ԱՄՆ-ում ձերբակալւել է Լոս
Անջելեսում Հայաստանի
նախկին հիւպատոս՝ Նորայր
Ղալումեանը




29.07.2009

Տիգրան Աւետիսեան, Յովհաննէս Շողիկեան

Երկու տարի տեւած ուսումնասիրութիւնների արդիւնքում, երեքշաբթի օրը Միացեալ Նահանգներում ձերբակալւել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հիւպատոս Նորայր Ղալումեանը:
Նորայր Ղալումեանը Լոս Անջելեսում հիւպատոս է եղել 1999-2003 թւականներին:
Նախկին հիւպատոսը եւ եւս 4 անձինք մեղադրւում են իմիգրանտներին (արտագաղթողներին) կեղծ փաստաթղթեր տրամադրելու մէջ:
Ըստ ամերիկեան Ներգաղթային եւ մաքսային ծառայութեան պաշտօնեաների` Ղալումեանը եւ միւսները մեղադրւում են վտարման ենթակայ արտագաղթողներին նամակներ վաճառելու մէջ, որոնցում ասւած էր, թէ Հայաստանը ճամբորդական փաստաթղթեր չի տրամադրելու այդ անձանց:

Այդ նամակները խոչընդոտել են, որպէսզի ԱՄՆ-ի կառավարութիւնը իմիգրանտներին յետ ուղարկի Հայաստան:
Ներգաղթային եւ մաքսային ծառայութեան խօսնակ Վիրջինիա Քայսի խօսքերով` վաճառւել է նման շուրջ երկու տասնեակ նամակ, իւրաքանչիւրը` 35 հազար դոլարով:
Ղալումեանը եւ միւսները մեղադրւում են Ներգաղթային եւ մաքսային ծառայութեան գործավարութիւնը խոչընդոտելու մէջ, ինչի համար սահմանւած ամենախիստ պատիժը 5 տարւայ ազատազրկումն է:
Նորայր Ղալումեանը 52 տարեկան է, բնակւում է Բըրբանքում: Միւս ձերբակալւածներն են` Գլենդէյլի 54-ամեայ բնակիչ, հիւպատոսութեան նախկին աշխատակից Յակոբ Յովսեփեանը, ներգաղթի հարցերով փաստաբան 41-ամեայ Մարգարիտա Մկրտչեանը` նոյնպէս Գլենդէյլից, 36-ամեայ Օգանէս Նարդոսը` Վալենսիայից, եւ Գլենդէյլի 47-ամեայ բնակիչ Էլվիս Մադաթեանը:
Ամերիկեան պատկան մարմինների վկայութեամբ` կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրւում են քրէական յանցագործութիւնների համար:
«Ասոշիէյթեդ փրէս»-ի փոխանցմամբ` Լոս Անջելեսում Հայաստանի գործող հիւպատոս Գրիգոր Յովհաննիսեանը ասել է, թէ՝ ցնցւած է կատարւածից:
Տեղի ունեցածի կապակցութեամբ Հայաստանի արտգործնախարարութեան մամլոյ խօսնակի պաշտօնակատար Տիգրան Բալայեանը «Ազատութիւն» ռադիոկայանին յայտնեց, որ լուրը ճշտւում է, եւ յաւելեալ տեղեկատւութիւն կը հաղորդեն աւելի ուշ:
Լոս Անջելեսում Հայաստանի հիւպատոսութեան աշխատակից Սահակ Սարգսեանը, ինչպէս նաեւ ամերիկահայ լրագրող, հրապարակախօս Օշին Քեշիշեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ հեռախօսազրոյցում հաստատեցին ձերբակալութեան փաստը:
Աւելի ուշ տեղեկատւութիւն ստացւեց, որ Ղալումեանին եւ նրա հետ ձերբակալւած անձանցից եւս երեքին` բոլորն էլ հիւպատոսութեան նախկին աշխատակիցներ, գրաւով ազատ են արձակել:
Ձերբակալւածներից մէկին, ով հիւպատոսութեան աշխատակից երբեւէ չի հանդիսացել, ազատ չեն արձակել նույնիսկ գրաւով:
Ըստ «Ազատութիւն» ռադիոկայանին հասած տեղեկությունների` փաստաթղթերի կեղծման այս գործի հետաքննութեամբ ամերիկացի իրաւապահները զբաղւել են մի քանի տարի շարունակ:
Կասկածեալների մերձաւոր շրջապատ է ներդրւել։ Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի գործակալ, ով պարբերաբար տեղեկատւութիւն է հաղորդել գործը հետաքննող քննիչներին:

0 Պատգամ: