոյ ընդունւեց նաեւ Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի անկախութիւնը:Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հարցը մնացել էր չլուծւած եւ երեք գերտերութիւնների նախագահները դրա վերաբերեալ կատարեցին իրենց յայտարարութիւնը:
Այդ յայտարարութիւնը միակը չէր Իտալիայում կայացած գագաթաժողովում. այնտեղ այդ պետութիւնների համար ընդունւեցին մի շարք կարեւոր որոշումներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վերաբերեալ եղաւ միայն յայտարարութիւն եւ պէտք չէ այն գերագնահատել»,- ասաց Գագիկ Յարութիւնեանը:Նրա խօսքով` մակրոքաղաքականութեան ներկայ ակտիւութիւնը Հայաստանի, Ադրբեջանի եւ այս խնդիրների նկատմամբ պայմանաւորւած է նաեւ Թուրքիայի հետ կապւած խնդիրներով:
Ճիշտ չէ առանձին-առանձին գնահատել այն ամէնն ինչ կատարւում է Հայաստանի, ԼՂՀ-ի, Թուրքիայի հարթութիւններում: Գ. Յարութիւնեանը տարածաշրջանային քաղաքական հարթութիւնը եւս բաժանեց երկու մասի. մէկը` տարածաշրջանի տերութիւնների քաղաքական էլիտաների խնդրի ընկալումն է, միւսը` անվտանգութեան երաշխիքները:
Գ. Յարութիւնեանի համոզմամբ` ԼՂՀ անվտանգութեան միակ երաշխիքն այսօր ԼՂՀ-ում կանգնած հայկական զինւած ուժերն են: «Պէտք է յիշել, որ ԼՂՀ-ում կանգնած է յաղթած զինւած ուժ, այսինքն` դա մեզ պարտադրւած պատերազմով ձեռք բերւած հնարաւորութիւնն է»,- ասաց նա: Ըստ նրա` այժմ հակամարտութիւն չկայ, քանի որ հայկական կողմը յաղթել է դրանում:
ԼՂՀ-ն արդէն կայացած պետութիւն է, եւ այդ ձեւաչափի ցանկացած փոփոխութիւն կյանգեցնի ԼՂՀ անվտանգութեան նւազման: Հակամարտութիւնները սառեցւում են, իսկ յետոյ լուծւում են դէ ֆակտո գոյութիւն ունեցող վիճակով:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրէնը նշեց, որ ԼՂՀ որոշ տարածքների հանձնման մասին խօսելուց առաջ պէտք է յիշել, որ նախկին ԼՂԻՄ-ի որոշ տարածքներ գտնւում են Ադրբեջանի զինւած ուժերի վերհսկողութեան տակ:
Նա կարեւորեց նաեւ խաղաղապահների հարցը, թէ որ ուժերն են լինելու, քանի որ միջազգային պրակտիկայում շատ են դէպքերը, երբ նրանք չեն կարողացել իրականացնել իրենց առաքելութիւնը:
Գ. Յարութիւնյանի խօսքով` չնայած նման քաղաքական դասաւորւածութեան պարագայում նւազում է պատերազմի հաւանականութիւնը, սակայն այն բացառելու միակ ձեւը պատերազմին մշտապէս պատրաստ լինելն է:
0 Պատգամ:
Post a Comment