ԶՈՀԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ
ԱՐԴԷՆ ՆՈՐ ԲՈՒՐԱՍՏԱՆ
ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆՈՒՄ ԵՆ
Նախապէս տեղեկացրինք, որ Այսօր (Յուլիս 18) առաւօտեան ազգային առաջնորդարանում տեղի է ունեցել տխուր չւերթի զոհերի յիշատակը նշելու եւ յուղարկաւորման ու թաղման արարողութիւնները կազմակերպելու յատուկ մարմնի հանդիպումը։
Թեմակալ առաջնորդից բացի արարողութիւնների եւ այլ հարցումների մասին դիմեցինք նաեւ Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի ատենապետ՝ դոկտ. Այիդա Յովհաննիսեանին, որի տրւած պատասխանները մէկտեղւած՝ տալիս ենք ստորեւ.–
«Վաղը Յուլիս 19–ին Ս. Սարգիս եկեղեցում տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն եւ եթէ պետական հիւրեր լինեն, Սրբազան Հայրը ցաւակցութիւններ կընդունի ազգային առաջնորդարանի դահլիճում, իսկ միւսների համար ցաւակցութիւնները ընդունւում են եկեղեցու բակում։
«Երկուշաբթի, յուլիսի 20-ին տեղի կունենայ զոհերի թաղման կարգը, որը կը կատարւի առանձին մէկ բաժնում, որ նախատեսւել է նոր Բուրաստան գերեզմանատանը, վթարի զոհերի համար։
Ընտանիքներից որեւէ մէկը, որ ցանկութիւն ունենայ առանձին ընտենական դամբարանում թաղում կատարել, դա իրենց ընտրութիւնն է, ու կը կատարւի ինչպէս իրենք են ցանկանում։
Թաղման արարողութիւնից յետոյ ընդհանրական ցաւակցութիւնների համար ընդունելութիւն է նախատեսւել «Արարատ» մարզաւանում։
«Դարձեալ եթէ ընտանիքներից որեւէ մէկը ցանկութիւն ունենայ նաեւ առանձին ընդունելութիւն կազմակերպպի, նորից մնում է իրենց, բայց մենք կազմակերպում ենք ընդհանուր ցաւակցութիւնների ընդունելութիւն։
«Դէպի Նոր Բուրաստան կատարւելիք երթեւեկի համար, ընտանիքների անձնական յարմարութիւններից բացի, Թեմական Խորհուրդը նաեւ հանրակառքեր է նկատի առել, որոնք կը մեկնեն Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներից։
«Զոհերի մարմիններն արդէն Թեմական խորհրդի ներկայացուցչի եւ պատգամաւորների ներկայութեամբ յանձնւել են ընտանիքներին եւ տեղափոխւել են Նոր Բուրաստան գերեզմանատուն»։
Յարկ է նշել, որ այսօր առաւօտեան տխուր վթարի զոհերի ընտանիքները Թեհրանի Հայոց Ազգային Առաջնորդարանում հանդիպում են ունեցել Սրբազան հօր եւ ազգային իշխանութեան պատասխանատու մարմինների հետ։
0 Պատգամ:
Post a Comment