ԵՍ ԷԼ ԵՄ ԹԱՂՒԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ...
«ՇԱՀԷՆԻ ԲԱԽՏԸ ՉԸ ԲԵՐԵՑ»՝ ԻՐ ԱՍՈՒԹԵԱՄԲ
Խոր կսկիծով էր ինձ յայտնում, այն մասին, որ ինքն էլ պիտի լինէր այն թռիչքի մէջ, որը վթարի ենթարկւելով կոչւեց՝ «Տխուր թռիչք»։
Շաէն Աբգարեանը, որ չէր ուզում հաւատալ այն ինչ պատահել էր, խօսելով իր եւ «Տխուր թռիչք»–ի զոհերից՝ հանգուցեալ Արա Սիրոյեանի մասին ասաց.– «Ես Արայի մտերիմ ընկերներից էի, պիտի նոյն օրը՝ յուլիսի 15–ի «Քասփիան»–ի 7908 համար թռիչքով Արայի հետ Երեւան մէնէի։
Արան, որ Հայաստանում քարի մշակման գործով էր զբաղւում, նոր էր վերադարձել Չինաստանից։
Թէեւ արդէն ինքնաթիռի տոմսը գնել էի, սակայն պահեր առաջացան, որի հետեւանքով ես չէի կարող գնալ ու նրանից էլ ուզեցի, որ դեռ չմեկնի ու մի շաբաթ հանգստանալուց յետոյ միասին Հայաստան գնանք։
«Արան հրաժարւեց իմ առաջարկն ընդունելուց, քանի որ ժամկէտով աշխատանքներ ունէր Հայաստանում ու ցանկանում էր անպայման վերադառնալ Հայաստան։
«Նա գնաց ու դժբախտաբար պատահեց այդ տխուր ու աննախընթաց պատահարը»։ Շահէնը շատ ցաւով է ակնարկում այն հարցին, թէ.– «Ես բոլորովին ուրախ չեմ, որ այդ թռիչքում չեմ եղել ու դեռ կենդանի եմ, իրականութեան մէջ այդ համազգային աղէտի մէջ ես էլ թաղւեցի, միւս հայրենակիցներիս հետ միասին»։
Շահէն Աբգարեանը նշելով, որ ինքը Արայի հետ մտերիմ ընկերներ են եղել ու շաբաթւայ գրեթէ բոլոր օրերը, օրական 5–6 ժամ միասին էին ժամ անցկացնում աշխատանքով, աւելացնում է, որ Արա Սիրոյեանը, որ չափազանց կապւած է եղել Հայաստանին, ու բոլորովին չէր ցանկանում արդիւնաբերութեան ասպարէզում որեւէ գումար դուրս գնայ Հայաստանից, մանաւանդ մարմար եւ գրանիթ քարերի օգտագործման բնագաւառում, ինքը քարի մշակման աշխատանքներ էր տանում ու խանութներից բացի ունէր նաեւ հանքեր, երկիրը այդ ասպարէզում ինքնաբաւ դարձնելու համար, իր կարողութեան սահմաններում։
«Նա մասնագէտ ինժիներ, աշխատասէր ու հզօր անհատականութեան տէր մարդ էր ու ամէն միջոցի դիմում էր, որպէսզի իրականացած տեսնէր իր հայրենասիրական իդիալները, եւ մենք ընկերներս էլ նոյն նպատակով միմեանց աջակցում էինք»։
Ինքը՝ Շահէնը, որ նոյնպէս Հայաստանում ճարտարարւեստական աշխատանքներով է զբաղւում ու պրոգրամային մեքենայաշինութեան արդիւնաբերութեան ու վերանորոգման ոլորտում աշխատանք է ծաւալել, ցաւով է անդրադառնում այն մասին, թէ՝ դժբախտաբար տեղեկացել է, որ իր վերադարձրած տոմսի հետեւանքով, արժանաւոր ազգային, հասարակական գործիչ ու խորհրդարանի նախկին պատգամաւոր՝ դոկտ. Լեւոն Դաւթեանին յաջողւել է տոմս ապահովել ու չւել այդ տխուր թռիչքով։
Շահէնը, որ շատ ցաւով է անդրադառնում այդ հարցին նշում է թէ շատ լաւ յուշեր ունի դոկտ. Լեւոն Դաւթեանի անհատականութիւնից ու անձնւիրւածութիւնից՝ մանաւանդ Թեհրանի «Սարդարապատ» քաղաքամասում։
***
Խորապէս վշտակցելով Արա Սիրոյեանի ու միւս բոլոր անմեղ զոհերի հարազատներին, տխուր չւերթի «Հայրենիքի Կարօտի Զոհ» դառնաելու համար, խնդրամատոյց ենք բոլոր նրանք, որոնք յուշեր կամ յիշարժան լուսանկարներ ունեն զոհերից՝ տրամադրել մեզ, որպէսզի դրանք դառնան բոլորի սեփականութիւնը։
0 Պատգամ:
Post a Comment