Թաւրիզի հայոց ազգային դպրոցի 2008-2009 ուսումնական տարեշրջանի աւարտական հանդէս .
Թւականիս յունիսի 25-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, Թաւրիզի «Հ. Ոսկանեան» ազգային սրահում տեղի ունեցաւ հայոց ազգային դպրոցի 2008-2009 ուսումնական տարեշրջանի աւարտական հանդէսը, որը կազմակերպւել էր հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Նշան եպս. Թոփուզեանի եւ Թեմական խորհրդի ու հայոց ազգային դպրոցի ծնողական խորհրդի եւ Գրական-գեղարւեստական յանձնախմբի նախաձեռնութեամբ:
Այս միջոցառմանը ներկայ էին՝ Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, հայոց ազգային դպրոցի հոգաբարձութեան անդամներ, ազգային մարմիններ եւ միութիւնների ներկայացուցիչներ, աշակերտութեան ծնողներ եւ մեծ թւով հանդիսականներ:
Ծրագիրը սկսեց Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգով, որից յետոյ օրւայ միջոցառման բացման խօսքով արտայայտւեց հայոց դպրոցի ուսուցչուհի տկն. Լուսիկ Դանղեանը:
Բացման խօսքից յետոյ հայոց ազգային դպրոցի տարրական օղակի իւրաքանչիւր դասարանի աշակերտ-ուհիները առանձին խմբերով բեմ բարձրանալով՝ հանդիսատեսին ներկայացան արտասանութիւններով, մեներգութեամբ, առակների ներկայացմամբ, իսկ երբ առաջնից մինչեւ հինգերորդ տարրական օղակի բոլոր աշակերտները համախմբւեցին բեմում, հայոց դպրոցի երգի ուսուցչուհի եւ երգչախմբի խմբավար օր. Նարինէ Սայեադեանի ղեկավարութեամբ կատարեցին խմբերգեր եւ արժանացան ներկաների գնահատանքին:
Հայոց դպրոցի աւարտական այդ հանդէսին նոյն դպրոցի մի խումբ աշակերտ-ուհիներ դերուսուցութեամբ արւեստագիտուհի տկն. Մարուսիա Վահրամեանի, թատերական խաղարկութեամբ հանդիսատեսին ներկայացրին «Տժվժիկ»-ը:
Աւարտական այդ հանդէսի երկրորդ բաժնում Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տեսչուհի տկն. Արմինէ Վահրամեանը արտայայտւեց՝ հանդիսատեսին ներկայացնելով հայոց դպրոցի 2008-2009 ուսումնական տարեշրջանի գործունէութիւնը:
Օրւայ միջոցառման շարանում տեղ էր գրաւել հայոց դպրոցի մի խումբ աշակերտուհիների պարային ելոյթներ, որոնք արժանացան բուռն գնահատանքի:
Հանդիսութեան վերջին բաժնում պարսկերէն եւ հայերէն առարկաներում գերազանցիկ աշակերտ-ուհիները հերթականօրէն բեմ հրաւիրւելով՝ ստացան գնահատագրեր: Պարգեւատրւեցին նաեւ 2008-2009 ուսումնական տարեշրջանի ընթացքում մարզանքի եւ արւեստի բնագաւառներում ուսումնադաստիարակչութեան հիմնարկի կազմակերպած մրցոյթներում յաջողութիւններ արձանագրած հայոց ազգային դպրոցի աշակերտ-ուհիները:
Աշակերտութեանը պարգեւատրելու համար՝ բեմ էին հրաւիրւել Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամներ՝ դոկտ. Վազգէն Գրիգորեանն ու դոկտ. Արա Մելիքեանը (նաեւ հայոց թեմի հոգաբարձութեան անդամ), Թեմական խորհրդի անդամ պրն. Ռուբիկ Ջանանէն, Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, հայոց դպրոցի հոգաբարձութեան անդամ պրն. Արթուր Գէորգեանը եւ Թաւրիզի հայոց դպրոցի կողքին իր մշտական բարերարութեամբ կանգնած վաղեմի եւ վաստակաւոր արծաթագործ պրն. Գուրգէն Այւազեանը:
Գերազանցիկ աշակերտների այս պարգեւատրմանը մասնակցում էր նաեւ հայոց դպրոցի տեսչուհի տկն. Արմինէ Վահրամեանը:Օրւայ միջոցառման այդ բաժնում աշակերտների պարգեւատրումից յետոյ՝ պարգեւատրւեցին նաեւ ուսումնադաստիարակչութեան հիմնարկի կողմից գնահատանքի արժանացած հայոց դպրոցի ուսուցչուհիներ՝ տկն. Անահիտ Մարգարեանն ու Մարինա Դանղեանը:Պարգեւատրումներից յետոյ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը գնահատանքի խօսք ասաց օրւայ հանդիսութեան կազմակերպման համար:
ԹՂԹԱԿԻՑ (Թաւրիզ)
Քաղւած՝ «ԱԼԻՔ»–ից
0 Պատգամ:
Post a Comment