Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան հերթական նիստը


Երէկ Յուլիսի 16–ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսեանը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, մինչեւ նիստն սկսելը կառավարութեան անդամները մէկ րոպէ լռութեամբ յարգել են Յուլիսի 15-ին Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռի վթարից զոհւածների յիշատակը:
Այնուհետեւ վարչապետի յանձնարարութեամբ աւիավթարի կապակցութեամբ ստեղծւած միջգերատեսչական յանձնաժողովի կողմից կառավարութեանը տեղեկութիւն է տրւել աղէտից զոհւածների որոնողական աշխատանքի ընթացքի, զոհւածների հարազատների` դէպքի վայր մեկնման, զոհւածների աճիւնների տեղափոխման եւ խնդրին առնչւող միւս խնդիրների լուծման ուղղութեամբ իրականացւող միջոցառումների մասին:
Օրակարգային հարցերի թւում կառավարութիւնը քննարկել է աւիավթարի հետեւանքով զոհւած Հայաստանի քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին պետական աջակցութիւն ցուցաբերելու հարցը:
Որոշւել է 7,500.0 հազար դրամ յատկացնել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեանը` աղէտից զոհւածների յուղարկավորութեանը, գերեզմանների տապանաքարերի պատրաստմանն ու տեղադրմանն աջակցելու նպատակով (իւրաքանչիւր զոհւածի հաշւով` 1,500.0 հազար դրամ):
Եւս 675.0 հազար դրամ է յատկացւել Երեւանի քաղաքապետարանին` յուղարկաւորութեանն աջակցելու նպատակով քաղաքապետարանի «Բնակչութեան յատուկ սպասարկում» ՓԲԸ-ին տրամադրելու համար (իւրաքանչիւր զոհւածի հաշւով` 135.0 հազար դրամ):
Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին թոյլատրւել է զոհւածների յուղարկաւորությունը կատարող անձանց կանխիկ տրամադրել յատկացւած միջոցները:
Հայաստանի ֆինանսների նախարարութեանը թոյլատրւել է նախարարութեան աշխատակազմի գանձապետական բաժնում բացել գանձապետական արտաբիւջետային ժամանակաւոր հաշիւ` աւիավթարից զոհւած ՀՀ քաղաքացիներ հանդիսացող անձանց ընտանիքներին նիւթական օգնութիւն ցուցաբերելու նպատակով ֆիզիկական եւ իրաւաբանական անձանցից հանգանակւող միջոցների հաւաքման եւ դրանք ըստ հանգանակողների կողմից նշւած ուղղութիւնների ծախսելու համար:

0 Պատգամ: