ԴԻՏԱՆԿԻՒՆ
Ե՛ւ սուգ, ե՛ւ ցասում, ե՛ւ բողոք...
Յուլիսի 15-ի չւերթային սոսկալի աղէտի հետեւանքները դեռ երկար ենք կրելու ամենքս եւ առաւել եւս՝ անմիջական հարազատները, որոնց մխիթարելու, սփոփելու ոչ մի բառուբան ի զօրու չէ... ու այդպիսով էլ՝ համատարած սուգի, վշտի ու ցաւի ծանրագոյն պահերը համակել են բոլորին:
Սուգը, սակայն, կրկնակի ու բազմակի է դառնում եւ խոշոր ծաւալ ստանում ու վերածւում է ցասումի, բողոքի ու դատապարտանքի, քանզի աղէտի (արդէն քանիերորդ անգամը լինելով վերջին 1.5 տասնամեակում) դրդապատճառների հիմքում ընկած է անփութութիւնը, անպատասխանատւութիւնը՝ մարդկային կեանքի հանդէպ:
Եւ իրաւացիօրէն ճիշտ գնահատական էր տալիս հայաստանցի օդաչու-մասնագէտ կապիտան Խառատեանը, երբ նման անփութութեան բուն պատճառը համարում էր կեղտոտ-շահամոլական փողը՝ ռուսական աւիացիոն տոպոլովեան տարբերակով...
Այստեղ, սակայն, մեղքի բաժին է վերապահւած իրանական աւիացիոն ընդհանուր կազմակերպութեան ու ինքը՝ տրանսպորտային նախարարութեան, որոնք իրենց հերթին տարբեր բողոքներին ու զգուշացումներին անտես՝ դասեր չառան նախկին բազմաթիւ նմանօրինակ պատահարներից ու մարդկային աղէտներից եւ յամառութեամբ շարունակեցին կառչած մնալ ռուսական տեխնոլոգիայի փտած սարքերին:
Իսկ ո՞ւր էր տրանսպորտի նախարարը, երբ միջազգային օրինաչափութիւնների (եթէ ոչ մարդկային տարրական չափանիշերի) համաձայն՝ նման դէպքերում առաջինը ինքը պէտք է ներկայացնի իր հրաժարականը:
Այս վերջինը, ըստ լուրերի, վաղը հարցապնդւելու է խորհրդարանի պատկան յանձնաժողովի կողմից, մինչդեռ բարի չեղաւ նոյնիսկ մի քանի րոպէով (թէկուզ ուշացումով) ներկայ գտնւել աղէտի վայրում:Եւ այսպէս՝ սգոյ ամբողջ ծանրութիւնը ուղեկցւեց անզուսպ ցասումի ու բողոքի արտայայտութիւններով, որոնք նաեւ ու մանաւանդ արդիւնքն էին «ազգային» կոչւող ռադիօ-հեռուստատեսութեան երիցս անպատասխանատու պահւածքի, որը դէպքի սկզբնական պահերի ու բուն պատահարի մասին «լրատւութիւնից» յետոյ այլեւս մոռացաւ մարդկային այդ խոշոր աղէտի մասին լրացուցիչ, սփոփիչ տեղեկատւութիւններ հեռարձակել... ու գլխաւոր լրատւութեան կադրերում Մաշհադ այցելած Ահմադինեժադին դիմաւորողների տօնախմբութիւնը զետեղեց:
Ինչեւէ, սուգը, բողոքն ու ցասումը յատկապէս հարազատների համար չեն վերադարձնելու թանկագին կորուստները, բայցեւայնպէս՝ կարող են նւազագոյնը ազդել ու ազդարարել դեռեւս այն պատասխանատուներին, որոնց մտքում ու հոգում ցայժմ առկայ է խղճի ու մարդկային ազնւութեան որեւիցէ նշոյլ, որպէսզի գոնէ կանխւեն եւ այլեւս ականատես չլինենք ապագայում «տոպոլովեան» աղէտների ու արհաւիրքների:
Իսկ վերջում պէտք է ընդգծել, որ ինչպէս տուժածների անմիջական հարազատների, այնպէս էլ մեր ազգային-թեմական մարմինների անվերապահ իրաւունքն ու պարտաւորութիւնն է, որպէսզի ողջ իրանահայ համայնքի առանց այն էլ վիրաւոր հոգու եւ մարմնի վրայ ստեղծւած վէրքը մասամբ սպիացւի՝ դատա-իրաւական պատշաճ ու հետեւողական պահանջադրութիւններով:
1 Պատգամ:
Այն ինչ պատահեց պիտի մեզ արթնացնի... խնդրում եմ մեր ազգային իշխանութիունից համապատասխան դիրքորոշմամբ հանդես գա
Post a Comment